USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այդ գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն պատմաերկրագիտական թանգարանում
2017-10-21 12:42:00
Տպել Տպել

Իմ գրքերի հրատարակվելուց հետո Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Սեդա Հայրապետյանի՝ այդ գրքերն իրենց մոտ ունենալու առաջարկն ամենևին զարմանալի չէր ինձ համար և ոչ էլ՝ հիշեցումը մանկավարժիս, որ անպայման ներկայացնեմ նաև իմ անձնական գործերը՝ բոլոր պարգևատրումներով ու վաստակավոր մանկավարժի կոչումով: Վաղուց տեղեկացված էի այդ մասին, նաև գեղեցիկ էր առաջարկը: Այն ինձ տարել էր մտքերով դեպի գալիք, որ գուցե ժամանակի ընթացքում ուսուցչուհուս անցած ճանապարհը կդառնար հիշողություն՝ պահ տված պատմությանը սերնդափոխության այս անցավոր կյանքում:

Այս պահին թանգարանի աշխատող Մարինե Միքայելյանի գրած տողերն եմ ընթերցում, որ ինձ էր հանձնել օրեր առաջ նրա գործընկերուհի Նաիրա Ավետիսյանը: Այդտեղ հիշողություն կար թանգարանում անցկացրած միջոցառման մասին, որ նվիրված էր Սումգայիթի և Բաքվի ոճրագործության զոհերի հիշատակին: Այդտեղ գրքի քննարկում կար, կարծիք՝ հրատարակված գրքերիս մասին, գնահատանքի խոսքեր, որ շնորհակալական զգացումով եմ ընթերցում, նաև անթաքույց է հարգալից վերաբերմունքս թանգարանի տնօրենի և մյուս աշխատողների հանդեպ, որ տարիների հեռվից է գալիս:
«Նատաշա Պողոսյանի տքնաջան աշխատանքի արդյունքն ընթերցողի սեղանին է։ Դա ուսուցչուհու պրպտումների վավերագրություն է՝ իր հերոսներով: Նրանք այսօրվա սերունդն են՝ սահմանամերձ Մարտակերտի փոքրիկ բնակիչները՝ հասուն մտքերով, անմնացորդ հայրենասիրությամբ: Այդտեղ անդրադարձ կա նաև 2017 թվականի փետրվարին կազմակերպված միջոցառման մասին։ Սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ թանգարանում կազմակերպված գրական ցերեկույթի երկրորդ մասը տիկին Պողոսյանն էր վարում։ Վերլուծող անձիք դպրոցականներն էին՝ հասուն մտքերով, սթափ հայացքներով։ Քննարկվող թեման Սումգայիթյան ոճրագործությունն էր՝ մեր համերկրացի գրող Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» վեպի վերլուծությամբ։
17-18 տարեկան մարտակերտցի պատանիներն ու աղջիկներն ունեին ձևավորված կարծիքներ, կարողանում էին պաշտպանել այդ կարծիքները, բացատրել դրանց հանգելու դրդապատճառները։ Դա մի անսովոր հարցազրույց էր, պատանեկան արդարացի պոռթկում, որի մեջ կար հույզերի կծիկ, ցավի համն ու գույնը զգալու ունակություն, արդարությանը հասնելու բուռն ցանկություն։ Մանկավարժ Պողոսյանի անտեսանելի ուղղորդումները միտված էին դեռահասներին, որ նպատակ ունեին զարգացնելու նրանց անկաշկանդ մտածելու և արտահայտվելու կարողությունը:
Այդ գրքերը յուրահատուկ ամփոփագրեր են՝ մտքերի և փաստերի, հույսերի և հույզերի, կատարված աշխատանքների... Այդտեղ իրական կերպարներ կան, ովքեր իրենց ավելի կայացած ու արժանավոր են զգում: Նրանք անկոտրում կամքի տեր են, կարողանում են հաղթահարել դժվարություններ, նաև կարողանում են ժպտալ աշխարհին և արցախյան բարեսրտությամբ նայել ապագային: Այդ գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանի գրադարանում»։
Նատաշա Պողոսյան 

Այս նյութը դիտել են - 12942 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook