USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պատրաստ եմ դառնալ հայրենիքիս պաշտպանը
2017-02-07 09:53:00
Տպել Տպել

Շատ դանդաղ եմ շարում տողերը, ձեռքիս ափի մեջ սողոսկած, անանուն մի ցավ եմ զգում, մատներս չեն ուզում ենթարկվել ինձ, ընդարմացել են, բայց ես չեմ էլ կարողանում խուսափել նրա ինքնախոստովանությունից և ուզում եմ տեսանելի դարձնել այն, որի մասին բարձրաձայնում է 11-րդ դասարանում սովորող իմ աշակերտ Գևորգ Առաքելյանը` թղթին հանձնած իր մտքերով:
«Երբևէ չեմ զգացել այն պատասխանատվությունը, որ զգում են սահմանին կանգնած տղաները, սակայն միշտ էլ ոգեշնչվել եմ հայրենասիրական երգերով և պատրաստ եմ դառնալ հայրենիքիս պաշտպանը, զգալ, որ ինձանից է կախված թիկունքի պաշտպանությունը: Այդ պահին ո՞վ է մտածում մահանալու մասին, նույնիսկ գերադասում եմ ընկնել հերոսաբար, թեկուզ տունս դատարկվի, սակայն հպարտության զգացումը առկա կլինի ամեն անկյունում, որտեղ հիմա ես եմ մեծանում: Չնայած մարդիկ տարբեր են, սակայն վստահ եմ, որ շատերն են մտածում այսպես, և պատճառն այն է, որ մենք մեր ծնված օրվանից արդեն գիտենք, որ մեր տունն այստեղ է, մենք ենք մեր տան արքաները, այդ մենք ենք մեր տան պաշտպանները, և դա մեզ հնարավորություն է տալիս հպարտ կանգնելու այս հողին»:
Սա այն է, որ երբևէ չեմ լսել իմ առջև նստած աշակերտներից, նա կարծես մի նոր կոչ է հղում ամբողջ աշխարհին, ապրելու և հարատևելու անմնացորդ կոչը, որ կյանքի նկատմամբ ունեցած մեր մեծ սիրուն այստեղ փարվում է այն սարսափելի մահը, որին արցախցին ստիպված է լինում հարմարվել անգամ: Ես գիտեմ, որ նա բոլորիս անունից մի մեծ ճշմարտություն է արտահայտում, բայց չեմ էլ ուզում հաշտվել այդ մտքին, ու այդ «հարմարվել» բառը, որ միշտ էլ սովորական հնչողություն է ունեցել, այսօր դնում եմ չակերտների մեջ և ուզում եմ մի նոր կոչով ազդարարել, որ սահմանին թող երբեք զոհեր չլինեն, մենք խաղաղ ապրել ենք ուզում այս սուրբ ու անարատ, մեր նախնյաց երկրում:
«Ծառայել հայրենիքին` համարում եմ սրբազան պարտք, նաև` ինքնավստահություն, մտածում եմ, թե երբ ձեռքս կվերցնեմ զենքը ու կկանգնեմ սահմանի եզրագծին, որտեղ երբևէ չեմ եղել: Բայց նաև խաղաղ օրերի երազանքներ ունեմ, երբեմն երևակայությամբ սավառնում եմ, լինում այլ երկրներում: Մտովի ճանապարհորդում եմ մայրցամաքներով, լինում աֆրիկական ցեղերի մոտ, Ամերիկայում` Սպիտակ տան կողքին, ցուրտ Անտրակտիդայում, Ավստրալիայում` կենգուրուներին մոտիկ, և ամենուր: Ինձ շատ հետաքրքրում են տարբեր ցեղերի մարդկանց սովորությունները, սակայն վաղվա օրս պատկերացնում եմ իմ հայրենիքում` հայրենակիցներիս կողքին, որտեղ ուզում եմ օգնել մարդկանց, ձեռք մեկնել կարիքավորներին»:
Ես նորից հիշողությունների մեջ եմ...Եվ անցած օրերում` ամիսներ առաջ, տեսնում եմ նորից Գևորգ Առաքելյանին, երբ աշակերտներին ուղղված իմ հարցումին, թե որտեղ կցանկանային ապրել, նա մյուսների նման գերադասեց հայրենի Արցախը, բայց հոգումս դաջվեց նրա ցավոտ խոսքը. «Ես իմ հայրենի տանն եմ` սահմանի մոտ, և ամեն անգամ, երբ բացում եմ աչքերս, ուզում եմ ինքնակամ խոցել իմ վախի սիրտը, որ հանկարծ նա չկանգնեցնի իմ սրտի աշխատանքը»: Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 7909 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook