USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՈՒ ԱՅՍՊԵՍ ԱՆՎԵՐՋ ԿԺՊՏԱՆՔ ՄԻՄՅԱՆՑ, ՄԻԱՅՆ ԹԵ ԼԻՆԵՆՔ...
2016-05-12 11:50:00
Տպել Տպել

Այսօր աշակերտ չունեինք դպրոցում, բայց հիշում եմ այն վերջին օրը, երբ դպրոցի 7-րդ դասարանում էի…Ընդամենը երկու աշակերտուհի, ովքեր ուշադիր ինձ էին նայում:

Համեստության, գուցե նաև ամոթխածության քողով պատված նրանց դեմքին վախվորած ժպիտներ տեսա, բայց միշտ էլ դասարանի երկու տասնյակ աշակերտների մեջ նրանք շատ լուռ, մի քիչ ինքնամփոփ կերպարով էին երևում:

Հարազատ բնակավայրիս անհանգիստ ապրումներն էի ուզում փնտրել նրանց դեմքերին, կարծես չէի տեսնում: Մեր լռությունը խախտվեց հանկարծ նրանցից մեկի ժպտերես հարցումով, թե ինչպես եմ ինձ զգում այն փոթորկալից օրերից հետո: 

Չնայած զարմանալի էր այդ ամաչկոտ աղջկա անմիջական հարցը, կարծես ուզում էի փախցնել հայացքս, որ չնկատեին դեմքիս հայտնված անհանգստության ու սարսափի դրոշմը, որ պիտի հակադարձվեր նրանց լուսավոր ժպիտներին: Հանկարծ չլսելու եմ տալիս հարցը, ու ես եմ ուզում իմանալ, թե ինչպես են իրենք…Եվ, ո՜վ զարմանք, պարզվում է` լավ են…

Հետաքրքիր է, երբ լավ ասելու բան չկա, այս երեխաները, տեսնես, ինչո՞վ են լավ զգում իրենց… «Մենք մոտակա գյուղ էինք գնացել, այնտեղ մի քիչ ապահով էր, բայց հաջորդ օրը հայրս ինձ բերեց դպրոց, առաջին դասաժամից ուշացել էի»,- ասում է մեկը, մյուսն ավելացնում է.«Մենք այդ օրերին այստեղ էինք, թաղամասի մի քանի երեխաներ, տներից դուրս եկած, մտել էինք հարևանի մեքենայի մեջ, թվում էր այդ մեքենան պիտի մեզ փրկեր քաղաքի վրա թափվող հրետանու արկերից»:
Հերթը հասնում է ինձ, թե որտեղ էի ես, ու նորից դեմքիս հայտնված մռայլությունը փորձում եմ քողարկել նրանցից. «Ես այդ օրն իմ բնակարանում էի, թոռնիկս քնած էր այդ ժամանակ, իսկ ես հսկում էի նրա գիշերային քունը և կարծես փորձում էի վանել նրանից արկերի շառաչը»:
Նրանք զարմացած ինձ են նայում, ու ես ուզում եմ գտնել այդ «շառաչ» բառի հետ գործածվող նոր բառեր, որ կարող է դա լիներ ծովի շառաչ, որին ունկնդրել կարելի էր հիացմունքով, գուցե ջրվեժի՞ շառաչ, որին նույն հիացական հայացքով կարող էիր նայել կամ անձրևի՞ շառաչ, երբ գարնանային վախվորած արևի շողերի ներքո ինքնաբուխ թափվում է...«Արկերի շառաչ», կրկնում եմ նորից, ինչու՞ եմ մեղմացրել... 

Եվ ավելացնում եմ նոր բառեր` արկերի հուժկու շառաչ կամ գուցե արկերի սարսափազդու՞ պայթյուններ, որ բթացնում են քեզ, մոռանալ տալիս անելիքդ, այդ պահին մոռանում ես նույնիսկ քեզ, ու հանկարծ դեմքիս մի աղավաղված ժպիտ է խաղում, կարծես ասում եմ` ինչ լավ է, որ դուք լավ եք, նույնիսկ ժպտում եք...

Ու ես նրանց հետ ժպտում եմ հանկարծ, հետո մտորում` այսպես անվերջ կժպտանք միմյանց, միայն թե լինենք, ու երբ հարցնեն, թե ինչպե՞ս ենք մենք, նորից կասենք` մենք այնքանով ենք լավ, որ դեռ ապրում ենք...


Նատաշա Պողոսյան  

Արցախի վաստակավոր մանկավարժ,  

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ  

դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 1999 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook