USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 15 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լրացավ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական օծման և ձեռնադրության 45-ամյակը
2025-06-13 11:13:00
Տպել Տպել

Լոսանջելեսահայության հավատքի վկայարան, ինչպես նաև Հայաստան աշխարհը խորհրդանշող Բրբենքի առաջնորդանիստ Ս․ Ղևոնդյանց մայր տաճարում 2025 թ․-ի հունիսի 8-ի կիրակին յուրահատուկ էր։ Օրվա հոգևոր խորհուրդը՝ Հոգեգալստյան տոնը, համաքրիստոնեական ցնծություն է, որը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքն առաքյալների վրա և համարվում է Տիեզերական եկեղեցու հիմնադրման սկիզբը։

Արևմտյան թեմի մեծ ընտանիքի համար տոնակատարությունը, բացի իր ներշնչող ու կենդանարար նշանակությունից, առանձնացավ յուրահատուկ հոբելյանով և սարկավագական ձեռնադրության արարողությամբ։

Բանն այն էր, որ լրանում էր ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական ձեռնադրության և օծման 45-ամյակը։ Սրբազան Հայրն այն եզակի հոգևորականներից է, ով իր թե՛ քահանայական, և թե՛ եպիսկոպոսական ձեռնադրություններն ստացել է հոգելույս Տ․ Վազգեն Ա վեհափառ հայրապետից։ Իր առջև ունենալով իմաստուն Հայրապետի ոգեշնչող ու առաքինի կերպարը՝ սպասավորության առաջին իսկ օրվանից եղել է «Քաջ հովիվ», որը մշտապես պատրաստ է եղել զոհաբերելու իր անձը «Վասն հաւատի» և «Վասն հայրենեաց»։
Չկա ազգային, մշակութային կամ եկեղեցական որևէ բնագավառ, որտեղ Հովնան սրբազանն իր ակնառու ու
մնայուն մասնակցությունը բերած չլինի։ Հարկ է նշել, որ Հայոց եկեղեցու յուրաքանչյուր թեմի համար պատիվ կլիներ նման առաջնորդ ունենալը։

 

Ինչպես Պատարագի ընթացքում, իր շնորհավորական խոսքում նշեց Ս․ Ղևոնդյանց մայր տաճարի հովիվ, արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանը․ «Սրբազան Հոր քահանայագործության քառասունհինգ տարին ոչ թե ժամանակ է, այլ՝ ճանապարհ՝ լեցուն աղոթքով, խոնարհությամբ և հոգիներ վերափոխող վկայությամբ։ Այդ ընթացքում Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունեցել է նվիրյալ մի ծառա, ում մաքուր սիրտը զոհասեղան է եղել Տիրոջ առաջ, ում շուրթերից հնչել են կենարար քարոզներ, ում ձեռքերով օրհնվել են մանուկներ ու նորապսակներ, ում աղոթքներով բժշկվել են վիրավոր հոգիներ,
ում ձեռքերով օծվել են ճակատներ, որոնք կոչվել են ծառայելու Հայ առաքելական սուրբ եկեղեցում»։

 Օրվա հոգևոր ու հոբելյանական խորհուրդն ամբողջացավ եկեղեցու մեջ հասակ առած ու երկար տարիներ ծառայություն բերած սպասավորների սարկավագական ձեռնադրությամբ։ Ըստ ավագության՝ Վարդան Արզումանյանը, Դավիթ Եսայանը, Թելման Առաքելյանը և Արամ Հովհաննիսյանը, իրենց հոգևոր դաստիարակ և ձեռնադրության խարտավիլակ Տ․ Խաժակի ուղեկցությամբ, ծնկաչոք բարձրացան Սուրբ Սեղան։ Այստեղ Հովնան Սրբազանն իր շնորհաբաշխ աջը դրեց նրանց գլխին՝ աղոթելով, որ Սուրբ Հոգին իջնի և հանգչի նվիրյալների վրա՝ մաքրելով նրանց բոլոր աշխարհային գայթակղություններից և արժանի դարձնի սարկավագական աստիճանին։ Ապա, «Աստուածային եւ երկնաւոր շնորհ» հոգենորոգ շարականի երգեցողության ընթացքում, նորընծաները ծնրադիր, իրենց ափերը լայն բացած՝ դարձան դեպի ժողովուրդը՝ ստանալով նաև հավատավոր հոտի հավաստիացումը՝ «...արժանի են»։

Պատարագին ներկա էին բազմաթիվ հոգևորականներ, համայնքում հայտնի ղեկավարներ, մտավորականներ, հարյուրավոր հավատացյալներ և հյուրեր։
Հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ, բոլորի ամենասիրելի Տ․ Հովնան արք․ Տերտերյանը՝ անդրադառնալով աստվածաշնչից բխող ճշմարտություններին և դրանք մեր կյանքում իրագործելու հրամայականի մասին։
Հոգեզմայլ արարողությունից հետո, առաջնորդ Հովնան սրբազանը, ողջ ներկա ժողովրդի, հոգևոր սպասավորների,
հյուրերի և նոր ձեռնադրված սարկավագների ուղեկցությամբ, թափորով դուրս եկավ եկեղեցուց, ուր, առաքելական ավանդույթյան համաձայն, եկեղեցու Տիկնանց միության անդամները կազմակերպել էին սիրո հյուրասիրություն։ Այստեղ ներկաները հնարավորություն ունեցան շնորհավորելու Հոբելյարին, ինչպես նաև նորընծա սարկավագներին։
Հովհաննես սարկավագ Գումրույան
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ

Այս նյութը դիտել են - 204 անգամ
Թողնել մեկնաբանություն
2025-03-07 01:06:00 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook