USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կողքիս ամեն օր անմահ հերոսների ոգիների մենությունն է աղաղակում
2016-12-11 13:18:00
Տպել Տպել

Զգոնության կո՞չ է սա, թե՞ անցյալի հիշողությունների անմահացում, որ սաստող ձայնով հուշում է 12-րդ հումանիտար դասարանում սովորող իմ աշակերտուհին` Անգելինա Անդրյանը. «Զինվո՛րս, դու ինձ պաշտպանի՛ր, ես` քեզ, բայց մի՛ մոռացիր գույնը պատերազմի…»:
Մի՞թե սահմանին մոտ ապրողներիս համար պատերազմի գույնը դեռ չի խամրել: Ո՞րն է պատերազմի գույնը... Այն, որ մայրերը սև՞ են հագնում, գուցե այն սարսափը, որ մեր հոգու՞մ ենք կրում, կամ այն բոլոր ավերածությունները, որ ահեղագոչ բարձրաձայնում են, թե ամենևին պետք չէ մոռանալ պատերազմի գույնը…Բայց ասում են` պատերազմը հոտ ունի նաև, սարսափելի տհաճ հոտ, որ շուրջբոլորը խեղդամահ է անում ամեն ինչ…Եվ պատերազմի գույնը տեսած ու այդ գարշահոտը զգացած աշակերտուհիս ահազանգի խոսքով պիտի հիշեցներ ամենքիս, որ չնայած պատերազմի հոտը չի զգացվում, բայց զգոն լինենք… Նաև գոհունակություն կա նրա խոսքերում, որ երկինքը հուսահատորեն փափուկ ձյուն է մաղում, գուցե դա՞ է պատճառը, որ պատերազմի հոտը չի զգացվում:

«Ամեն օր վախը սրտումդ փակում ես աչքերդ  ու  աղոթում վաղվա համար, աղոթում ես սահմանը պահողների կյանքի համար:  Դժվար  է, որովհետև  գիտակցում ես, որ միգուցե վաղը  պետք   է զենք վերցնես  ու  երկիրդ  պահես, ուսուցիչներիդ  ու  ծնողներիդ  հետ կանգնես զինվորական շարքում, և  դա պարտք  չպետք  է կոչել, այլ`  կամք:  Սև   է պատերազմը,  որ  բազում կորուստներ  ունեցողների  ու  որբացած  մանուկների հիշողությունն է, մայրական  տառապանք:   Մեկ րոպե լռությունն այնքա~ն խոսուն է դարձել…Չկա այս աշխարհում ավելի բարձր սրբութուն, քան անմահ հերոսների ոգիների մենությունը: Նրանք կերտեցին փառավոր Արցախս, իմ այսօրը, իմ ներկան…Իսկ ես ի՞նչ եմ անում սերնդի վաղվա օրվա համար… Ոչի՛նչ, ոչ մի բան չեմ անում կարծես: Ապրում եմ աշխարհի տարբեր երկրների մարդկանց նման, բայց բոլորի մոտ չկա իմ մեկ օրվա ապրած սարսափը: Ես չեմ սնվում այդ սարսափով, ես չեմ վախենում այն ամենից, ինչ միմիայն իմ երկրում է ակնկալվում: Ես չեմ փախչում շատերի նման, ես ապրում եմ իմ աղքատիկ քաղաքում, հայոց հողի վրա, իմ տանը` իմ զինվորի թիկունքում, և թող նա իմանա, որ ինքն էլ պաշտպան ունի, աջակցող»:

Փակում եմ տետրը իմ աշակերտուհու, ավարտում շարվածքն այս տպագիր տողերի, բայց հոգումս լսելի է արձագանքն այն ձեռագիր խոսքերի. «Ես ամեն անգամ ապրում եմ իմ մեկ օրով, երբ կողքիս անմահ հերոսների ոգիների մենությունն է աղաղակում: Եվ ինչքա~ն լավ է, որ այս մի գիշերն էլ անցավ, նորից ուրախ եմ, որ առավոտը բարի էր ու շատ խաղաղ, և այդ օրը ես չտեսա այն սև գույնը և չզգացի այն տհաճ հոտը պատերազմի»:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 2504 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook