USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի առաջին հանդիպում Վլադիմիրի հետ, որ վերջինը դարձավ
2017-02-15 10:46:00
Տպել Տպել

Իմ ձեռքին մի խունացած թուղթ է` տասնվեց տարի առաջ գրված մի հիշողություն լեգենդար հրամանատարի մասին, որ բեմ բարձրացրեց ուսուցչուհուս Վլադիմիր Բալայանի ծննդյան օրը: Հանկարծակի ծագած մի միտք, որ պետք է ընթերցեմ նրա կյանքի այս մի փոքրիկ հատվածի մասին, որ դպրոցահասակ մի երեխայի հիշողություն է այն օրերից, երբ արցախցին իր նախնյաց արյան կանչով ելավ հրապարակ` իր ուսերին կրելով մեր նախնիների ժանգոտած հիշողության հրացանը:
Դահլիճում քար լռություն է, ինձ հառած հայացքներ, ու ես բոլորին ցույց եմ տալիս մի դեղնած թուղթ, որտեղ տողեր կան անմահացած այն օրերից, երբ պատերազմի այրող հոտը դեռ Արցախյան գոյապայքարի տարիներին շատ հայորդիների կռվի կոչեց, ու բռնեցին նրանք պայքարի ուղին և հավերժացան:
«Մեր լեռների արծիվը», այդպես էր Վլադիմիրի ծննդյան օրվան նվիրված ստեղծագործական շարադրության վերնագիրը, որ 2001-ի փետրվարին հանձնարարել էի գրել 10-րդ դասարանում: Այդ օրը Ելենա Ավթանդիլյանի տողերն առանձնացան մյուսներից: Լեգենդար հրամանատարի հետ իր առաջին ու վերջին հանդիպման մասին մի գեղեցիկ հիշողություն էր այն, որ տեղի էր ունեցել մեկ տասնյակ տարի առաջ: Այն թղթին հանձնեց նա` առանց գիտակցելու, որ տարիներ անց այդ հիշողությունը կավելանա անմահացած հերոսի կյանքի մասին պատմող տարեգրությանը:
«Ես, ինչպես իմ հասակակից շատերը, անմիջական ծանոթ չէի Վլադիմիրին ու նրա հետ կռվող տղաներին, բայց անգիր կարող էի թվարկել բոլոր կռվող տղաների անունները, գիտեի նույնիսկ նրանց սխրագործությունների մասին: Մարտակերտում մենք փոքրիշատե ապահովության տեսակետից ապաստանել էինք «Ղուզե թաղում»: Կանանց կենցաղային ռիթմը վաղուց խախտված էր, ժամերով նստում էին շտաբի ճամփեզրին` մարտադաշտից լուրեր իմանալու ակնկալիքով: Ես էլ իմ հասակակից երեխաների նման սիրում էի խցկվել ամբոխի մեջ` ինձ համար այնքան հարազատ տղաներից որևէ լուր իմանալու համար: Ես էլ գիտեի` եթե որևէ տեղ դրությունն այն չէր, ուրեմն ուր որ է Վլադիմիրը կհասնի իր տղաների հետ, ու ամեն ինչ լավ կլինի: Միայն ես նրան դեռ չէի ճանաչում:
Մայիսյան պայծառ օր էր, մարդիկ սովորականի նման խմբվել էին ճամփեզրին: Ինչ-որ մեկն ասաց` ահա եկան Վլադիմիրի տղաները: Շրջապատի մռայլ տրամադրությունն ասես րոպեական անհետացավ: Տարեց մի մարդ, որ գրավել էր իմ ուշադրությունը, առավոտից մի փունջ վարդ ձեռքին` դեռ նստած էր առանձին, բայց հանկարծ սթափվեց: Իր տարիքին անհամեմատ խրոխտ քայլերով մոտեցավ տղաներին: Ամուր բռնած ծաղկեփունջը` նա հայացքով փնտրում էր մեկին: Զինվորական հագուստով մի բարետես երիտասարդ առաջացավ: Տղաներն ազատ րոպե չկորցնելու համար տրվել էին կատակներին: Չգիտես որտեղից, հորմոն ճարվեց: Տղաները շուրջպարի բռնեցին: Տարեց մի մարդ, գրկած Վլադիմիրին, որդիաբար համբուրում էր նրա գլուխը, կամացուկ ինչ-որ բառեր շշնջում: Մի քանի րոպեից տղաների մեջ հայտնվեց նաև Վլադիմիրը` այդ մարդու հետ` ծաղկեփունջը խոթած գլխարկի արանքը:
Դա իմ առաջին հանդիպումն էր Արցախի ազատամարտի հերոս Վլադիմիր Բալայանի հետ: Հիշողությանս մեջ գաղթի ճանապարհների արհավիրքների հետ կա մի սուրբ, լուսավոր պատառիկ: Դա իմ առաջին հանդիպումն էր նրա հետ, որ, ցավոք, վերջինը դարձավ: Թշնամու դավադիր գնդակը խլեց նրա կյանքը, մարտի դաշտից ելավ նրա զոհվելու բոթը: Տարիներ անցան, հիշողությանս մեջ մնաց մայիսյան մի պայծառ օր, երիտասարդ, բարետես մի զինվորական, որ, վարդի փունջը խոթած գլխարկի արանքը, պարում էր ծերունազարդ մի մարդու հետ, և մերթընդմերթ կարծես ականջին է հասնում ծերունու դողդոջուն շշնջոցը, որ ասես աղոթում է նրա հանգստության համար:
Կրկին վերադարձել եմ Մարտակերտ, և այն դպրոցը, որտեղ սովորում եմ ես, կրում է քո անունը, իմ սիրելի՛ հերոս: Հիմա ես ամեն օր եմ հանդիպում քեզ ու մտովի վերհիշում այն առաջինը»:
Դահլիճի քար լռության մեջ ընթերցեցի ազգի նվիրյալի` անցած օրերից մնացած մի փոքրիկ պատառիկ, այդ նույն լռությամբ իջա բեմից, ու հիշողությանս մեջ մեր անցած ճանապարհն է, որտեղ ցույցեր կան, «քարե» պատերազմ, հարյուրավոր պատանդներ, սով ու մութ տարիներ, զինված պատերազմ, անթիվ վիրավորներ, ավերված տներ, գաղթի անտանելի տագնապալի ճամփա, արցունք ու արյուն, համառ պայքար, օտար եզերքներ ու նորից վերադարձ հայրենի տուն:
Նատաշա Պողոսյան

 

Այս նյութը դիտել են - 8692 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook