USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շատ զգույշ քայլենք մանկավարժի ճանապարհով
2016-11-22 09:47:00
Տպել Տպել

Ծանր էր տպավորությունս, երբ տեղեկացա ծնողի կողմից այսպիսի դժգոհության. «Տղաս առաջին դասարանում է սովորում, արդեն տառերն են անցնում, տնային առաջադրանք են հարձնարարել` մեծատառ և փոքրատառ «Աա» գրել: Ահագին մեծ ջանքեր գործադրելով` տղայիս օգնել եմ` գրել տառերը, բայց երեխաս հաջորդ օրը եկավ տուն շատ հիասթափված, այլևս չէր ուզում ոչինչ գրել, անգամ դպրոց գնալ:

Պարզվում է` դասվարը մեղադրել է երեխային, որ տառերը մայրդ է գրել, կոպտելով երեխային` պարտադրել է` գրատախտակին գրել տառերը, իսկ նա, ճնշվելով դասվարի վերաբերմունքից, ամեն ինչ իրար է խառնել: Որպես առաջին դասարանցի` գեղեցիկ, սլացիկ տառերով է գրում, երևի դա է պատճառը, որ չի հավատում երեխային: Նա խրախուսելու փոխարեն` հիասթափեցրել է երեխային, չգիտեմ` ինչպես վարվեմ, շատ ահավոր է...»: 


Հիշողությանս մեջ իմ աչքի առջև մտովի այդ պահին տեսա անցած ուսումնական տարվա 12-րդ դասարանում սովորող թույլ կարողությունների տեր աշակերտներից մեկին, ով այդ օրն ինձ էր ներկայացրել ավելի կոկիկ ու վայելուչ ձեռագրով գրված իր տնային առաջադրանքը: Զարմացական հայացքով նայեցի տետրին ու իմ կոշտ վերաբերմունքը սահմանափակվեց նրանով, որ այդ թերթը մի փոքր պատռեցի ու առաջարկեցի, որ ինքը նորից գրի: Նույնիսկ ժպտալով հարցրի. «Այդ ո՞վ է գրել, գեղեցիկ ձեռագիր է»: Նա, նույնպիսի ժպիտ խաղացնելով դեմքին, պատասխանեց. «Չեք ճանաչի, բարեկամ է, օտար ափերից է եկել»: Նույնիսկ անհարմարության պահ ապրեցի. «Ի՞նչ ես ասում, իսկ գուցե հայերենի նկատմամբ կարո՞տն է նրան տարել այդ արարքին...»: 
Ուզում եմ համեմատության եզրեր գտնել 1-ին և 12-րդ դասարաններում սովորող այդ աշակերտների միջև, մեկը նոր է ոտք դրել դպրոցի շեմին, արդեն հիասթափված է դպրոցից, իսկ մյուսն իր հետ տարել է այս գեղեցիկ հիշողությունը` որպես անցած օրերի մի հիանալի վերհուշ: Անձամբ ես, եթե անգամ կասկածեի, որ երեխան կարող է ինքը չի գրել այդ առաջադրանքը, երբեք` առավել ևս դասարանի բոլոր երեխաների ներկայությամբ, նրա համար անհարմարության վիճակ չէի ստեղծի: Կարծում եմ` մեր ոսկեղենիկ հայերենի, այն էլ հայոց այբուբենի առաջին տառի նկատմամբ իմ զգացողությանը ես դավաճանած կլինեի, եթե նման վերաբերմունք ցույց տայի իմ առջև նստած աշակերտի հանդեպ: Հիշենք, որ վեց տարեկան մանկապարտեզային խաղերին սովոր երեխայի հոգում դեռ նոր է դպրոցական կյանքի նկատմամբ հետաքրքրությունը ծլարձակում... Պետք չէ այն տրորել, հետագայում դժվար կլինի այն վերականգնելը:
Միշտ էլ այդ տարիքի երեխաների  անձի  առանձնահատկությունները լրացուցիչ դժվարություններ են առաջացնում ուսման գործընթացում: Նրանց ուսուցանելն ինքնին դժվար է, հասկանալի է, թե այսպիսի երեխաների համար ինչ ազդեցություն կունենա անհարմարության վիճակը, որը կարող է տանել տագնապայնության, պասիվության, նյարդային լարված վիճակի: Մանկավարժի կողմից երեխային բոլորի ներկայությամբ հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ գցելը վարքի անկայունության կարող է հասցնել երեխայի մոտ, այն էլ այն դեպքում, երբ նա դեռ նոր է հարմարվում դպրոցական նստարանին: Այդ տարիքում երեխաների մոտ շատ մեծ է հավանականությունը հիասթափության, որի արդյունքում թերարժեքություն է ծնվում իր իսկ անձի նկատմամբ, հասկանալի է, որ երեխայի համար դպրոցը կդառնա մի օտար միջավայր, որտեղ երբևէ չի ցանկանա ոտք դնել, ինքնըստինքյան նա կկորցնի իր հետաքրքրությունը ուսման նկատմամբ: Հետևաբար մեզանից յուրաքանչյուրն էլ մանկավարժի ճանապարհով շատ զգույշ պիտի քայլի, որպեսզի չսայթաքի, այլապես նա իր հետ ավերածություններ կբերի` տխուր և անմոռաց հիշողություններով:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց

Այս նյութը դիտել են - 1759 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook