USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երբ նորից ստիպված ես ռուսական ալիքներ դիտել. Hraparak
2017-01-18 00:55:00
Տպել Տպել
Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին հայկական հեռուստաալիքներ դիտելը նույնն էր, ինչ հարևանին համոզելը, որ քո սեղանն ավելի ճոխ է։ Տարբեր հեռուստաընկերություններում կադրային տարեվերջյան ջարդը թվում էր՝ պետք է նախանշեր ամանորյա կրեատիվ, հումորաշատ ու հետաքրքիր հաղորդումների առկայությունը։ Սակայն ոչ միայն տարիները, այլև նորաթուխ հայտնիները ունակ չեղան փոխելու իրենց՝ «նեղ կռուգով» անցկացվող ուտուշ-խմուշների ցուցադրությունը։

Ի՞նչ էին ցուցադրում տոնական օրերին հայկական հեռուստաալիքները և ամանորյա ինչպիսի՞ հաղորդումներ էին հեռարձակվում այդ օրերին։

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն- Հ1-ը գրեթե նույն ձեռագրով տարիներ շարունակ ապահովում է ամանորյա «տաշի-տուշիները»։ Այս տարին բացառություն չէր։ Թեև հեռուստաընկերությունից հավաստիացնում էին, որ այս տարի «Ամանորը Առաջինում» լինելու է ընտանեկան, ջերմ ու հետաքրքիր։ Ոչ միայն չեղան, այլև լինելու շանս անգամ չունեցան տարիներ շարունակ հայկական շոու բիզնեսը փլուզումից փրկող վերջին մոհիկանների՝ Արթուր Գրիգորյանի, Ալլա Լևոնյանի, Զարուհի Բաբայանի, Լեյլա Սարիբեկյանի կատարումները։ Բացի այս, հերթական անգամ հանրությանը մատուցվեց դեռ անցած տարի «չմարսած» «Երգ երգոցի» հերթական ծանր թողարկումը։ Սա էլ հերիք չէր, իրար հերթ չտալով հեռարձակվեցին «Մեր բակ»-ի՝ արդեն դրվագ առ դրվագ անգիր արված թողարկումներն ու ամանորյա թեմայով հերթական ֆիլմերը՝ «Տանը մենակ», «Իմ ընկեր ձմեռ պապը», «Հարրի Փոթերը» (ոչ ամանորյա ֆիլմ) և այլն։

Արմենիա- «Արմենիա» հեռուստաընկերությունը ամեն տարի փորձում է հումորային նոր լուծումներ հաղորդել երաժշտական տաշի- տուշիներին՝ առաջին պլանում կանգնեցնելով «ուժեղ խաղացողներին»։ Այս տարի ուժեղների բանակը մասամբ փոփոխվել էր։ Հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Արտյոմ Կարապետյանի և Գայանե Ասլամազյանի «սրամիտ» հումորների ներքո դերասանները և հաղորդավարները հայտնվում էին տարատեսակ իրավիճակներում։ Սակայն պետք է արձանագրել, որ, այնուամենայնիվ, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում դիտելու որոշ բաներ գտնվեցին, օրինակ՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը, որը առաջին անգամ էր հեռուստատեսությամբ ցուցադրվում։ Այնուհետև ամանորյա լուծումներ ստացած ավանդական հաղորդումներն ու ․․․ արխիվային համերգները։

Շանթ- «Շանթ» հեռուստաընկերությունը հավատարիմ էր մնացել ոչ միայն իր՝ տարիներ շարունակ նույն՝ հայսուպերսթարյան կամ իքսֆակտորյան բեմում տեղի ունեցող բեմադրություններին, այլև դերասանական կազմին՝ որոշակի փոփոխություններով, իհարկե։ Այս անգամ գլխավոր հերոսը երգիչ Էրիկն էր, ով Գրիշա Աղախանյանի ուղեկցությամբ նամակի միջոցով ամուսնության առաջարկություն արած աղջկան էր փնտրում։ Երաժշտական լուծումներ ու նույնաբովանդակ, նույնամակարդակ հումորներ։ Բացի այդ, ամանորյա եթերը զարդարեցին արդեն ավանդական դարձած իչաներն ու տապասյաները, որոնք այդպես էլ տնային տնտեսուհիներին թույլ չտվեցին սեղանը ժամանակին պատրաստել։

Երկիր Մեդիա- Եթե վերոնշյալ հեռուստաընկերությունները սահմանափակվել էին «սեփական տանիքի տակ» կազմակերպված քեֆ-ուրախությամբ, ապա «Երկիր Մեդիա»-ն ամանորյա իր գլխավոր ծրագիրը նկարահանել էր Ղարաբաղում, մասնավորապես՝ «Տիգրանակերտ» ամրոցում։ «Երկիր Մեդիա»-ի հայտնի ու անհայտ հաղորդավարներին միավորել էր տոնական միջոցառումը, որը անցկացվում էր վետերանների, զինվորների հետ՝ ազգային, հայրենասիրական երգերի ուղեկցությամբ։ Ճաշակի առումով մի քանի ժամ դիտելու բան կգտնվեր։

Մնացած հեռուստաընկերություններում վիճակը կրկին անմխիթար էր

Հ․Գ․ Հենց այս օրերին է, որ հեռակառավարման վահանակը ինքնաբերաբար կանգ է առնում ռուսական ալիքների վրա։ Ու հայկական հոգնեցուցիչ տաշի- տուշիների կողքին ռուսական գունագեղ ու հետաքրքիր հաղորդումները (շատ դեպքերում) շատերիս համար դառնում են ժամանցի ապահովման գլխավոր աղբյուրը։ Ու այս օրերին հասկանում ես, որ ոչ թե հեռուստատեսությամբ ցուցադրվում է այն, ինչ հասարակությունն է ուզում, այլ այն, ինչ պարտադրում են դիտել ու ճաշակել հեռուստաընկերությունների ղեկավարները։

Վով Մուշեղյան

hraparak.am

 

Այս նյութը դիտել են - 4916 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook