USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Օտար հողում ես պարզապես գերի էի
2017-12-06 14:17:00
Տպել Տպել

Որքա~ն լավ եմ հասկանում իմ աշակերտուհի Աննա Պետրոսյանի անհանգիստ մտորումները, երբ ինքս էլ անցած դարավերջի Արցախյան պատերազմից հետո ընտանիքով բռնագաղթել, ապրում էի օտար ափերում: Ինչու՞ եմ ուրախանում, որ իր նման շատ-շատերը գերադասում են ապրել հայրենի բնօրրանում, քան մեծ քաղաքների շքեղության մեջ, որտեղ եղել է իմ այս գրառման «հերոսուհին», բայց պարզապես իրեն զգացել է այնտեղ որպես գերի ու վերադարձել հարազատ տուն: Ցավում եմ շատերի համար, ովքեր կարոտաբաղձ հոգով միշտ մեզ հետ են, բայց նաև ափսոսում եմ, որ ոմանք չեն էլ ուզում հիշել, թե որտեղից են գնացել օտարության. հաստատվել են այնտեղ՝ առանց հետադարձ հայացքի:
«Մարտակերտն այն վայրն է, որտեղ ծնվել եմ, որտեղ գտնվում է իմ տունը, որտեղ կատարել եմ առաջին քայլերս, թոթովել առաջին բառերս, որտեղ անց եմ կացրել ամբողջ մանկությունս: Այստեղ են ապրել ու մահացել իմ նախնիները: Եվ ինչքա~ն ջերմություն կա այստեղ, բայց, ցավոք, ոչ բոլորն են հասկանում:
Որոշ մարդիկ պատերազմից հետո բռնագաղթեցին, գնացին օտար երկրներ, որտեղ ուղղակի հյուր են, և ինչքան էլ այնտեղ ապրեն, միևնույն է, հյուր կմնան: Նրանք գուցե փնտրում են հայրենի՞ք, ավելի լավը, քան իրենցն է, սակայն հայրենիքը չեն ընտրում, այն միակն է, որի հետ կապված ես ամբողջ հոգով: Կան մարդիկ, ովքեր շրջել են աշխարհով մեկ, տեսել գեղեցիկ քաղաքներ և ափսոսում են, որ ծնվել են այստեղ:
Ես զարմանում եմ, թե ինչպես կարող են մոռանալ այս բիբլիական հողը, մոռանալ մեր պատմությունը: Ինքս էլ եղել եմ օտար հողի վրա, հոգիս այնտեղ կարծես նվաղում էր, գիտակցում էի, որ այնտեղ պարզապես գերի եմ, ինձ թվում էր՝ ամեն քայլափոխս վերահսկվում էր:
Այնտեղ շատ հայեր տեսա, ու մի պահ պարզապես մտքովս անցավ՝ նայել նրանց դեմքին, հասկանալ՝ զղջում կա՞ արդյոք, որ հայրենիքից հեռացել են: Ցավոք, նրանք ցանկանում էին ավելին, քան իրենց հայրենիքում է: Ապրում են այնպես, կարծես հայ չեն և մոռացել են նույնիսկ այն հայրենիքը, որտեղ ծնվել են: Որոշ ծանոթ հայերի հետ խոսեցի հայրենիք վերադառնալու մասին, սակայն նրանք քմծիծաղով պատասխանեցին. «Ինչի՞դ է պետք, մնա՛ այստեղ՝ ավելի զարգացած երկրում, այնտեղ ապագա չունես»:
Սրտի ցավով տեսա, թե ինչպես են ապրում օտարության մեջ ու հպարտանում: Մի անբացատրելի զարմանք ապրեցի, ու ինքս ինձ հարցրի. «Մի՞թե հայրենիքը նրանց այդքան խորն է դառնացրել»:
Ամեն մարդ պետք է սիրի իր հողը, մնա իր հայրենիքում, շենացնի հայրենի երկիրը: Այստեղ էլ կարող են լինել թերություններ, բայց չպետք է լքել այն: Ես երբեք չեմ թողնի իմ հայրենիքը…Ինչպես ասում են՝ հայրենիքը մեր ազգի ողնաշարն է՝ իր սխալներով հանդերձ»:
Աննա Պետրոսյանի տողերը հպարտությամբ են լցնում հոգիս, որ այս սերունդն իր ապագան տեսնում է մեր հայրենիքում, նաև այս սիրուն հայուհու վերջերս ինձ ուղարկած խոսքն եմ նորից ընթերցում շնորհակալական զգացումով. «Ցանկանում եմ, որ Ձեր արևաշող դեմքից չիջնի հոգսի ոչ մի ցող: Մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական վերելքներ ու հաջողություններ: Ցանկանում եմ, որ սերունդներ կրթելու բարձր ու վեհ կոչմանը միշտ հավատարիմ մնաք, որ Ձեր սաները միշտ հիշեն Ձեզ ու հպարտանան: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը: Ձեր շնորհիվ ենք մենք ներխուժում գիտության հարուստ գանձարան և փնտրում ու գտնում այնտեղ գիտելիքների մի ողջ պաշար, առանց որի մարդը ոչինչ է: Ես խոնարհվում եմ Ձեր առջև, Ձեր մեծության առջև, Ձեր ծով համբերության ու նվիրվածության առջև»:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 13774 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook