USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 06 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այնքա՜ն հպարտ եմ, որ հայուհի եմ՝ խրոխտ լեռնուհի
2017-02-03 09:16:00
Տպել Տպել

Այսօր դպրոցի միջանցքում ես գրկեցի նրան: Երկուսս էլ ուրախ էինք, այդ ուրախությունն անցավ մյուս աշակերտներին, որ մեր կողքին էին: 12-րդ հումանիտար դասարանում սովորող իմ աշակերտուհին` Լադա Արզումանյանը, գրականության առարկայական օլիմպիադայի շրջանային փուլում արձանագրել էր ամենաբարձր միավորը, հուսանք, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում նա մի նոր հաջողության կհասնի ԼՂ հանրապետական փուլում:
Նա կմասնակցի նաև շարադրությունների մի նոր մրցույթի:
Ես թերթում եմ նրա գրած շարադրության մի հատվածը, որ հայրենյաց զինվորին է նվիրված: Նաև հուսով եմ, որ այս խրոխտ լեռնուհին կկարողանա իր ստեղծագործական նոր մտքերով մի նոր հաղթանակ արձանագրել...Եվ նրա տողերում տեսնում եմ նրան` մի ազնիվ ու հայրենասեր հայուհու, որ ազգի ցավով է անհանգիստ:
«Կրկին ցավ, հոգու դատարկություն: Փնտրում եմ բառեր, որոնք հնարավորինս լավ կարտահայտեն այն, ինչ զգում եմ հիմա, բայց գոյություն չունեն նման բառեր, դրանք լոկ տառերի կույտ են և ի զորու չեն փոխանցելու կարոտով պարուրված իմ հպարտությունը: Ուզում եմ թռչել տիեզերքի աստղազարդ երկնակամարով ու հանդիպել քեզ, իմ հերո՛ս զինվոր: Դու կյանքդ զոհեցիր մեզ համար ու դարձար անմահ: Դու դեռ ունեիր կյանքի մեծ ուղի: Քո վերադարձին պիտի մայրդ ուրախությունից լաց լիներ, իսկ հայրդ շուքով քեֆ պիտի աներ, բայց դաժան թշնամին խլեց ծնողներիդ հույսերը, ինչպես թևերն են կտրում թռչունի:
Ես տեսնում եմ քեզ ամեն օր, ամեն ժամ: Քեզ փորձում եմ փնտրել մարդկանց մեջ, փորձում եմ տեսնել քո հայացքը, աչքերը, ես լսում եմ այն երգերը, որոնք դու երգում ես: Քայլերիդ ձայնից արթնանում են սարերը, ժպիտդ արևի պես ջերմացնում է ինձ: Քո արյունը մեր լեռների ալ կակաչներն են, երկնքի կապույտը՝ քո խաղաղ ոգին, դաշտերում արևի տակ շողշողացող քաղցրահամ բերքը հորովելիդ օրորն է, երկնքից թափվող աստղերը՝ քո մեծ պատրանքը: Երկնքում ճախրող աղավնին դու ես, քո սերն է, կիսատ մնացած երազանքներդ:
Դու ցույց տվեցիր աշխարհին, թե ինչպես պիտի ապրել ու ինչպես պիտի անմահանալ: Նայում եմ ճերմակափառ Արարատին, նրա երկնահաս բարձունքին փրկության լույս եմ տեսնում: Լույս, որ հույս է ճառագում՝ գերյալ սրբավայրերի, շղթայված լեռան ազատության հույսը: Եվ դու՝ հերո՛ս զինվոր, այդ լուսեղեն օրերի անձնուրաց քաջամարտիկն ես, որ քո արյունով ես գծել քո տառապած հայրենիքի սահմաննները: Հոգումս կաթիլ առ կաթիլ կուտակվող դառնությունն ատելություն է դառնում: Ատելություն թշնամու հանդեպ: Նա բերանը բաց սպասում է, որպեսզի խժռի մեզ: Բայց ես հավատում եմ, հավատում եմ քո բազկի ուժին, զինվո՛ր, հավատում եմ, որովհետև հավատն է մեզ ուժ տալիս:
Այնքա~ն հպարտ եմ, որ հայուհի եմ ՝ խրոխտ լեռնուհի, և քեզ կարող եմ «եղբայր» կոչել: Քո շնորհիվ ես հանգիստ գլուխս բարձին եմ դնում` իմանալով, որ դու այդտեղ կանգնած պաշտպանում ես ինձ: Ամեն գիշեր նայելով երկնքին` աղոթում եմ քո կյանքի համար, իսկ ամեն առավոտ արթնանալով` նայում եմ պատուհանից: Երբ տեսնում եմ` պարզ է երկինքը, հասկանում եմ, որ դա միայն քո շնորհիվ է: Դու իսկական հերոս ես, ազգի ցավն ու նահատակվածների հերոսական ոգին ունես քո սրտում, մեր հավատն ու օրհնանքը՝ քո ճանապարհին:
Բոլորս պատմում ենք, խոսում քո մասին, նկարագրում քեզ, գովեստի շատ ու շատ խոսքեր ասում, բայց բառերն այնքա~ն խղճուկ են, այնքա~ն նսեմ: Մեր շնչով, ծիծաղով, խոսքով ու կյանքով ենք քեզ պարտական, իմ զինվո՛ր եղբայր: Հայրենիքիս կյանքը, անուշ երազներով քունը, մեր լեզուն, ազգիս հարատևելը քո ձեռքերում է, քո ափերի մեջ:
Պատերազմ տեսած հայուհու աչքերով այսուհետ ուզում եմ խաղաղություն տեսնել թե՛ քո հոգում, թե՛ մեր հայրենիքում, պաշտպանի՛ր մեզ, որ հայոց յուրաքանչյուր բացվող օրվա համար խաղաղ լուսաբացներ լինեն ու կապույտ երկինք»:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8631 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook