USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես տեսնում եմ այս օրերին հայրիկ կորցրած երկու դպրոցականի
2017-02-16 12:26:00
Տպել Տպել


Ձեռքիս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շնորհակալագիրն էր` ի երախտագիտություն վերջերս Արցախի առաջնագծում զոհված Գեղամ Մանուկյանի` հայրենիքին մատուցած անմնացորդ ծառայությունների: Հայացքս սահում է տողերով, փոթորկված հոգիս ուզում է դուրս գալ բնից, բայց կողքիս սգավոր մայր կա նստած, մեր դպրոցի ուսուցչուհի Արմինե Ափանցը, որ քարքարոտ ճամփաներ ունի անցած, և մի անհատնում ուղի բարբառում է շատ ցավոտ ու հանդարտ: Նրա նվաղած հոգում ես չափում եմ որդեկորույս հայոց մայրերի վիշտը` անչափելի ու անսահմանության մեջ թանձրացած:
Մենք Գեղամի տանն ենք` իմ դասղեկական 7-րդ ա դասարանի ծնողական խորհրդի անդամ Անժելա Պետրոսյանը, նաև` մի քանի աշակերտներ, որ մեզ հետ էին իրենց համադասարանցուն` հայրիկ կորցրած Արմինեին տեսնելու ցանկությամբ:
Մի վշտամորմոք հայր, որ Գեղամի անցած օրերի նկարներն է թերթում` ընտանեկան խմբանկարներ, երջանիկ օրեր, հարազատ դեմքեր, ու հավերժացած այդ պահերին հակադրվում են մեր մշուշված հայացքները: Նայում եմ նահատակված հայորդու մեծացրած դիմանկարին, կարծես ուզում եմ ընկալել նրա շուրթերին գամված առեղծվածային ժպիտը, և ինձ հասանելի են դառնում հարազատների զրույցները, որ բոլորից թաքցրել էր իր մարտական ու դժվարին կյանքը: Եվ այդ արցունքախառն զրույցներում թև էին առնում հեռուներից եկած Գեղամի մարտական ընկերների, նրա հրամանատարության տակ ծառայած բազմաթիվ անձանց ցավոտ արձագանքներն ու հայրենասեր հայորդու մասին կամքի և նվիրվածության բազում սխրանքները:
Նրանց նվաղած հոգում տեսնում եմ վիշտը հայոց: Մշուշե քողը պատում է դեմքս, երբ նայում եմ երիտասարդ կնոջը…Բյուրեղի կտորներ, որ թափվում ու հալվում են այտերին: Արցունքների միջից հառած աչքեր, որ լուռ են, հառաչանքների տակ ծանրացած: Ինձ հետ է իմ դասարանի Գևորգի մայրը` տառապանքի դրոշմը դեմքին, որ տարիներ առաջ էր ազատամարտիկ ամուսին կորցրել:
Գեղամի դուստրը դասի էր այսօր…Դասամիջոցին դասարանի դուռը բացեցի, հայացքս փնտրում էր նրան: Փայտի վառարանի մոտ կանգնած էր նա` համադասարանցիներով շրջապատված: Մի մեղմ, շատ մեղմ ու ցավոտ, մի փոքրիկ ժպիտ պարգևեց ինձ: Ծանր հոգոց քաշեցի. որքա~ն դժվար է հայրիկներ կորցրած երեխաներին դասավանդել: Եվ այդ տառապանքի քողը դեմքիս` ես տեսնում եմ այս օրերին հայրիկ կորցրած երկու դպրոցականի:
Կորստի ցավից կուչ է գալիս սիրտս…Ամեն օր զոհվածների սուրբ արյամբ է ցողվում հայոց հողը արցախյան: Ընկնում են ազգի ամենանվիրյալ զավակները: Ընկնում են, որ գարունները գան ու չգնան մեր հայրենիքից, որ խաղաղությամբ բացվեն այս մի բուռ հողի արշալույսները, որ երկինքը մեր անամպ լինի, ու հավերժ ապրի ազգը հայոց:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 9881 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook