USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՄՆ-ը շարունակելու է ներգրավված մնալ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական գործընթացին
2016-05-27 09:25:00
Տպել Տպել

«Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում նկատելի է դիվանագիտական ակտիվություն, բայց առաջընթացի ոչ մեծ հույս»,- այսպես էին օրերս ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական կենտրոնի վերլուծաբանները բնորոշել ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող դիվանագիտական գործընթացն ու դրա արդյունավետությունը։

Ըստ ամերիկյան կենտրոնի վերլուծաբանների, քաղաքական հարցերում առաջխաղացումը պետք է ուղեկցվի տարրական անվտանգության ապահովման բաղադրիչների իրագործմամբ, իսկ ո՛չ Լեռնային Ղարաբաղում, ո՛չ Ուկրաինայում չկա կայուն հրադադար։ «Մինչև դա չապահովվի, կոնֆլիկտները կշարունակվեն` անկախ այն բանից, թե քանի ներկայացուցչական հանդիպում կլինի, կամ քանի կարևոր պարտավորություն կստանձնեն դիվանագետները»,- կարծիք են հայտնել վերլուծական կենտրոնի փորձագետները։ «168 Ժամը» մի քանի հարց է ուղղել ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Եվգենի Չաուշովսկիին։

– Պարոն Չաուշովսկի, Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցը։ Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման արդյունքները։ Ձեր կարծիքով, որքանո՞վ են կայուն այս պայմանավորվածություններն աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում` Արևմուտք-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա վստահության դեֆիցիտի պայմաններում։

– Քաղաքական հեռանկարի տեսանկյունից հանդիպումը հատկանշական էր, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեցին միմյանց ապրիլին տեղի ունեցած ռազմական լարվածությունից հետո առաջին անգամ։ Այնուամենայնիվ, իրենց նշանակությամբ ոչ այնքան լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ինչում կարող ենք համոզվել` տեսնելով հրադադարի խախտումները, որոնք տեղի են ունենում ողջ շփման գծում մինչ հանդիպումն ու դրանից հետո։ Ուշագրավ է այն, որ հրադադարի խախտումները նվազել են, բայց դրանց շարունակականությունը ցույց է տալիս, որ լայն կարգավորումից կողմերը խուսափում են։

– Ապրիլյան պատերազմից հետո ռուսական ԶԼՄ-ները գրում էին այն մասին, որ ռուսական կողմը նախագահական հանդիպում է կազմակերպում, սակայն այդ ծրագրերը տապալվեցին, և հանդիպում կայացավ Վիեննայում բոլոր համանախագահների, հատկապես՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերով։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը մշտապես փորձում է պահպանել իր առաջատարի դիրքերը կարգավորման գործընթացում, ինչն այս անգամ չհաջողվեց, քանի որ արևմտյան համանախագահները ևս սկսեցին ակտիվորեն գործել։ Ինչպե՞ս եք ներկայումս գնահատում Ռուսաստանի դիրքերը կարգավորման գործընթացում և Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում։

– Ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանն ակտիվ և ազդեցիկ միջնորդ է և՛ Մինսկի խմբի ձևաչափում, և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ միակողմանի դիվանագիտական ջանքերում։ Ապրիլյան էսկալացիան ցույց տվեց, թե ինչպիսի կենտրոնական դերակատարություն ունի Ռուսաստանը ԼՂ հակամարտությունում, ինչը երևաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան և Ադրբեջան կատարած այցերից՝ անմիջապես այդ լարվածությունից հետո։ Կա նաև Հայաստանի ու Ադրբեջանի հետ բավականին լուրջ անվտանգության կապերի առկայության գործոնը։ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ գլխավոր խաղացող ղարաբաղյան հակամարտությունում՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական տեսանկյունից։

– Տեսնո՞ւմ եք արդյոք համագործակցություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այս նախաձեռնությունները համաձայնեցվո՞ւմ են միմյանց հետ, թե՞ ոչ։

– Ինչպես Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությունն Ուկրաինայում, Ղարաբաղի շուրջ նրանց փոխազդեցությունը և՛ համագործակցային է, և՛ մրցակցային։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը հետաքրքրված են Ղարաբաղում շատ ավելի լայն պատերազմի բռնկման կանխմամբ, բայց միևնույն ժամանակ՝ նրանք տարբեր տեսլականներ ունեն բանակցային գործընթացի քաղաքական և անվտանգության բաղադրիչների, ինչպես նաև՝ պոտենցիալ կարգավորման վերջնական տարբերակի վերաբերյալ։ Այնուամենայնիվ կա տակտիկական համագործակցության հնարավորություն նույնիսկ, քանի որ երկու կողմերը ռազմավարական տեսանկյունից մրցակցում են։

– Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ ջանքերը։ Ըստ Ձեզ` ԱՄՆ-ը կպահպանի՞ այն բարձր մակարդակի ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացին, ինչի ականատեսը դարձանք Վիեննայում, երբ հանդիպմանը մասնակցեց նաև պետքարտուղար Քերին։

– ԱՄՆ-ը շարունակելու է ներգրավված մնալ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական գործընթացին, թեև սա Վաշինգտոնի և Մոսկվայի միջև տեղի ունեցող շատ ավելի լայն բանակցությունների առարկա հանդիսացող մի քանի խնդիրներից միայն մեկն է։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ներգրավված են դիվանագիտական առումով ինչպես՝ Ուկրաինայի, այնպես էլ՝ Սիրիայի հակամարտությունների կարգավորման գործընթացում, և այս բոլոր բանակցային գործընթացները միմյանց հետ կապ ունեն։

– Ի՞նչ կարելի է ակնկալել ԼՂ հակամարտության գոտու հետագա զարգացումներից։

– Ղարաբաղյան հակամարտությունը կմնա «եռացող» վիճակում՝ պարբերաբար հրադադարի խախտումներով և հանկարծակի զոհերով, չնայած լայնածավալ ռազմական գորողությունների բռնկման հնարավորություններն այս անգամ քիչ են։ Միևնույն ժամանակ ինտենսիվ դիվանագիտական բանակցային գործընթացը հակամարտության շուրջ կշարունակվի, ինչը քիչ հավանական է, որ տեսանելի ապագայում հակամարտությանը նշանակալի կարգավորում ապահովի։

Այս նյութը դիտել են - 2003 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook