USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ձյունոտված օրս լցվել էր ջերմությամբ
2017-01-30 09:14:00
Տպել Տպել

Ավանդույթ դարձած հանդիպումները կրկնվում են շրջանավարտների հետ, իսկ ես նրանց այցը միշտ էլ խանդավառությամբ եմ ընդունում, մտերմիկ միջավայրում: Ժամեր եմ հաշվում, ժամերը դառնում են րոպեներ, սպառվում են անգամ այդ րոպեները, իսկ ես սպասում եմ նրանց, գուցե այն մեկին, ով պիտի գար իմ հետևից ու գնայինք հանդիպման վայր: Մի նոր անակնկալ. այն մեկը չէր, այլ բոլորը, որ մտափոխվել էին ու եկել ինձ մոտ` իմ տաքուկ անկյունը, լցրել այն ջերմությամբ: Այդ դասարանի ավագը` բարձրագույնում սովորող ուսանողուհի Անուշ Առաքելյանը, այդպես էլ մնաց մյուսների համար ավագ` ամենքի հանդեպ ունեցած անաչառ սիրով ու ջերմությամբ: 2013-14 ուստարվա մեր դպրոցի շրջանավարտներն են, այն օրերի իմ դասղեկական դասարանի աշակերտները, որ հիմա ուսանողներ են տարբեր բուհերում: Բայց այս երկուսը այդ դասարանի չորս տղաներից` Վարդանը և Մհերը, դեռ նոր են զորացրվել զինվորական ծառայությունից: Այն ապրիլյան օրերին նրանք էլ այնտեղ էին, բոլորս էլ` անհանգիստ, իսկ ամիսներ անց տեսա նրանց` իրենց տասնօրյա արձակուրդի ժամանակ, երբ եկել էին դասղեկին տեսնելու: Այն նախորդ հանդիպմանը դասարանի տղաներից Իգորն էլ եկել էր` հրաժեշտ տալու մինչ ծառայության մեկնելը:
Եվ որքա~ն շատ էի նախատում այդ տղաներին դպրոցական օրերին…
Շրջանավարտների հետ հանդիպումը մեզ նորից տարավ դեպի դպրոցական կյանք: Ուսանողական աշխարհը միահյուսվել էր դպրոցական հիշողություններին, որոնք երբեմն մոռացվում են ուսուցիչներիս կողմից, բայց նոր օրերի հուշերում դրանք դառնում են կենսախինդ ու անհոգ օրերի արտահայտություն: Մի քանի ժամ, և հոգիս լցվեց ուրախությամբ, ժպիտների ու կարկաչուն ծիծաղի շիթերը ուզում էի հավաքել, որ մասունքի նման պահեմ, փայփայեմ` համոզված, որ այս օրն էլ կանցնի անցյալի գիրկը` որպես մի քանի ժամ անհոգ ապրած կյանքի հիշողություն:
Նրանց զրույցներն էի լսում, որքան տարբեր, նույնքան հետաքրքիր էին իրենց ընկերության մասին ընկալումներով, ապրած կյանքի դասերով, անձնական կյանքի մտորումներով...Մասիսը` այնքան հասուն, գեղեցիկ մտքերով, կյանքի դառնություններին ու անարդարություններին տեղյակ, Մհերը, որ հայր էր կորցրել ամիսներ առաջ, ավելի մտահոգ և շատ լուրջ: Անուշը` ուսանողական կյանքի նորարարությամբ, հետաքրքիր պատմություններով, մյուս աղջիկները` Անին, Քրիստինեն, անցած տարիների համեստությամբ օծված: Վարդանը` կենսախինդ ու ջերմ, ժպիտների առատությամբ… Մյուսներն էլ մեզ հետ են, իմ այն օրերի աշակերտները, երբ անցած ամիսներին էին եկել դասղեկի հետ հանդիպման:
Իմ օրը երփներանգվեց, մտովի ամեն մեկին մի գույն եմ վերագրում, ընտրած գույները վառվռուն են, լուսավոր, իրենց անունների նման տարբեր, բայց կարոտով լեցուն, զարմանալի և հասուն: Նրանց ճանապարհեցի, բայց յուրաքանչյուրը յուրովի մի հետք թողեց իր հետևից, ու ես, ինչպես նախորդ տարիներին, մենությանս մեջ բանաձևում եմ անունները նրանց:
Ու այդ անունների սկզբնատառերով մի նոր իրական աշխարհ եմ ստեղծում, և Լ-ն դառնում է լուսավոր, մի հրաշք լուսին լաջվարդ կապույտում, Ն-ն` նարնջագույնն է` նոր կյանքով լեցուն, Վ-ն վարդագույնն է` ծաղկափթիթ մի նոր կյանք, Մ-ն մի նոր միտք` լույսով ճառագած, Կ-ն կանաչն է, մի նոր ճանապարհ, Ա-ն` ոսկեգույն արև է դառնում` ջերմությամբ լցված... Եվ այսպես շարունակ ստեղծում եմ իմ հրաշալի գույները, որ իրական են, ամեն մեկը` մի նոր դիմագիծ` լույսով շաղախված, ծաղկառատ կյանքով:
Արևոտ ջերմությամբ օրս սպառվում է, իսկ դրսում Արցախը ձյունոտված էր...
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 5888 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook