USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հարգենք ուսուցչին և գնահատենք նրա շնորհակալ գործը
2019-03-02 22:26:00
Տպել Տպել

Իմ մտքերը, որ վերջերս ուսուցիչների մասին տարբեր առիթներով մեկընդմեջ արտահայտել էի, փորձեցի ի մի բերել ու հրապարակել, որպեսզի դրանք իրենց արժանվույն տեղն ունենան իմ հաջորդ՝ «Մանկավարժի օրագիր» գրքի երրորդ մասում:

Վաղուց չափանիշ եմ դարձրել՝ ուսուցչի հանդեպ ունեցած հարգանքով ճանաչել ու գնահատել մարդուն: Այն համոզմունքն ունեմ, որ պետք է հպարտ լինել՝ հենց նրա համար, որ մենք ուսուցիչ ենք: Հիշենք, որ ուսուցչի մասնագիտությունը բարձր ու վեհ կոչում է, նույնիսկ՝ շատ բարձր ու անչափելի: Այն մեր ստեղծագործական ներուժն է, մեր հոգու ջերմությունը, մեր նվիրվածությունը կրթության ու դաստիարակության գործին...Այն արդարություն է, բարի գործի նվիրում, գեղեցիկի զգացողություն, դժվարություններին դիմակայելու անհողդողդ կամք… Այն կյանքի իմաստ է, նվիրական արարում, մաքրամաքուր սեր ու ամեն ինչ, որ մեզ հետ է միշտ:
Նկատել եմ, որ մինչ ուսուցիչը ուզում է իր կորացած մեջքը շտկել, նորից հարվածի տակ է ընկնում, այնինչ աշխարհի ծուռ մեջքը շտկողը ուսուցիչն է եղել: Պետք է փնտրել ակունքը, թե ինչու՞ է Հայաստանի դպրոցներում ուսուցիչը 25, գուցե և դրանից մի քիչ ավելի հազար դրամով մանկավարժություն անում, ինչու՞ է նորից կասկածի տակ դրվում նրա աշխատանքը, ո՞վ է մեղավորը, որ այդ նվաստացուցիչ գումարով նա շարունակում է իր գործունեությունը...
Երևի թե այս համեմատությունը տեղին է, որ գրեմ: Ականատես էի, որ կակաչներ վաճառող կինը հաճախորդին առաջարկեց ավելի էժան գին: Վերջինս նայեց ծաղիկներին, որոնք շատ թարմ էին ու հրաժարվեց գնել՝ պատճառաբանելով՝ եթե էժան է տալիս, ուրեմն լավը չէ, ու գնաց նույն կակաչներից գնեց ավելի թանկ գնով: Ինչու՞ գրեցի այս տողերը...Որովհետև հավատում եմ, որ այն 25 հազար աշխատավարձ ստացող ուսուցիչներից շատ-շատերը կարող են մանկավարժությանը շատ ավելին տալ, բայց, ցավոք, հայտնվել են այն էժան գնով կակաչներ վաճառող կնոջ վիճակում...Հարգենք ուսուցչի արժանապատվությունը՝ անկախ նրանից, թե նա ինչքան աշխատավարձ է ստանում:
Վաղուց համոզվել եմ, որ Հայաստանում ուսուցիչների լճացման պատճառը պետք է գտնել վերջին տարիներին կրթական համակարգում առկա թերությունների առանցքում: Խորհրդային տարիներին այդ ո՞ր մի անգրագետ դիմորդ է ընդունվել բուհ: Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի բուհերում կանգնեցնել խոտանի արտադրությունը, այլապես այն 10 հազար ուսուցիչների ավելցուկը կդառնա 20 հազար, ու նորից պատուհաս կդառնան նվիրյալ ուսուցիչների համար, ովքեր այսօր զրկված են և՛ ուսուցչի նախկին հեղինակությունից, և՛ նորմալ նյութական պայմաններից:
Պետք է լրջորեն հասկանալ, թե ինչ դերակատարություն ունի ուսուցիչը երկրի համար: Եթե կան այդ պատվավոր աշխատանքն անտեսողներ, նրանց հեղինակությունն արժեզրկողներ, թող այս երկիրը պատկերացնեն առանց ուսուցչի, հետևաբար, նաև՝ առանց դպրոցների... Կարծում եմ՝ այդ «մերկութունը» ոչ մեկին դուր չի գա, երբ երկրի մտավորական սերուցքն է ուսուցիչը, իսկ առանց նրանց երկիր չկա:
Գալիս եմ այն մտքին, որ տարիներ առաջ մի քիչ աշխատավարձ ավելացրին, այսպես ասած՝ «ուսուցչի մեջքը կոտրելու հաշվին»: Դրույքի դասաժամը դարձրին 22, մեզ ավելորդ թղթաբանության մեջ ծանրաբեռնեցին՝ գրավորների քանակով, բացակայությունների դիմաց լրացուցիչ գրավորների հանձնարարություններով, կիսամյակային գրավորների ավելացումով, գնահատականների 10 միավորանոց սանդղակով, էլեկտրոնային մատյանով...Նույնիսկ հարց է ծագում, թե մի փոքր աշխատավարձ ավելացնելու դեպքում, որի համար մեր օրերում ընդվզում են ուսուցիչները, տեսնես ինչպիսի նոր փաթեթ կտրամադրեն, որը նորից կծանրաբեռնի ուսուցչի աշխատանքը:
Սովորենք մեղմ խոսել մանկավարժների հետ, երբ նրանք են բազմաթիվ կանոններ ու կյանքի դասեր սովորեցնում սերնդին, բազմակողմանի կրթում ու դաստիարակում նրանց, երբ հազարավոր նվիրյալներ կան դպրոցներում, ովքեր անաղմուկ տանում են իրենց կողքին վերևների միջնորդությամբ դպրոց մտած «վայ» ուսուցիչների ներկայությունը:
Հայոց դպրության իրական համայնապատկերում տեսանելի են իրենց գործի ազնիվ նվիրյալներ, ովքեր իրենց կողքին հանդուրժել են նաև միջակությունների գոյությունը: Երբևէ չպետք է թույլ տալ, որ այս սուրբ գործում ճանապարհ հարթեն անգետները՝ գիտուններին թողնելով ստվերում, մոռանալով, որ ստվերում գտնվողներն ավելի շատ լույս կարող են տալ, քան իրենք, որ լույսերի մեջ են փռված, բայց անլույս են:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 26513 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook