USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կեցցե՛ք Դուք, որ կարողանում եք քայլել ժամանակի մեջ և անդին
2017-10-09 12:01:00
Տպել Տպել

Տարիների լավագույն վաստակ ունեցող հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Բալասանյանի խոսքը՝ հրատարակված գրքերիս մասին, արժեքավոր էր, գնահատանքով լի: Ամիսներ առաջ Մարտակերտի կենտրոնական գրադարանում կազմակերպված Ադյան գրողի վիպակներից մեկի քննարկման մասնակիցն էր նա, որտեղ հանդես եկավ իր հուզական խոսքով: Այս անգամ էլ, որպես հայոց լեզվի և գրականության մասնագետի, զարմանալի չէր նրա իմաստալից վերլուծականը վերջերս հրատարակված «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գրքի մասին, որ հանդես եկավ իմ գրքերի շնորհանդեսի օրը: Ազնիվ զգացողությամբ շնորհակալական խոսքս թող հասանելի լինի հրաշալի անհատականությանը, որ ցանկացա արտահայտել իր ելույթի այս հրապարակումով: Նաև խորին երախտագիտությունս այդ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին՝ հանձին տնօրեն Մելսիդա Քարդումյանի:
Նատաշա Պողոսյան

Վաստակավոր ուսուցչուհի Ն. Պողոսյանը վերջերս նոր գրքեր դրեց ընթերցողի սեղանին: Եթե «Մանկավարժի օրագիրը» հետաքրքիր է որպես օրագրության հատուկ նմուշ, որի մեջ նրա հերոսները իր իսկ սաներն են՝ իրենց արտահայտման յուրատիպ ձևերով /շարադրություն, բանավոր խոսք, կարծիք/, ապա «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գիրքն ունի վերլուծական բնույթ: Ուսուցչուհին վերլուծությունը կատարում է հիշողությանը զուգընթաց՝ նորից դիմելով իր աշակերտների խոսք-կարծիքներին:
Բոլորովին էլ պատահական չէ, որ հմուտ մանկավարժի աշակերտներն իրենք են նախաձեռնում արցախցի արձակագիր Լ. Ադյանի այս կամ այն գրքի քննարկումը: Նրանք մեր ժամանակների համար զարմանալիորեն ակտիվ ընթերցողներ են, իրենց ուսուցչուհու նման փնտրտուքներ կատարողներ: Ուսուցչուհուն հաջողվել է աշակերտների միտքը սևեռել դեպի մեր պատմությանն ու ադյանական նրա վերլուծությանը:

Տիկին Պողոսյանի աշակերտները սիրում են նրան և պատրաստ են իրենց առաջնորդող ջահակիր ուսուցչուհուն հետևել ողջ կյանքում: Անչափ հուզվել եմ նրա յոթերորդցի Արեգ Ստեփանյանի խոստովանությունից: /Մեջ եմ բերում բառացի. «Անշա՛հ ուսուցչուհի, Ձեզ նման երկուսը կան իմ կյանքում՝ Աստված և մայրս: Ես սիրում եմ Ձեզ, տիկի՛ն Պողոսյան»/:
Առավել հոգեցունց է Ձեր արձագանքը. «Ինչքա~ն լավ է, որ ես ուսուցչուհի եմ, և նա սիրում է ինձ»: Այո՛, լավ է և շատ լավ: Դուք կարողանում եք երեխային մտածել սովորեցնել, մարդկանց և իրերը ժամանակի մեջ տեսնելու կարողություն ստեղծել նրանց մեջ, ինքնուրույն կարծիք կազմելու, մինչև վերջ անկեղծանալու հնարավորություն տալ նրանցից յուրաքանչյուրին: Ձեր խոսքը տպավորիչ է, Ձեր բնածին որոնողական եռանդը՝ վարակիչ:

Մտազբաղ ուսուցչուհին քննարկում, վերլուծումներ է կատարում դպրոցում, գրադարանում, թանգարանում և այլուր: Նրա շնորհիվ առավել տեսանելի է դառնում Ադյան հայրենասերի մեծությունը:
«Հեռացող եզերք»: Մեր ժամանակի պատմություն՝ իր ողբերգական երանգներով: Փշրվող երազներ...Հերոսուհին՝ բժշկական ինստիտուտի ուսանողուհի ադրբեջանցի Ռենան: Եթե Ադյան հումանիստին հաջողվել է սերը ներկայացնել Լեոյի և Ռենայի կերպարներով, ապա հոգեբան մանկավարժի անվրեպ նետը խառնել է աշակերտների հուզաշխարհը՝ նրանց մոտ ցանկություն առաջացնելով ստեղծել ֆիլմ՝ ստեղծագործության մոտիվներով և այն ցուցադրել անվճար՝ ամողջ աշխարհում: Պողոսյանի ընթերցասեր աշակերտները կարողանում են սիրել սովորել, հուզվել արտասվելու աստիճան և իրենց տեսնել Ադյանի այս կամ այն հերոսի դերում:
«Անձրևից հետո»: Ուսուցչուհու վերլուծականին հաջորդում են աշակերտների կարծիքները: Այսօրվա աշակերտն իրատես է, իր ասելիքի մեջ համոզված: Նրանք խոսում են սիրո անսպասելի ու ակամայից ծննդի, նրա անսահմանության մասին, իսկ 12-րդ դասարանի աշակերտուհի Աննան այնքան էր դերի մեջ մտել, որ պատրաստ էր իր ձեռքերով սպանել պատմվածքի հերոսին, որը խաղացել էր սիրո հետ:
Ուսուցչուհին հնարավորություն էր տվել բացվելու, և նրանք բացվում էին: Ահա թե ինչ է ասում 21-րդ դարի աշակերտը. «Ես հիմա գիտեմ, թե ինչ է կարոտը սիրած էակի նկատմամբ: Միայն կորցնելուց հետո եմ հասկանում, թե ինչքան եմ սիրում դիմացինիս»:
Ուսուցիչ-վերլուծաբանը ոչ միայն իր ասելիքն է ներկայացնում Ադյան արձակագրի մասին, այլև աշակերտներին է սովորեցնում մտածել, խոսել, դրվատել կամ դատապարտել: Գիրքը հագեցված է նուրբ հոգեբանությամբ և հերոսներից յուրաքանչյուրի հանդեպ յուրահատուկ զգայական արտահայտչականությամբ: Մեզ մնում է տիկին Պողոսյանին շնորհավորել իր հաջողված գրքի համար և ցանկանալ նրա բեղմնավոր աշխատանքում նորանոր հաջողություններ: Կեցցե՛ք Դուք, մե՛ծ ուսուցիչ, որ կարողանում եք քայլել ժամանակի մեջ և անդին:

Սուսաննա Բալասանյան
Մարտակերտի հ. 2 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 11649 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook