USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մենք Արցախում ենք տեսնում մեր վաղվա օրը
2017-02-06 11:06:00
Տպել Տպել

11-րդ դասարանում հարցրի աշակերտներին, թե որտեղ են տեսնում իրենց վաղվա օրը: Տարակարծություններ կային, բայց առաջարկեցի գրել, ու, հակառակ իմ սպասածին, որ ապրիլյան օրերից հետո հուսահատության ու վհատության երանգներն էին միախառնված նրանց մտքերին, կարդացի տողեր, որոնք հնարավորություն տվեցին ինձ նորից տեսնել մի սերնդի, որ ընտրել է իր ապրելու իրավունքն այս բազմաչարչար հողի վրա:

«Ոչ ոք չի կարող ասել, թե վաղվա օրը մեզ համար ինչ անակնկալներ է պատրաստել: Մեր վաղվա օրն այս պայմաններում ոչ մի լավ բան չի խոստանում, բայց իմ ապագան չեմ էլ պատկերացնում ուրիշ երկրում: Այստեղ իմ ապուպապերի հողն է, այն պետք է պաշտպանենք, շարունակենք նրանց կիսատ գործը» /Իսրայելյան Արթուր/:
«Բոլորս էլ մտահոգված ենք, թե ինչ է լինելու վաղը: Իմ ապագան չեմ պատկերացնում Մարտակերտում, բայց չեմ էլ տեսնում մեկ այլ երկրում` փոխված շրջապատում, օտարության մեջ» /Իսրայելյան Լիանա/:
«Ոմանք իրենց վաղվա օրը չեն ուզում տեսնել Արցախում, քանի որ նրանց պապերն էլ իր ժամանակ իրենց վաղվա օրը կապել են այս հողին, հիմա չեն ուզում իրենց երեխաներն ու թոռները տեսնեն այն, ինչ իրենք են տեսել այս հողում: Ես կապրեմ Արցախում, քանի որ սիրտս ուրիշ տեղ չի ձգում, բայց ինչքա~ն լավ է, որ ուրիշ երկրներում ապրողներն իրենց վաղվա օրվա մասին չեն մտածում, նրանք իրենց ազատ ու անկախ երկրում են ապրում» /Դանիելյան Վարդան/:
«Ես գիտեմ, որ այսպիսի մասնագիտություն ընտրելը մեծ պատախանատվություն է, բայց համալսարանն ավարտելուց հետո կվերադառնամ իմ ծննդվայրը և որպես բժշկուհի` կաշխատեմ մեր հիվանդանոցում: Կլինեմ բոլորի հետ բարեհամբույր ու հարգալից, հուսով եմ` շատերը կգան ինձ մոտ մեծ սիրով` հավատացած, որ ապաքինվելու են» /Դանիելյան Վիկտորյա/:
«Միշտ էլ իմ ապագան պատկերացրել եմ այստեղ, բայց անընդհատ ապրել վախով ու սպասել, որ ահա նորից կրակոցներ կլսվեն, դա անհնարին է դառնում; Իմ վաղվա օրը երբեմն կասկածելի է դառնում այստեղ, բայց հույս ունեմ, որ մի օր մենք էլ կքնենք հանգիստ ու կապրենք անհոգ կյանքով» /Պետրոսյան Գոռ/:
«Առաջնահերթ եմ համարում ուսումս շարունակել Երևանի պետհամալսարանում, հետո կգամ իմ հարազատ բնօրրանը: Հուսամ, որ այն ժամանակ խաղաղ երկնքի տակ կկառուցեմ իմ ընտանիքը, իմ զավակներին կդաստիարակեմ: Սիրում եմ երազել, նույնիսկ երբ դրանք անիրական են: Լուսավոր ապագա եմ երազում, վստահ, որ եթե լինի մշտական խաղաղություն, ապա կհայրենադարձվեն շատերը, ովքեր ապրում են հեռուներում» /Դավթյան Տաթևիկ/:
«Ես ինձ լիարժեք կզգամ, երբ ստանամ ուսում, ունենամ իմ սիրած մասնագիտությունն ու աշխատանքը, սիրված լինեմ ընտանիքիս ու շրջապատի կողմից: Իսկ բնակվել կցանկանայի իմ երկրում, ուզում եմ շրջագայել այլ երկրներում ու տիրապետելով նրանց քաղաքակրթությանը` այն կատարելագործել իմ հայրենիքում» /Մարդոյան Քրիստինե/:
«Ցանկանում եմ ավարտել դպրոցը, ընդունվել համալսարան, լավ կրթություն ստանալ, դառնալ բժշկուհի: Գուցե և ավարտելուց հետո չվերադառնամ Արցախ, բայց եթե իմանամ իմ կարիքը կա այստեղ, անպայման կգամ: Ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ մեր հողին բժիշկներ են պետք» /Հակոբյան Լուսինե/:
«Ապրիլին սահմանին կանգնած մեր տղաներն ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչպիսի պաշտպանություն ունի մեր երկիրը: Ամեն պատերազմում լինում են կորուստներ, այս մեկն էլ բացառություն չէր: Շուտով ես էլ կմեկնեմ ծառայության և հուսով եմ, որ կկարողանամ կատարել այդ տղաների կատարածի չնչին մասը» /Հարությունյան Հարություն/:
Ընթերցում եմ այս տողերը և հավատում նրանց, այո՛, հավատում եմ, որ նրանց համար ուրիշ տեղ դժվար կլինի ապրելը, ես հավատում եմ, որ գնացողները նորից ետ կվերադառանան…Կգան` իրենց հույսն օրորելու այս արյունոտ ու ցավատանջ հողի վրա, կմնան նաև, որ ապրեցնեն հող հայրենին… Հավատում եմ, որ սերունդների այս շղթան կձգվի հար դարեր, ու հավերժական կլինի նրանց երթն այս բազմաչարչար հողում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8005 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook