USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՍՈՎՈՐԵՆՔ ԾՆՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ
2016-06-13 03:18:00
Տպել Տպել

Ուսուցիչը կարող է սովորեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ինքն է սովորում, հենց նա դադարի սովորելուց, կդադարի ուսուցիչ լինելուց:

Ջոն Լոկ

Սա անհրաժեշտ պայման է, որ պետք է հաշվի առնեն բոլոր ուսուցիչները: Նոր օրերում նոր մտահոգություններ կան, հետևաբար տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերել ինչպես աշակերտների, այնպես էլ ծնողների նկատմամբ: Տարբեր են նրանք, ինչպես նաև տարբեր է նաև այդ ընտանիքների սոցիալական վիճակը: Մենք միշտ էլ ուշադրության կենտրոնում ենք պահում բազմազավակ ընտանիքներին, առավել շատ` զոհվածների ընտանիքների երեխաներին, բայց դրանց կողքին կան այլ խնդիրներ: Տարիներ առաջ կրթված լինելը դիտվել է որպես սոցիալական բարձր կարգավիճակի կարևոր նախապայման: Այսօր «կրթվում» են բոլորը, և ամեն տարի մեր շրջանավարտները հայտնվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մինչ այդ դպրոցական նստարանին նստած աշակերտի ծնողը մտահոգ է նաև. արդյո՞ք կկարողանա կարգավորի իր երեխայի կրթության խնդիրները, չէ՞ որ տարեկան վարձավճարներ կան բուհում, իսկ ընտանիքում նա ունի այլ երեխաներ, և հնարավորություն ունի բավարարելու միայն կենսական նվազագույնը:
Մեզ մոտ տարիների վաստակ ունեցող մանկավարժն էլ հարկադրաբար է անցնում կենսաթոշակի: Իր «ծերությունը» հանգիստ վայելելու փոխարեն` հայտնվում է ծայրահեղ անապահով վիճակում` չնչին թոշակով: Բնականաբար, նման իրավիճակները չեն կարող իրենց բացասական հետևանքները չունենալ այնպիսի ընտանիքներում, որտեղ դպրոցահասակ երեխաներ կան, հետևաբար այդտեղ «հացի խնդիր» կա և սոցիալական անհավասարության կնիքն է դրված:
Նախկինում ընտանիքի բոլոր անդամները, բացի երեխաներից, մասնակցում էին ընտանիքի տնտեսվարման գործերին: Այսօր, սակայն, այդ հարաբերությունները որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Երեխան առանձին ընտանիքներում գերիշխող դիրք ունի և մասնակցում է ընտանիքի ծախսերի վարման գործընթացին: Ծնողին տեղեկացրի, որ միայն իր երեխան դասարանում չի մասնակցել Մուրացանի «Ռուզան» դրամայի ներկայացմանը: Նա մտորումների մեջ ընկավ, բայց նաև շատ հանգիստ պատասխանեց. «Երևի դա մեզանից է գալիս` մեր ընտանիքից, վերջերս էլ փող չտվեց, որ հաց առնենք, փողային հաշիվները տանը ինքն է վերահսկում»:
Բնականաբար, նման իրավիճակում հայտնված ծնողը պետք է գիտակցի, որ ներընտանեկան հարաբերություններում ստեղծված սխալ դրվածքը պետք է ժամանակին կանխել, այլապես նման հիվանդագին երևույթները շարունակական են լինելու և վնասակար այդ երեխայի համար: Հիշենք, որ անվիճելի է ծնողների դերը երեխաների դաստիարակության գործում, ծնողներն են նրանց առաջին դաստիարակները: Հետևաբար, նրանց վարքագծից, փոխհարաբերություններից, ներընտանեկան մթնոլորտից են էապես կախված երեխայի դաստիարակության բովանդակությունն ու ձևերը:
Մի օր լսում եմ. «Գլուխը պատովն է տվել ձեր ուսուցիչը, որ այդքան տնային աշխատանք է հանձնարարել...»: Գուցե նաև որոշակի ճշմարտություն կա այդտեղ դժգոհելու (խոսքը տնային առաջադրանքի ծավալի մասին է), բայց այդ ուսուցչի վարկանիշն ընկնում է աշակերտի աչքում, չէ՞ որ ծնողը երեխայի համար հեղինակություն է, ավելին` նա օրինակելի կերպար է, որի խոսքն արժեք ունի: Դրանից հետո հասկանալի է, որ այդ աշակերտը չի ընդունի իր ծնողի կողմից հերյուրանքների արժանացած ուսուցչի դիտողությունները: Նա արդեն վեճի է բռնվելու նրա հետ, հակադրվելու է նրան, չէ՞ որ դեռահասները շուտ բռնկվող են և շատ ժամանակ չեն կարողանում զսպել իրենց վայրկենական ապրումները մարդկանց ու երևույթների նկատմամբ: Երբեմն ուսուցիչն էլ չի գիտակցում իր սխալը, նա չի կարողանում կառավարել իր հույզերը և տեղիք է տալիս վարքի սխալ դրսևորման, դիմում է ագրեսիայի պաշտպանական հակազդմանը` անցնելով հակահարձակման:
Չմոռանանք, որ դպրոցի ջանքերը միայն այն դեպքում կտան արդյունք, երբ նրա հետ համագործակցեն ընտանիքն ու հասարակությունը: Ընտանիքը դպրոցի ամենամերձավոր օգնականն է, որովհետև այնտեղ է դրվում երեխայի վարքի ու բնավորության, այդ թվում նաև գիտակցական կարգապահական հմտությունների ձևավորման հիմքը: Որպեսզի դպրոցում դաստիարակության գործը լինի արդյունավետ, ուսուցիչները պետք է մոտիկից իմանան ընտանիքների մասին` ընտանեկան պայմանները, նյութական ապահովվածությունը, կուլտուրական մակարդակը, ընտանիքի անդամների հարաբերությունները միմյանց և ուրիշների հետ, իմանան` ո՞վ է զբաղվում երեխաների դաստիարակությամբ, ո՞վ ավելի շատ ազդեցություն ունի նրանց վրա, ծանոթ լինեն ծնողների մանկավարժական պատրաստականությանը, տեղյակ լինեն դաստիարակության դրվածքին ընտանիքում, իմանան ծնողների և երեխաների անհատական առանձնահատկությունները և այդ ամենի հիման վրա որոշեն յուրաքանչյուրին ներկայացվող պահանջները, նրանց նկատմամբ ցուցաբերեն տարբերակված մոտեցում, առանց որի հնարավոր չէ հաջողությամբ իրականացնել անձի ձևավորման գործընթացը: Ճշմարտությունը թույլ է տալիս ասելու, որ դպրոց-ընտանիք կապի շնորհիվ տեղի է ունենում նաև ծնողական հասարակության, այսպես ասած, յուրատեսակ կրթության գործընթաց: Եվ այսպիսի կապի շնորհիվ է, որ ավելի ամբողջական ու սահուն կարող է ընթանալ նաև ազգային ինքնության արժեքների՝ ազգային հպարտության, մշակութային արժեքների ամրապնդման, քաղաքացիական ինքնագիտակցության ձևավորման գործընթացը: Ընտանիք-հասարակություն-դպրոց փոխադարձ կապի և ճիշտ գործելակերպի շնորհիվ է, որ կարելի է կանխատեսել լուսավոր ապագա, սերնդի համալիր դաստիարակության արդյունք, իսկ դպրոցի վարած ռազմավարությամբ, առողջ ընտանիքների թվով է ուրվագծվում հասարակության պատկերը:

Նատաշա Պողոսյան 

Արցախի վաստակավոր մանկավարժ, 

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 2079 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook