USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դժվար է մոռանալ հոգով ապրած պահերը
2016-11-09 09:59:00
Տպել Տպել

Առաջարկություն ստացա` աշակերտների մասնակցությամբ կազմակերպել որևէ գրողի ստեղծագործության քննարկում: Շուտով դասարանն ընտրվեց` 12-րդ հումանիտար, նախատեսվեց նաև թեման` դպրոցական սեր: Գրողի և ստեղծագործության ընտրության հարցում տարակարծություններ կային, բայց նախընտրությունը տրվեց արցախցի արձակագիր Լևոն Ադյանի «Իրիկնային աղջամուղջ» ժողովածուին: Իմ ձեռքի միակ գիրքը շրջանառվեց դասարանում, ընտրությունը մեկն էր` «Աշնանային ցրտեր» վիպակի շուրջ քննարկում կազմակերպել Մարտակերտի կենտրոնական գրադարանում: Բայց մինչ միջոցառման անցկացնելը` հասցրի իմանալ որոշ աշակերտուհիների կարծիքներ վիպակից ստացած տպավորության մասին:

Ջավադյան Վարդուհի: «Այս վիպակը միանգամից գերեց ինձ: Սկզբում ինձ թվում էր, թե այդ դպրոցական սերը հավերժական է, շատ գեղեցիկ էլ նկարագրված են նրանց հանդիպումները: Սակայն ամեն ինչ փոխվեց… Երանի՜ այս տխուր պատմությունն այսպիսի վերջաբան չունենար...Հասկանալի է, որ սիրող սրտերն այդպես էլ հավերժ կապված կլինեն իրար, բայց, ավա՜ղ, այն կմնա որպես սիրո հեքիաթային օրերի մասին մի անցած հիշողություն»:

Հովսեփյան Լիլիթ: «Այնքա~ն հետաքրքրիր ու պատկերավոր էին շարադրված դեպքերը, կարծես ինչ-որ գերբնական ուժ ինձ շղթայել էր այդ պատմությանը և թվում էր` ականատեսն եմ իրադարձությունների զարգացմանը: Կարդալով այս պատմությունը` հասկացա, որ կա միայն մեկ ճանապարհ` ճիշտ ապրելու և կյանքին հաճոյանալու համար` ապրել ազնիվ ու անսխալ, իսկ ապրել անսխալ, դա նույնն է, ինչ քայլես ավազի վրայով` առանց հետքեր թողնելու: Մի դպրոցական սիրահարված աղջիկ, ով ուզում էր լինել իր սիրած էակի կողքին և ապրել երջանիկ, անկեղծ սեր էր ուզում այս կյանքից, բայց...»:

Կարապետյան Արմինե: «Չեմ ասում, որ այս վիպակը կարդալուց հետո ես արտասվեցի, բայց անզգայացա: Ես մի պահ ինձ պատկերացրի հերոսուհու վիճակում: Իրոք, շատ հոյակապ է վիպակը, շտապում էի իմանալ, թե հետո ինչ է լինելու, փորձում էի գուշակել վերջը: Շատ դժվար է մոռանալ հոգով ապրած պահերը... Այս հերոսները դարձան ճակատագրի զոհ, յուրաքանչյուրն էլ ունի իր մեղքի բաժինը»:

Սաիյան Դիանա : «Վիպակը դպրոցական գեղեցիկ սիրո պատմություն է, որը գրավեց ինձ իր յուրահատկությամբ: Կործանվեց մի գեղեցիկ սեր, այն փշրվեց միանգամից: Շատ դժվար իրավիճակ է, երբ հերոսուհին շատ լավ գիտի, որ անիմաստ է իր կյանքը չսիրած տղամարդու հետ, բայց ստիպված է համակերպվել»:

Խաչատրյան Աննա: «Յուրաքանչյուրի կյանքում լինում են անմոռանալի օրեր, որոնք ժամանակ առ ժամանակ մեր հոգին ու սիրտը լցնում են անսահման կարոտով ու երջանկությամբ: Վիպակում երկու սիրող սրտեր բաժանվեցին իրարից` առանց իրար հետ բացատրվելու, նրանք չհասկացան, որ կյանքը կարճ է, և վաղն արդեն ուշ կլինի սիրո համար: Բոլորին ես խորհուրդ կտայի, որ սիրեն ու վայելեն նրա սերը, ով որ իր կողքին է միշտ և իսկապես սիրում է սրտանց»:

Ապրումների անկեղծություն կար նրանց խոսքերում, և ժամանակի ու տարածության հեռվից իմաստավորվում էր մի անգիտակից սեր, որ բազմազան էր իր դրսևորումներով ու անկրկնելիորեն գեղեցիկ, և պատահական չէր եղել այդ զգացումը, եթե տարիները չեն մոռացրել սիրո հուշը: Այդ զգացումը հաճախ անթարգմանելի է դառնում, առավելապես ցավագին է անորոշության` սիրտ ճմլող տագնապը, սպասման տառապանքը, կրկին հանդիպման հույսը, որ վիպակի հերոսների ապրումներին միահյուսված` նորօրյա աշակերտության սրտերում էլ արտահայտվում էր իրենց իրական ապրումների` կարոտի ու ցավի, հիասթափության ու դառնության, հանդիպման ու բաժանման հուզական տրամադրություններով:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց

Այս նյութը դիտել են - 4188 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook