USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուսուցիչը պետք է զգուշանա, որ «վատի» պիտակը չդրոշմվի իր վրա
2016-10-30 21:29:00
Տպել Տպել

Իմ մանկավարժական գործունեության ընթացքում միշտ էլ ինչ-որ բան եմ սովորել իմ աշակերտներից, և երբեք չեմ խուսափել դրանց մասին բարձրաձայնելուց: Ճիշտ թե սխալ երևույթներ կան, որ ժամանակի ընթացքում կյանքի դաս են դարձել և ուղեկցել ինձ ուսումնադաստիարակչական աշխատանքների ժամանակ:
Երբեք չեմ մոռանում 5-րդ դասարանում սովորող այդ աշակերտին: Սկսնակ ուսուցչուհի էի, բացատրում էի, որ երբեմն անձը կարող է ստանա իրի հարց, և գրատախտակին գրեցի մի նախադասություն. «Որպես ուսուցչուհի` ես նրան շատ եմ հարգում» (որպես ի՞նչ): Հանկարծ աշակերտներից մեկն ավելացրեց, թե կարծել եմ իրի հարց ստանում են միայն վատ ուսուցիչները, եթե հարգում են, ուրեմն լավ ուսուցչուհի է: Ու այդ օրվանից հասկացա, որ լինում են նաև վատ ուսուցիչներ, ուրեմն պետք է այնպիսին լինեմ, որ աշակերտների «սև ցուցակի» մեջ չհայտնվեմ:
Տարիներ առաջ, երբ բռնագաղթից հետո օտարությունից վերադարձա Արցախ և առաջին անգամ 10-րդ դասարան մտա, իմ առջև նստած աշակերտը զննող հայացքով նայում էր ձեռքերիս: Որքան զարմանալի, նույնքան անսովոր էր ինձ համար, բայց օրեր անց նրա մայրն ասաց, որ տղան ամեն օր իր ուսուցչուհու մատների բնական եղունգներով է հիանում: Անակնկալի եկա, բայց նաև առեղծվածը բացահայտվեց, ու իմ համար պարզ դարձավ, որ ամենասուր հայացքը մեր առջև նստած աշակերտներն ունեն և նրանցից պետք է «զգույշ» լինել: Ու այդ օրվանից էլ ես սովորեցի` շատ լուրջ զգուշավորությամբ մտնել դասարան:
Մի օր միջին դասարաններից մեկում աշակերտներին առաջարկեցի դասանյութը կարդալ, բայց նաև զգուշացրի, որ ուշադիր ընթերցողին հետևեն, եթե որևէ մեկը չիմանա` որտեղից շարունակել, ապա անբավարար կստանա: Չնայած զգուշացրի, բայց ամենևին մտքովս չէր էլ ացնում, որ անուշադրության համար ես աշակերտի անբավարար կգնահատեի: Ստացվեց այնպես, որ դասարանի գերազանցիկ աշակերտուհին չիմացավ, թե որտեղից շարունակի...Աշակերտների մեծամասնությունն ինձ «պարտադրում» էր, որ այդ աշակերտուհուն անբավարար գնահատեմ: Արտաքուստ երևացող սառնասրտությամբ, բայց ներքուստ անհանգիստ վիճակում` ես անբավարար գնահատեցի այդ աշակերտուհուն իր բազմաթիվ գերազանց գնահատականների կողքին:
Ես այդ օրը դասարանից դուրս եկա ինձ կորցրած, անմիջապես նրանց դասղեկին առաջարկեցի ծնողական ժողով հրավիրել: Ծնողների և դասղեկի հետ խոսում էի շատ բորբոքված, որ նոր եմ մտել այդ դասարանը, բայց միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք և ընկերություն չտեսա: Պատմում էի, որ ոխակալությամբ լցված` մի շարք աշակերտներ կարծես բավականություն ստացան, երբ այդ համեստ ու գերազանց սովորող աշակերտուհուն անբավարար գնահատեցի, նաև հասկացա, որ ուսուցիչը չպետք է ավելորդ խոստովանություններ անի, բայց միաժամանակ նա պետք է իր խոստմանը տեր լինի:
Իմ շոշափած զգուշավորության մի քանի տարբերակների վերջում ուզում եմ ընդհանրացնել, որ ուսուցիչը միշտ էլ ուշադրության կենտրոնում է: Ուսուցիչը պետք է զգուշանա, որ «վատի» պիտակը չդրոշմվի իր վրա, այլապես նա կդառնա վատ ուսուցիչ: Ուսուցիչը պետք է իր խոսքի տեր լինի, ստելը ուսուցչին հարիր չէ: Եվ դեռ ինչե~ր կան, որ պետք է ուսուցիչներս իմանանք, բայց նաև չխուսափենք սովորել նրանցից, ում մենք ենք սովորեցնում:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 6632 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook