USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հիշողության մեջ կմնաանցած ուսումնական տարվա մի 7-րդ բ դասարան
2016-09-06 08:56:00
Տպել Տպել

Երբեմն ուսումնական տարվա սկզբին հայտնվում ենք դժվարին կացության մեջ, երբ որևէ դասարանում արդեն հարմարվել ես այդ աշակերտներին, բայց ստացվում է այնպես, որ նորից չես դասավանդելու: Այդ մտածումներով որոշեցի նրանց հրաժեշտ տալ, բայց չեմ համարձակվում...Վերջապես քայլերս ինձ ինքնակամ տանում են 8-րդ բ դասարան, ու ես արտաքուստ չերևացող, բայց հանցանք գործած մարդու զգացողությամբ ուզում եմ արդարանալ, որ այդպես է ստացվել, և չեմ ուզում այս պարզ ու ազնիվ դեռահասներին ասել մի բան, որով պիտի արդարացվեր իմ «մեղքը»: Շուտով մենք պայմանավորվում ենք՝ միասին նկարվենք ու հավերժացնենք պահը:
Ինչու՞ եմ այսպես ցավոտ տանում, որ այս ուսումնականում նրանց չեմ դասավանդելու: Առաջին անգամ անցած սեպտեմբերին, երբ հանդիպեցինք, քարացած լռություն էր, ու այդ լռության մեջ կար մի մտահոգություն, որ օրեր անց իմացա այդ աշակերտներից մեկի մայրիկից, թե ինչ լավ է, որ երեխաները չեն վախենում ուսուցչուհուց:
Իմ հիշողության մեջ կմնա անցած ուսումնական տարվա մի 7-րդ բ դասարան, և այդ հիշողությունները նորից ինձ մտովի կտանեն այդ դասարանը, ու նրանց հետ ես կզրուցեմ մեր անցած օրերից: Այն կապույտ վարդի մասին կխոսեմ, որ այդ դասարանի վերջին նստարանին նստած աշակերտուհու երազանքն էր դարձել՝ լինի կապույտ ծովի ափին, ունենա կապույտ մի վարդ, հիացմունքով նայի այն հեռավոր երկնքի կապույտին: Բայց ինչպե՞ս չհիշեմ, երբ մի օր նա ասաց, որ գրականության իմ դասերին բոլորն իրենց մեծացած են զգում: Ես մտովի ամեն անգամ կգրկեմ այն երկրորդ նստարանին նստած իմ սանիկին, ում համար սրբություն են իր մայրն ու Աստված, բայց ինձ էլ նա մի օր տարավ իր սրբացված մոր կողքին դրեց ու ասաց, որ սիրում է անշահ ուսուցչուհուս իր մայրիկի պես: Եվ ինչպե՞ս մոռանամ այն մյուսին, որ նախավերջին նստարանին էր նստում, երբ մի քանի անգամ անպատրաստ ներկայացավ դասին, իմ դիտողությունից հետո նա «տղամարդավարի» ինձ խոստացավ, որ այդուհետ դաս կսովորի, և նրա ազնիվ խոսքը թև առավ, որպեսզի իր երդումը հանկարծ չխախտի:
Ես նորից հուզված կնայեմ այն ամաչկոտ տղային, ով մի օր արտասվեց բարձրաձայն, որ այդ օրը իր մարտիրոսված զինվոր քեռու ծննդյան օրն էր: Երբեք չեմ մոռանա, որ իմ հայոց լեզվի դասին զինվորն էր հոլովվում, և այդ օրը շաղախված էր այն նահատակ զինվորի հիշատակով: Նաև չեմ մոռանա այն վախվորած դեմքերը, որ տեսա ապրիլյան պատերազմական օրերին, բայց այն մեկը ժպտալով էր պատմում, որ հրետակոծության ժամանակ միամտաբար հարևանի մեքենայի մեջ էր պատսպարվել: Ու միշտ կհիշեմ առաջին նստարանին նստած իմ աշակերտուհու հպարտ խոսքերը, որ ինքը սիրում է հայրենի երկիր Հայաստանը, սիրում է ամբողջ հոգով ու սրտով, և ոչ ոք թող չզարմանա, որ Արցախի դուստրը հայրենիք է անվանել Հայաստանը, մի բան, որ գուցե տասնամյակներ առաջ դա անհնար էր թվում և նույնիսկ արգելված էր խոսել այդ մասին, իսկ հիմա իրականություն է դարձել:
Ամեն օր ես մտովի կզրուցեմ նրանց հետ, մեկ առ մեկ կհիշեմ անունները նրանց, երբեմն կմտնեմ նրանց դասարան, մտերմորեն կգրկեմ բոլորին, ու ջերմագին ասված խոսքերս թև կտան նրանց:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 8081 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook