USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երբ ինձ նայում եք, ես ինձ կորցնում եմ
2016-12-08 09:11:00
Տպել Տպել

Երբեմն հանդիպում ենք աշակերտների, ովքեր ինչ-ինչ պատճառներով ներքաշված են, ինքնամփոփ, տագնապալից վիճակում: Դասը պատասխանելիս այդպիսի աշակերտները կարող են կաշկանդվել, կարկամել, կարմրել, ընդհատել խոսքը, նրանք լարված են լինում, վախ են զգում խոսելիս: Այսպիսի աշակերտները վստահ են, որ բոլորի ուշադրությունը ուղղված է իրենց, և այն կրում է բացասական բնույթ: Որոշ երեխաների մոտ տագնապալի վիճակը ամրապնդվում է ուսուցչի անարդար, ոչ նրբանկատ վերաբերմունքով, և դպրոցականի մոտ այն դրսևորվում է ուսումնական գործընթացում բարձր անհանգստությամբ, վատ գնահատական ստանալու սպասումներով:
12-րդ դասարանում եմ...Ինքս էլ զարմանում եմ, թե ինչու նրան ամեն անգամ դաս հարցնելիս մի ինչ-որ անհանգստություն եմ ապրում: Եվ ահա ոչ այնքան համարձակորեն այդ հեզիկ կերպարի մեջ ամփոփված աշակերտուհուն դաս եմ հարցնում: Այնքան փխրուն է նա, որ ոչ մի անգամ նույնիսկ չեմ ուզում ընդհատել, երբ հարց եմ ուղղում, ինքս էլ անհանգիստ եմ` տեսնես նա կկորցնի՞ իրեն, թե՞ կկարողանա պատասխանել: Երբ նայում եմ նրան, նա լռում է, մի քիչ հետո ընդհատված խոսքը նորից թև է առնում, և նորից սերտած տողերը հասանելի են դառնում ինձ, ու ես ամեն անգամ համոզվում եմ, որ այս երկչոտ բնավորությամբ և գեղեցկությամբ օծված աղջնակը դաս է սովորել: Երբեմն նրան հիշեցնում եմ, որ մի քիչ բարձրացնի ձայնը, երբեմն հասկացնում եմ, որ ինչ-որ վախվորած եմ տեսնում նրան, ուրեմն` ազատ զգա իրեն...Եվ ամեն անգամ իմ դիտողությունից հետո մեղմության քողով պատված մի երկչոտ ժպիտ է խաղում դեմքին:
Այդ օրն էլ այդպես էր: Գրատախտակին գրված նախադասության մեջ ընդգծված տեսա ենթական և ստորոգյալը: Ճիշտ էր ընգգծումը, բայց դա մի ակնթարթ տևեց, իմ նկատելուն պես` նա ջնջեց «սիրում եմ» բայի տակ կավիճով տարված երկու գծերը: Զարմացած նայում եմ, կավիճը նորից մոտեցնում է բառին ու նորից հետ տանում...Ինձ անհասկանալի այս երևույթը վերջապես պարզվում է նրա անկեղծությամբ. «Երբ ինձ նայում եք, ես ինձ կորցնում եմ ու սխալներ գործում»:
Կատակում եմ ես, փորձում շտկել իրավիճակը, ուրեմն այլևս չեմ նայի, և մեկ ուրիշից եմ դաս հարցնում, որպեսզի նա չկորցնի իրեն: Չտեսնելու եմ տալիս նրան, նույնիսկ առաջարկում, երբ վերջացնի, գնա նստի իր տեղում: Ես էլ եմ փխրուն դառնում այդ պահին, և հետո, շատ հետո` համարյա դասի ավարտին, նայում եմ նրա գրած նախադասության ընդգծված անդամներին: Նա ուղղում է սխալները, որոնք այնքան շատ էին, և ես այս անգամ ուզում եմ թեթևակի անցնել այդ սխալների կողքով, որ հանկարծ նա չկորցնի իրեն:
Ես ամիսներ անց նրա համար դարձա սիրելի ուսուցչուհի… Ուրեմն ի՞նչ, մենք չպետք է թույլ տանք, որ երեխան մշտապես զգա իր անլիարժեքությունն ու անինքնավստահությունը: Այն մեծապես պայմանավորված է երեխայի անհատական առանձնահատկություններով, սակայն դրա առաջացմանը նպաստում են նաև ուսուցիչների բարձր պահանջներն ու սպասելիքները: Իսկ աշակերտին նման վիճակից հանելու համար պետք է նրա նկատմամբ ինքնահարգանք ձևավորել, բացահայտել տվյալ աշակերտի ուժեղ կողմերը, նպաստել, որ ինքը գիտակցի սեփական սխալները, մշտական հավատ և վստահության ցուցաբերել նրա նկատմամբ` դրանով իսկ բարձրացնելով նրա ինքնագնահատականը:


Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1993 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook