USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 19 2026թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
2026-09-19 20:38:00
Տպել Տպել

Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը
Երկրորդ հերթի դասի եմ` երկրորդ ժամով։ Տնօրենի հետ զրուցելով բարձրացանք երրորդ հարկ` յուրաքանչյուրս այդ դասաժամին մեր դասը վարելու։
Դասասենյակի դուռը բացեցի։ 9-րդ ա դասարանցիները կանգնած էին` դասարան մտնող ուսուցչուհուն բարևելու պատրաստակամությամբ։
Միանգամից դղրդաց... Չիմացանք` երկի՞նքն էր, թե՞ գետինը ռմբակոծության թիրախում։
Հայացքս աշակերտներին` քարացա, ապա ուղղորդեցի` շտապ իջնել նկուղը։
Ամբողջ դպրոցն իրար խառնվեց։ Հուզված աշակերտներ` լացակումած, աղիողորմ ճիչերով, ուսուցիչներ` արտասվախառն, իրենց աշակերտներին դեպի նկուղ տանող, ծնողների կանչ, աղաղակ, ովքեր իրենց երեխաներին են փնտրում...
Դպրոցի նկուղում անհնար է դառնում գտնել երեխայի, ով էլ փնտրելիս լինի` ծնող թե ուսուցիչ։ Փոքրերը հուսադրվում են, որ չվախենան, ավագ դասարանների աշակերտներն ավելի հավասարակշիռ են, լռության մատնված, բայց գունաթափ, պատի ծեփ դարձած։
Սա այն էր, որ մեծ ու փոքր չի ճանաչում, երբ սարսափում ես, որ կարող է զոհ դառնաս ինչ֊որ արկի, բայց երեխաների մոտ փորձում ենք արտաքուստ հանգիստ երևալ, միաժամանակ սպասելով, որ շուտով կավարտվի այդ մղձավանջը և դպրոցի նկուղը կթողնենք, գնանք տուն։
Ակնթարթ տևեց... Այն, ինչ տեղի ունեցավ, անսպասելի էր։ Հայր, ով եկել էր իր երեխաների հետևից...
Ինքնազգացողության վատացում դպրոցի նկուղում։ Սկզբում չիմացանք` ինչ տեղի ունեցավ, բայց ցուցաբերված առաջին օգնությունը քիչ էր։
Նկուղ մտած ծանոթ զինվորականը հարցրեց, թե չե՞նք ուզում տուն գնալ։ Միանգամից մերժեցինք։ Հետո դուստրս, որ թոռնիկիս հետ նկուղում էր` իր դասարանի աշակետներին շուրջը հավաքած, ինձ առաջարկեց գնալ տուն, որ մեր բնակելի շենքի նկուղի դուռը բացեմ։
Զինվորական մեքենան շարժվեց հրետակոծության տակ։ Րոպեներ անց մեր թաղամասում էի։ Հնգհարկանի շենքի նկուղը լիքն էր ծանոթ թե անծանոթ բնակիչներով։
Հայկական կույր դիվանագիտությու՞ն, թե՞ դավաճանություն` թշնամու հանկարծակի սանձազերծած պատերազմով, բազմաթիվ զոհերով, վիրավորներով, ոմանք` անհայտության մեջ։
Կապերն անջատված են, չեմ կարողանում մինչև երկինք հասնող իմ բարձրակոչ խոսքերը շարել, բայց ձեռքի պայուսակիս մեջ գտնում եմ անդորրագրեր, որ պետական տուրք եմ մուծել լույսի, ջրի, հեռախոսի համար։ Ու ալեկոծված հոգիս հանդարտեցնելու համար այդ թղթերին եմ հանձնում վրդովմունքս, որ փոքր-ինչ թեթևացնեմ զայրույթս, երբ ներսումս կուտակված հրաբուխը ուր որ է պիտի ժայթքի։
Մարտակերտի մեր բնակելի հնգհարկանի շենքի նկուղում ենք։ Ժամեր տևող հրթիռակոծության տարափի տակ արտասվող մայրեր, կծկված կանայք` երեխաներին գրկած... Անորոշություն, թե ինչ է լինելու մեզ հետ։
Ժամեր են անցնում, ու նկուղի հատակին այս կամ այն անկյունում փոքրիկ երեխաներ, որոնց մայրերը հոգ են տանում նրանց քնեցնելու կամ նրանց սովածությունը հաղթահարելու։
Տարերային է ամեն ինչ, երբ այս ու այնտեղից զոհերի, վիրավորների անուններ են լսվում։ Տարերայնություն, որ մեզ տանում է խուճապի` թաքուն փսփսոցներ, նկուղից դուրս գալու առաջարկներ, քաղաքը շրջապատված լինելու լուրեր, հեռախոսազանգերի անհասանելիություն... Այդ ամենի հետ քաղաքից դուրս գալու «հրահան», որ ասվում է ոչ բոլորին լսելի, ապա նորից սպասում, որ դեռ պետք չէ դուրս գալ։
 Կիսադատարկ նկուղ` աղոտ լույսի տակ, իրար խառնված բնակիչներ, որ փորձում են տուն մտնել, գոնե փաստաթղթեր վերցնել, անհրաժեշտ իրեր։ Ու, ինչպես միշտ, նույն հարցը` ո՞ր մեկը վերցնել, այն էլ` հապճեպ, ամեն ինչ իրար խառնված։ Եվ արդեն քանի՜ անգամ այս վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում։ Եվ սպասում, որ օրը կբացվի, երևի ավտոբուսներ կգան` նկուղաբնակներիս տարհանելու։ Բայց այդպես էլ չեկան...
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 40 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook