USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հարգենք ուսուցչին ու նրա իրավունքները
2018-09-30 22:35:00
Տպել Տպել

Ուսուցիչներս հաճախակի կրթության համակարգում կատարված փոփոխությունների իրականացման առանցքում ենք հայտնվում, առաջնորդվում այն բոլոր օրենքներով ու ծրագրերով, որոնք մեզ հրամցնում են վերևից: Ամեն անգամ նորն ազդարարում է հնի թերությունները, իսկ ուսուցիչներս այդ թերությունները կրողն ենք դառնում, մեզ հետ նաև՝ աշակերտները, դրա հետևանքներն իրենց վրա կրում են նաև նրանց ծնողները: Բայց ինչու՞ երբևէ չի պատժվում համակարգում բազմաթիվ սխալներ ներդրած ու դրանցով առաջնորդվող հազարավոր ուսուցիչների նախարարը, այնինչ ամեն ինչ բարդվում է ուսուցչի վրա, ում արհեստականորեն դարձնում են քավության նոխազ:

Այս օրերին տեղեկացանք, որ դպրոցում միասնական քննություն կհանձնեն 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտները հայոց լեզվից և գրականությունից, որով տեսանելի կդառնա նաև ուսուցիչների կատարած աշխատանքը: Նորից ուսուցիչը հայտնվում է թիրախում, այն դեպքում, երբ մեր ամենաթույլ կարողությունների տեր աշակերտները տարիներ շարունակ հայտնվել են բուհերում...
Ուրեմն, երբ բուհերի դռները բաց են բոլորի համար, պետք է ոչ թե ուսուցչի տված գիտելիքների մակարդակը միասնական քննություններով ստուգել, այլ աշակերտին նախապես պետք է հասանելի դարձնել այն ճշմարտությունը, որ այսուհետ խելամիտներն են ընդունվելու բարձրագույն, միայն այդ դեպքում նրանք կսովորեն ու ժամանակի ընթացքում նկատելի կդառնա ուսուցչի աշխատանքի արդյունքը:
Բացենք մեր աչքերն իրականության առջև, երբ տեսանելի է, որ բուհերում սովորողներից շատերը վարձավճար են մուծում, իսկ նրանց մի մասը դպրոցի թույլ կարողությունների տեր աշակերտներն են, որոնց միջոցով կրթության աղքատիկ բյուջեն որոշ չափով համալրվում է այդ գումարներով, որպեսզի նրանց դասախոսողներն էլ վարձատրվեն:
Պետական դպրոցներում ուսումը ձրի է, ուսուցչի աշխատավարձը պետության հաշվին է, ուրեմն ի՞նչ, փակե՞լ բուհերի դռները վարձավճարով սովորողների առջև, թե՞ պետության «հաշվին» ապրող ուսուցչին դատապարտել, որ լավ չի սովորեցնում... Իհարկե, նախընտրելին ուսուցիչն է, ով, ցավոք, նորից հայտնվում է թիրախում:
Ուսուցչին առաջարկվում է՝ աշակերտի մոտ սեր ծնել հողագործության հանդեպ: Տարիներ շարունակ մեր ժամանակներում բամբակի ու խաղողի բերքահավաքին ենք մասնակցել: Արդյո՞ք նոր ժամանակներում մենք կարող ենք աշակերտներին կցել որևէ աշխատանքի, երբ ամենաթույլ կարողությունների տեր աշակերտը քմծիծաղով է արտահայտում, թե մի քանի տարուց հետո ինքը ինչ պաշտոն կարող է զբաղեցնել և ինչ եկամուտների տեր կարող է դառնալ:
Որքան էլ նվիրված լինեմ ուսուցչի իմ մասնագիտությանը, նույնչափ չեմ կարող անտեսել այն անարդարացի վերաբերմունքը, որ ամեն ինչ տանում է ուսուցչի աշխատանքի արհեստական ծանրաբեռնվածությանը: Այս տարիներին տեսանելի էր՝ ուսուցչի աշխատավարձի բարձրացում՝ դրույքի դասաժամերի ավելացման հաշվին, գրավոր աշխատանքների ուռճացված քանակ ու կարգ, դասագրքերի խտացված նյութեր, էլեկտրոնային մատյանի տեսքով կրկնակի գնահատականների նշանակում, ուսուցչի աշխատանքի հանդեպ թերարժեքություն ու վարկանիշի անկում...Հնի ու նորի պայքար, որ ամեն մի նոր դատապարտում է հինը, բայց «դատապարտյալի աթոռին» միշտ հայտնվում է ուսուցիչը:
Հարգենք ուսուցչին ու նրա իրավունքները, երբ ուսուցիչն է ուսուցանում ապագա նախարարին ու նախագահին, տնտեսագետին ու բժշկին, բոլոր նրանց, ովքեր ապագա են կերտում, երկիր շենացնում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 12588 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook