USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Որքա~ն կցանկանայի, որ մի օր էլ ես երևայի այդ կայքում
2016-11-23 10:18:00
Տպել Տպել

Նա սովորում է իմ դասղեկական 7-րդ ա դասարանում, և ես ուզում եմ իրականացնել նրա երազանքը: Շատ պարզ է նա և ազնիվ, երբեմն` համարձակ, երբեմն` ամաչկոտ ու նաև երբեմն` երեխայական: Անցած ուսումնական տարում դասարանի ավագն էր, իսկ հիմա ավագի օգնականն է: Եվ ես այս պահին էլ հիշում եմ, որ անցած ուստարում նա իր դասղեկին երբեմն խնդրում էր, որ իրեն ազատեմ այդ պարտականությունից, երբ մի քանի «անկարգներ» նրան չէին լսում:
Իմ աշակերտի` Նարեկ Բաղրյանի` սպիտակ թղթի վրա սևացրած տողերն եմ ընթերցում. «Ես ամեն անգամ հետևում եմ այդ կայքին և շատ ուրախ եմ, որ Լոս Անջելեսի հայկական այդ կայքում տեղադրվում են Արցախի` սահմանամերձ բնակավայրում գտնվող մեր դպրոցի աշակերտների` հոգուց բխած խոսքերն ու նրանց նկարները: Միշտ էլ հպարտությամբ եմ կարդում նրանց մասին գրածները, և որքա~ն կցանկանայի, որ մի օր էլ ես երևայի, ուսուցչուհիս գրեր իմ մասին, և այն տեղադրվեր այդ կայքում»:
Ես ուզում եմ, որ նա ինչ-որ մի բան գրի, որ կարողանամ իրականացնել նրա երազանքը: Եվ շուտով ընթերցում եմ նրա տողերը. «Ես ինչպիսի՞ աշակերտ եմ...Գիտեմ, որ իսկական աշակերտը պետք է լինի համեստ, պարկեշտ, կարգապահ, ազնիվ, ընկերասեր, ուսուցիչներին հարգող, դասերից չուշացող: Ճիշտ է, ես երազում եմ այդպիսի աշակերտ դառնալ, սակայն ինձ մոտ բացակայում են մի քանի լավ հատկանիշներ: Օրինակ, ես ինձ կբնութագրեմ այսպես` ազնիվ, ընկերասեր, ուսուցիչներին հարգող աշակերտ եմ, բայց կուզենայի լինել նաև շատ համեստ, դասերից չուշացող, ոչ մի անգամ դասարանի աշակերտների հետ կռվի չբռնվեի, նույնիսկ երբ ես մեղավոր չեմ»:
Այս ազնիվ ինքնախոստովանությանը զուգահեռ` ես հիշում եմ այն օրը, երբ նա ավագ էր դեռ... Այդ օրը մտա դասարան, նա, մեջտեղում կանգնած, չէր կարողանում լռեցնել աշակերտներին: Ես նրան ասացի. «Դու նստի՛ր, մյուսները կանգնած մնան», և ո~վ զարմանք, նա շատ հանգիստ ինձ դիմեց. «Տիկի՛ն Պողոսյան, եթե բոլորը կանգնում են, ես էլ եմ կանգնում, չեմ ուզում նստել, ես էլ` նրանց հետ»: Զարմանքիս ավելացավ մեկ այլ միջադեպ: Րոպեներ հետո տղաներից մեկը դուրս գալու թույլտվություն խնդրեց: Մինչև դռան շեմին հասնելը` հանկարծ հարցրի. «Դո՞ւ էլ ես աղմկել», նա հաստատակամ գլուխն օրորեց` այո՛: Ամբողջ դասարանը միաբերան գոչեց. «Ստում է, ինքը հանգիստ նստած է եղել»: Նայեցի ավագին, նա լուռ էր, ոչինչ չէր խոսում:
Որքան զարմանալի, նույնքան ոգևորիչ են այս անակնկալները, ինքնին գեղեցիկ է դառնում անգամ սուտը, որը մարդկային լավագույն որակների դաստիարակության մեջ իր տեղը չունի, և նորից վերհիշում եմ «Արծվիկներ» խմբի մեջ ընդգրկված այս դասարանի աշակերտների կատարած խոստովանությունը. «Երբ աղջիկները մոռանում են իրենց վզկապները, տղաներն են աննկատ իրենցը տալիս աղջիկներին, որպեսզի տղաներին նախատե՛ք, ոչ թե աղջիկներին»: 
 Տպագիր շարված տողերս նորից ընթերցում եմ և բազմաթիվ նկարների մեջ փնտրում եմ իմ աշակերտի նկարը, որ այս նյութի հետ ուղարկեմ Լոս Անջելեսի հայկական «USArmenianews.com» լրատվական կայքին ու իրականացնեմ նրա երազանքը:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց

Այս նյութը դիտել են - 1948 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook