USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 17 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեկնարկեց սփյուռքի ամենահեղինակավոր միօրյա վարժարանի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի նոր տարեշրջանը
2025-08-17 11:22:00
Տպել Տպել


«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»,- գրել է Մեծն Թումանյանը։ Այս խոսքերն այսօր, առավել քան երբևէ, դառնում են ուղենիշ և պատգամ բոլորիս համար՝
հիշեցնելով, որ մայրենիի պահպանությունն ու փոխանցումը սերունդներին ոչ միայն պարտականություն են, այլ նաև ազգային ինքնության պահպանման կարևորագույն
երաշխիք ։

Հայրենիքից հեռու ապրող յուրաքանչյուր հայի համար մայրենիի կարիքը զգացվում է ամեն օր՝ ընտանիքում, դպրոցում, համայնքում։ Հայոց լեզուն է, որ կապում է մեզ մեր նախնիների ու մեր մշակույթի հետ, լեզու՝ որի միջոցով փոխանցվում են դարերի պատմությունն ու սրբազան արժեքները։ Ահա թե ինչու օտար
ափերում մայրենիի պահպանումը, տարածումը և խորիմացությունը դառնում են անփոխարինելի և առաջնահերթ առաքելություն ։
ԱՄՆ Արևմտյան թեմը առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, տարիներ շարունակ իր հոգածության կենտրոնում է պահում կրթության, մայրենի լեզվի և հայեցի դաստիարակության սրբազան գործը։
Լավագույն օրինակներից մեկը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցն է։

Արդեն 26 տարի է, ինչ այն իր գիրկն է առնում շուրջ 350 և ավելի մանուկների՝ նրանց շնորհելով հայերեն լեզվի, հայ մշակույթի ու հոգևոր արժեքների հարստությունը։
2025 թվականի օգոստոսի 16-ը տոնական օր էր Բրբենքի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարում։ Սփյուռքի ամենամեծ և հեղինակավոր մեկօրյա դպրոցը կրկին բացեց իր դռները հայ մանուկների ու պատանիների առջև՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը։ Եկեղեցում տիրում էր առանձնահատուկ մթնոլորտ․ հուզմունք, սպասում և ուրախություն։ Ամենաշատը, սակայն, առանձնանում էին նորեկների ճառագող աչքերը․ նրանք, ծնողների ձեռքից բռնած, առաջին անգամ էին ոտք դնում դպրոց, որտեղ պատրաստվում էին սովորել ոչ միայն տառ ու գիր, այլև հայրենասիրություն, հավատ և ազգային արժեհամակարգ։
Նրանց դիմավորեցին նաև ավագ դասարանի աշակերտները՝ յոթերորդցիները, ովքեր իրենց վստահ կեցվածքով ու ջերմ խոսքով նոր շունչ հաղորդեցին տոնին՝
խոստովանելով, որ անհամբերությամբ էին սպասել այս օրվան, քանզի շաբաթօրյա դպրոցը դարձել է իրենց երկրորդ տունը։
Օրհնության և բարի գալուստյան խոսքով հանդես եկավ Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի հովիվ, արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը։ Իր պատգամի մեջ նա առանձնակի շեշտեց ծնողների դերը՝ նշելով, որ այսօր նրանց կատարած
գործը կպտղաբերի տարիներ հետո, երբ համայնքի առաջև կկանգնեն կիրթ, բանիմաց և հայեցի դաստիարակությամբ մեծացած հայորդիներ։ Նա նաև վստահեցրեց, որ այսօրվա աշակերտներից շատերը ապագայում, ինչպես ներկայիս կամավորները, սիրով կվերադառնան դպրոց՝ իրենց ծառայությունն ու օգտակարությունը բերելու։ Տեր Խաժակը բարձր գնահատեց նաև դպրոցի բազմամյա տնօրեն՝ բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանին, ով իր անսպառ ջանքերով ու նվիրումով մշտապես առաջնորդում է դպրոցը դեպի նորանոր բարձունքներ։
Տնօրենն իր սրտագին խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Տեր Խաժակին մշտական աջակցության համար և երախտիքի խոսքեր հղեց ուսուցիչներին, որոնք
շաբաթ առ շաբաթ իրենց հոգին ու սիրտը փոխանցում են աշակերտներին։ «Ուսուցիչը մեր դպրոցի հենասյունն է, իսկ աշակերտը՝ մեր ապագան»,– ընդգծեց նա։
Հովհաննես սարկավագը նշեց նաև, որ Երևանի Պետական Համալսարանի կողմից դպրոցն ստացել է հուշամեդալ՝ համագործակցության և աջակցության համար։
Սա ոչ միայն պատիվ էր, այլև նոր խթան՝ ավելի մեծ նվիրումով ծառայելու հայրենանպաստ առաքելությանը։

Անցնող ամռան ընթացքում դպրոցը զինվել է գերժամանակակից թվային համակարգերով, որոնք եթե չեն գերազանցում, ապա ոչ մի կերպ չեն զիջում պետական կամ մասնավոր կրթական հաստատություններին։ Տնօրենը վստահեցրեց, որ աշակերտներն այս հնարավորություններից կօգտվեն առավել արդյունավետ ձևով՝ կիրառելով իրենց գիտելիքները մայրենի լեզվի ուսման ընթացքում։
Խոսքի ավարտին հորդորեց նաև, որ աշակերտները սիրեն և պահպանեն մաքրամաքուր հայերենը՝ բարձր պահելով հայի անունը, ինչպես նաև արժևորել այն հնարավորությունը, որ տրված է նրանց է։
Նոր ուսումնական տարին պաշտոնապես մեկնարկեց։ Աշակերտները, ուսուցիչների ուղեկցությամբ, անցան դասարաններ՝ պատրաստ շարունակելու
սերունդների անփոխարինելի առաքելությունը՝ պահպանելու և փոխանցելու սուրբ Մաշտոցյան գիրը։
Թո՛ղ Օշականից ճառագող փարոսը բոլորիս բարի ընթացք, լուսավոր ճանապարհ և հաջողություններ պարգևի 2025–2026 ուսումնական տարում։
Գայանե Գևորգյան
6-րդ դասարանի ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 89 անգամ
Թողնել մեկնաբանություն
2025-03-07 01:06:00 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բոլորը ›››
Facebook