USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՄԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԷԼ ՊԱՏԵՐԱԶՄ ՏԵՍԱՆ...
2016-04-11 04:08:00
Տպել Տպել

Մարտակերտում սկսվեց մեր առաջին աշխատանքային օրը: Ի տարբերություն ուսուցիչների, որ գնացել էինք դպրոց, աշակերտներ չկային:
Ծնողների մտավախությունն առկա է այս օրերին, ուստի չեն համարձակվում տարբեր տեղեր ապաստանած իրենց երեխաներին նորից ետ բերել, հուսանք, որ կարճ ժամանակում այս տրամադրությունները տեղի կտան, և նորից կանցնենք դպրոցական կյանքին:
2-րդ դասարանում սովորող թոռնիկս այստեղ է, նա սպասում է իր համադասարանցիների վերադարձին, բայց նաև չի մոռանում անցած սարսափելի օրերը:
Ապրիլի 2-ի հրետակոծության օրը մոռացա իմ անհանգիստ ապրումները, երբ տեսա Նարեկիս գունատված դեմքը: Նա ձայն չէր հանում, հանկարծ նստեց հատակի գորգին ու մնաց նույն դիրքում քարացած: Ձեռքը դրված էր դպրոցական պայուսակին, որտեղ էլ լիներ, իր հետ պիտի տաներ այն, բայց հանկարծ ինչ-որ բան հիշեց, բարձրացավ տեղից, փնտրեց խաղալիքների մեջ, բայց այն չգտավ: Սկսեցի խոսեցնել, իսկ նա պատմում էր, որ օրեր առաջ բակի տղաներով «պատերազմ» էին խաղում, ինքը վիրավորվել էր...
Ուժեղ գնդակոծումից նա հանկարծ սեղմվեց ինձ, իսկ ես հուսադրում եմ` մերոնք են, չվախենաս...Իր սովորած երգերից ու մանկական ոտանավորներից եմ հիշեցնում, թե ո՛րը կարող է երգել կամ արտասանել:
Նա տողեր է հիշում մեր հարազատ քաղաքին նվիրված երգից`
Թե՛ արթուն, թե՛ քնած, անունդ եմ տալիս,
Դու ամրոց անառիկ...
Ինչ-որ տողեր մոռացել էր, դեռ նոր էին սկսել սովորել, բայց նորից հիշեց` Իմ հերո՛ս Մարտակերտ, անվե՛րջ իմ կարոտ: Ես ուզում եմ նրան համոզել, որ նա պիտի իր մայրիկի հետ գնա այստեղից, գյուղում ապահով կլինի, իսկ նա հաստատակամ պնդում է, որ տատիկն էլ պիտի իրենց հետ լինի, ևս մի քանի րոպե, նա սկսեց արտասվել: Մի պահ լռվեց ամեն ինչ, կարծես ոչինչ չէր եղել, ու հանկարծ հիշում է իր մայրիկի սովորեցրած բանաստեղծության տողերը: Չնայած տխուր, բայց մի տեսակ ոգի առած սկսեց արտասանել.
Իմ մա՛յր հայրենիք, սիրում եմ ես քեզ,
Սիրում եմ հոգով, սիրում եմ սրտով,
Սիրում եմ` ինչպես հարազատ մորն իմ,
Ու եթե հանկարծ թշնամին վայրագ հարձակվի վրադ,
Իմ կյանքը կտամ, իմ շունչը կտամ,
Իմ Մարտակե՛րտ, օտարին քեզ չեմ տա:
Հպարտությամբ գրկում եմ նրան, բայց այդ պահին նորից հրետակոծություն: Նարեկիս մայրիկն էլ եկավ, բոլորս լուռ ենք, մենք չենք վախենում, այսպես ենք մեզ հուսադրում: Մեր դեմքերի վրա դրոշմված էր անհուն տառապանք, իսկ մոր թափանցող սուր աչքերը ասես թե տեսնում էին մեկս մյուսի հոգու խռովքը:
Մեր լռությունը խախտեց նրա մայրիկը. «Պատերս համբուրեցի, հետո դուրս եկա տնից...»:
Հազիվ զսպեցի արցունքներս, այդպես էր նաև 92-ին, իսկ աղջիկս թոռնիկիս տարիքին էր, այն ժամանակ ես էլ համբուրեցի բնակարանիս պատերը և դուրս եկա տնից...

Երանի՜այսուհետ չհամբուրենք մեր տան պատերը, Արցախի երեխաներն էլ պատերազմ չտեսնեն...

Նատաշա Պողոսյան
 

Արցախի վաստակավոր մանկավարժ,


Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի 

Այս նյութը դիտել են - 2529 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook