USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 15 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀԽ-ն և «Սասնա Ծռեր»-ը պատրաստ են զորակցել ոչ միայն ՕՐՕ-ին այլեւ ցանկացած ուժի, ով կհայտարարի ընդվզման գնալու մասին Hraparak
2017-03-28 12:10:00
Տպել Տպել

Հարցազրույց «Հիմնադիր Խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանի հետ
-Հաց բերողի մահվան մեջ մեղադրում էիք գործող իշխանությանը: Բացի մեղադրելուց, այլ քայլեր ձեռնարկելո՞ւ եք:
Միանշանակ անմիջական մարդասպանը նարիմանովական ռեժիմն էր, ու նրան ծառայողները: Արթուր Սարգսյանի առաջին կալանքը անօրինական էր, քանի որ նա տառապում էր այնպիսի հիվանդությամբ, որի դեպքում կալանքի մասին խոսք լինել չէր կարող: Նա Նուբարաշենում կորցրեց իր շատ փխրուն առողջությունը: Հետո եղավ երկրորդ ձերբակալումը, որն աղաղակող ապօրինություն էր, և, որի դեմ Արթուրն ընդվզեց անժամկետ հացադուլ հայտարարելով: Ապօրինի այդ ձերբակալման հակամարդ հեղինակները միտումնավոր կերպով նրան երկար ժամանակ չէին ազատում և ձգձգում էին, որն էլ եղավ նրա առողջության վերջնական քայքայման պատճառը: Մինչ այսօր դեռ չի տրվել Արթուրի դիահերձման արդյունքի պաշտոնական ձևակերպումը, որը, եթե իհարկե չկեղծվի, կտա սպառիչ պատասխան, թե ինչու այդպես եղավ և ինչու չդիմացավ այդ մեծ սրտի տեր մարդու սիրտ-օրգանը: Արթուրի հուղարկավորության առիթով ձևավորված հանձնաժողովը չի դադարում աշխատել:
-Արթուր Սարգսյանը հուղարկավորվեց բետոնե փոսի մեջ, հետագայում նրա աճյունը այլ տեղում ամփոփելու համար: Դիմելո՞ւ եք՝ կառավարությանը, որպեսզի թույլ տան նրա աճյունը Եռաբլուրում ամփոփել:
Իհարկե, դիմել ենք մահվան հենց հաջորդ առավոտյան: Ցավոք, նարիմանովյան ռեժիմը գտնվեց իրեն հատուկ ճղճիմ և քինախնդիր դերում և թույլտվություն այդպես էլ չստացվեց: Պաշտոնապես դիմում է հղվել և ընտանիքի, և Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման կողմից: Հանձնաժողովը, ինչպես ասացի, շարունակում է իր աշխատանքը: Արթուրի հուղարկավորումը կատարվեց դամբարանատիպ ստորգետնյա շինությունում, որտեղ անցկացված է օդափոխիչ համակարգ: Այդպես հնում հուղարկավորել են արքաներին: Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա, որ շինությունը բետոնապատ ծածկ ունի, ծածկված հողային մակերեսով: Սա արված է, որպեսզի Արթուրի դագաղը հողի հետ շփումից հեռու գտնվի, որը և այն անվնաս կպահի երկար ժամանակ: Այս գաղափարի հեղինակը Արթուրի հուղարկավորության հանձնաժողովի անդամ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: Իսկ նպատակը՝ Արթուրին հետագայում ավելի արժանավայել տեղում հուղարկավորելն է, նրան վայել պատվի արժանացնելը: Հանձնաժողովը այս պահին փաստեր է հավաքում կապված Արթուրի կենսագրության հետ, և կարծում եմ ինքը հայտարարությամբ հանդես կգա և կձեռնարկի միջոցներ:
Արթուրի վերահուղարկավորման և նաև մահվան պատճառ հանդիսացողներին ու պատասխանատուներին պատժի հարցը միշտ լինելու է օրակարգում: Ի դեպ, զրպարտանքներ են տարածվում, որ հանձնաժողովը հրաժարվել է Արթուրին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու գաղափարից: Սակայն դա այդպես չէ: Պարզապես, հարգելով և ընտանիքի, և նրա մտերիմների ցանկությունը Արթուրի հուղարկավորության ժամկետը չձգձգելու վերաբերյալ, որպեսզի Արթուրի չարչրկված մարմինը կրկին անգամ չտանջենք ձգձվող որոշումներով, լուծումներով, սպասումներով և բողոքներով, որոշվեց իրականացնել նման հուղարկավորություն, մինչև որ լուծումներ կգտնվեն: Եվ դա միանգամայն ճիշտ որոշում էր, քանի որ այդ պահին սպասելիքներ չկային, որ Արթուրի հակամարդ դահիճները ուշքի կգան և պաշտոնական թույլտվություն կստացվի հուղարկավորթյունը Եռաբլուր պանթեոնում կազմակերպելու համար: Այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է:
-Հիմնադիր Խորհրդարանը ապրիլի երկուսին գնալո՞ւ է ընտրության՝ որպես քաղաքացի, թե՞ բոյկոտելու եք: Բոյկոտը համարում եք արդյունավետ միջո՞ց:
Ես արդեն քանի տարի բոյկոտում եմ Հայաստանում ցանկացած ընտրական գործընթաց: Պարզ է, որ մենք մեր հավատամքից հրաժարվող չենք: Ըստ դասական տեսակետի, ընտրությունները բոյկոտի միջոցով խափանելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ուժերի մեծամասնությունը չմասնակցի դրանց, սակայն մենք դասական իրավիճակում չենք գտնվում: Այս պահին չկա այդ կամքը հատկապես քաղաքական ուժերի մոտ: Հիմնադիր խորհրդարանի ու «Սասնա Ծռեր»-ի հայտարարության մեջ տրված են առաջարկված բոյկոտի երկու նպատակները: Նախ որ զորաշարժի ենթարկվեն այս համակարգը և նրա կանոնները մերժող և ընդվզման պատրաստ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը և ստեղծվի քաղաքացիական աշխարհազորի նախավիճակ, և երկրորդը, որ իրավաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով ակնհայտ դառնա վարչակազմի վերարտադրության մեխանիզմի վերածված ընտրությունների ոչ լեգիտիմ լինելը: Եվ քանի որ չկա նման կամք քաղաքական ուժերի և քաղաքացիների ջախջախիչ մեծամասնության մոտ, ապա մենք՝ ինքներս, բոյկոտելով հանդերձ, ազատ ենք թողնում և հանգիստ ենք նայում այդ հանգամանքին: Վստահ ենք, որ հետընտրական զարգացումներում ընտրության մասնակցող ժողովուրդը կրկին անգամ հասկանալու է, որ փրկությունը միայն ընդվզման մեջ է: Եվ հենց դրա համար ՀԽ-ն և «Սասնա Ծռեր»-ը բոյկոտողներին և ընտրություններին մասնակցողներին կոչ են անում լինել համերաշխ և ընդվզման միջոցով համակարգից դուրս տրամաբանությամբ լուծել խնդիրը: Բոյկոտող քաղաքացիներին և ընդդիմադիր քաղաքական ուժերին կոչ ենք անում ստանձնել մոբիլիզացիայի առաջամարտիկի դերը, և մինչև ապրիլի 2-ը ստեղծել կազմակերպական մարմին ու սկսել ժողովրդի վստահության կառավարության ձևավորման գործընթացը:

Ընտրություններին մասնակցող քաղաքացիներին կոչ ենք անում ձայն տալ այն քաղաքական ուժին, որը պատրաստակամություն կհայտնի կազմակերպել հետընտրական ընդվզման գործողություններ: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կոչ ենք անում քարոզարշավն օգտագործել ժողովրդին ոտքի հանելու նպատակով, իսկ նրանք, ովքեր մինչև ապրիլի 2-ը չեն միանա այս գործընթացին, սակայն ապրիլի 2-ից հետո պատրաստ կլինեն ընդվզման՝ համակարգից դուրս տրամաբանությամբ, կարող են միանալ այդ ժամանակ: Իսկ նրանք, ովքեր կանտեսեն և կմնան համակարգի մեջ, բնականաբար, պետք է համարվեն գաղութային վարչակազմի մաս և առաջիկա համաժողովրդական ընդվզման թիրախներ դառնան:

Մեր պատկերացմամբ, ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձևավորվի այլընտրանքային ձևաչափով, քաղաքական և հասարակական միավորումների լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում՝ ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ:
-Տեւական ժամանակ է՝ լուրեր են պտտվում, որ ՀԽ-ն աջակցում է ՕՐՕ դաշինքին:
ՀԽ-ն վաղուց ի վեր հայտարարել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ակնկալում է 4 հարցի հստակ դիրքորոշում, որպեսզի որոշի իր վերաբերմունքը որևէ ուժի նկատմամբ: Շատ ենք թվարկել հարցերը, դրանք են հստակ վերաբերմունք ներկայիս վարչախմբի, Արցախի հարցի լուծման, ապագաղութացման և ինքնիշխանության, և «Սասնա Ծռեր»-ի գործողության ու քաղբանտարկյալների վերաբերյալ: Եվ նաև՝ հետընտրական զարգացումներին մասին: Այսինքն, թե արդյոք տվյալ ուժը պատրաստ է ընդվզման և զորաշարժի կեղծված ընտրություններից հետո: Այսօրվա դրությամբ ՕՐՕ դաշինքը իհարկե որոշակի չափով խոսել է այդ հարցերի մասին, բայց դա դեռ բավարար չէ, որպեսզի ՀԽ-ն հայտարարի, որ միանշանակ աջակցում է դաշինքին:
-Ինչպես կմեկնաբանեք այն, որ «Սասնա ծռեր»-ը ողջունեցին ՕՐՕ դաշինքին, մինչդեռ ամիսներ առաջ պնդում էին, որ որեւէ քաղաքական ուժի կողքին չեն կանգնելու:
Դե, իհարկե նման դեպքերում միշտ էլ չարաշահումներ կամ թյուրըմբռնումներ լինում են: Նման հայտարարություն չի եղել: Բայց, քանի որ մեր հավատամքն է, որ ընտրությունները ընդամենը իշխող հակահայ և հակամարդ ռեժիմի վերարտադրման մեխանիզմ է, և Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն և միայն ընդվզման և ժողովրդական լայն զորաշարժի միջոցով և ժողովրդի վստահության իշխանություն կազմելով, ապա «Սասնա Ծռեր»-ը իրենց առաջին հայտարարության մեջ բառացիորեն ասացին, որ ողջունում են ՕՐՕ դաշինքի քարոզարշավի ժամանակ Ջրառատ գյուղի բնակիչների կամ ՕՐՕ դաշինքի համակիրների ընվզումը, քանի որ «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունից հետո առաջին անգամ վարչակազմը համարժեք պատասխան ստացավ իր իսկ կազմակեպած ուժային բռնության մասով: Բառացիորեն ասվեց․ «Անկախ քաղաքական հայացքների տարբերություններից, մեր զորակցությունն ենք հայտնում ՕՐՕ դաշինքի համակիրներին՝ ընվզման նկրտում ունենալու համար և կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստվելու համաժողովրդական ընդվզման։ Մեր համոզմամբ, գաղութացված երկրում բռնապետական ռեժիմի օրոք իշխող վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով»: Այնպես որ մենք զորակցում ենք ոչ թե ընտրություններին մասնակցող ուժին, այլ այն ուժին, որը պատրաստ է գնալ ընդվզման: Այդ առումով ՀԽ-ն և «Սասնա Ծռեր»-ը պատրաստ են զորակցել ոչ միայն ՕՐՕ-ին այլ նաեւ ցանկացած ուժի, ով կհայտարարի այդ մասին:
-Առաջիկայում բողոքի ակցիաներ սպասվո՞ւմ են, ի՞նչ միջոցառումներ կան նախատեսված:
Նախ ասեմ, որ նախընտրական քարոզարշավն ու բոլոր զարգացումները ակնհայտորեն ցույց տվեցին, որ ապրիլի 2-ին տեղի են ունենալու աննախադեպ խայտառակ ընտրություններ, և այս վարչախումբը ամեն քայլի գնալու է, որպեսզի իրականացնի իր վերարտադրությունը: Այդ պարագայում չեմ կարծում, որ մեր ժողովուրդը կհանդուրժի դա և կնստի տանը: Ուստի որտեղ ժողովուրդը, այնտեղ էլ կլինենք մենք:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

hraparak.am

 

Այս նյութը դիտել են - 44605 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook