USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՍ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԽՈՀԵՐԸ
2016-04-01 12:08:00
Տպել Տպել

 

Երբեմն պատահում է, որ խաթարվում է մեր խաղաղ կյանքը:

Գիշերվա կեսին հանկարծակի սկսվող հրետակոծության արձագանքից սիրտդ կծկվում է, հոգիդ` ալեկոծվում անհանգստությունից, ուզում ես սփոփել ինքդ քեզ, ու խաբուսիկ մի պատրանք ես ստեղծում քեզ համար, որ իբր ամեն ինչ լավ է, պետք չէ հուսալքվել, բայց երբ թվում է, թե ևս մեկ անգամ` տունդ ահա փուլ կգա գլխիդ, ուզում ես աղաղակել, աշխարհին ի տես` բոլորին ասել, որ խաղաղ ապրել ես ուզում....

Երբեմն դռան թակոցից վեր ես թռչում, գիշերվա կեսին հեռախոսի զանգից հանկարծակիի ես գալիս, ուզում ես խլանալ, ոչինչ չլսել, րոպեներդ ծանրանում, ժամեր են դառնում, իսկ դու անհագ կարոտով սպասում ես լուսաբացին, որ ժպիտը դեմքիդ մտնես դասարան: 
Իսկ աշակերտներից ոմանք հարցնում են. «Այն ի՞նչ էր այս գիշեր, կրակոցներ լսեցի՞ք ...»:
Արտաքուստ հանգիստ ես ձևանում, բայց չես էլ թաքցնում, որ այդ պահերին ուզում ես իրենց հետ լինել: Նայում ես նրանց, խաղաղ են, անհոգ, անսովոր չես տեսնում ոչինչ և ամաչում ես հոգուդ ալեկոծումից, սրտիդ անհանգիստ տրոփյուններից ես ամաչում, որ գիշերային կրակոցների արձագանքների տակ այնքան արագ են խփում… Այդ պահին ամաչում ես ինքդ քեզնից և որոշում ես` այսուհետ գիշերային հրետակոծությունների ժամանակ մտովի նրանց հետ լինել, որպեսզի չվախենաս այդ մահ սփռող հրետանային կրակահերթերից:  

Ամեն անգամ օջախների լույս է մարում, իսկ դու, սահմանային բոթաբեր լուրերից կուչ եկած, չես կարողանում անգամ սրտանց ուրախանալ:

Տառապանքի ահազանգի կողքին երբեմն հայտնվում է մի փոքրիկ վախվորած ժպիտ, որ չի համարձակվում անգամ իր գոյության մասին ազդարարել: Ցավը հոգումդ աղաղակում է ու չի թողնում անգամ վայելել փոքրիկ ուրախալի լուրը: Ամեն անգամ սպանում ես դեմքիդ հայտնված ժպիտը, որ երբեմն հայտնվում է անկախ քեզանից, սպանում ես ծիծաղդ, որ ասում են` երբեմն առողջարար է այն, բայց ոչ քեզ համար… Սպանում ես հոգումդ ծնված ամեն մի բերկրանք, բայց պահում ես հույսդ, հավատդ ես պահում, կառչում ես լույսից, միայն թե ապրես...Եվ ապրում ես դու, այսպես ես ապրում` ճաք տված սիրտը չես թողնում կանգնի, տառապած հոգուն չես թողնում ճչա, միայն թե ապրես...

Եվ այսպես է միշտ իմ օրն ավարտվում… Ու ամեն անգամ իմ գունաթափված օրվա ցավի փոշիներն եմ հավաքում, որ կարողանամ լավ օրերի հեքիաթը հյուսել: Անցյալի դառն օրերի հուշերի փոշին սրբում եմ, որ նորերի հետ խնամքով զետեղեմ ցավի հուշամատյանում: Խնդրում եմ Աստծուն՝ ամենուր լույս տա և գիշերային լռության մեջ մտովի աստղազարդ երկնքին Արցախիս համար «խաղաղություն» եմ ասեղնագործում, որ արշալույսները նորովի բացվեն: Եվ եթե հանկարծ ամպի թելեր եմ տեսնում երկնքում, դողում է սիրտս, տրոփում անձայն, թախծի շիթեր են երևում հանկարծ, և ես քրքրված արև եմ փնտրում:

Եվ լուսաբացին արևի թախծոտ աչքերն եմ շոյում, իսկ կեսգիշերին ` ձեռքերս եմ պարզում աստղի թևերին: Ուզում եմ անվերջ լույսեր տարածել, բայց համրացած մի ծառ լռում է անվերջ... Ծառի ծաղրանքն եմ նկատում հանկարծ, ծաղկուն բառերի շուրջպար եմ բռնում, որ ինքն էլ ժպտա: Խավարի միջից աստղերն եմ հաշվում մանկան քրքիջով, ծիծաղն եմ գրկում արևոտ օրվա, ջինջ առվակների կարկաչն եմ լսում, մտքիս ճախրանքը` լռին ու խոսուն: Խաղաղված հոգով լույսեր եմ ցանում, որ ժպիտներս տարածեմ անվերջ այդ ճանապարհին:  Ու հանկարծ անտես ինչ-որ տեղերից հարցեր են գալիս, հոգուս մեջ թառում:
Բայց մենք, մենք պի՞նդ ենք, թե՞ ընդհանրապես երես ենք առել, որ լուռ տանում ենք ցավերն աշխարհի...Չե՞նք հավատում, թե՞ հարմարվել ենք մեզ բաժին հասած այս ճակատագրին...

Սպասում ենք լռին, անհասկանալի մի խոր լռություն լռեցնում է մեզ, որ պիտի սպասենք....Ինչի՞ ենք սպասում, որ ռումբը պայթի ու նո՞ր հավատանք, որ սարսափելի օրեր ենք ապրում:
Էլ ձայներ չկան, ուրախանում ենք այդ պահով միայն, ու հանկարծ նորից շառաչուն ձայներ, որ շունչդ պահած լսում ես լռին, որ տեսնես հետո դու կա՞ս, թե՞ չկաս...Երեխաների «պատերազմ» խա՞ղն է, որ ասենք ահա հանկարծ վերջանա, ծափով-ծիծաղով կանցնի-կգնա...Ամանորի մեծ, շքեղ հանդեսի արձագանքների վաղուց սպասվող ուրախ ձայնե՞րն են, որ պիտի սպասենք մեր հերթն էլ հասնի, մենք էլ ողջունենք ու բարին մաղթենք ամբողջ աշխարհին:
Դպրոցի զանգի սուր ղողանջնե՞րն են, որ շտապենք մտնել դասարանները, դասից չուշանանք... Մեր տան դռների զանգերի ձայն չէ, որ ուրախանանք զանգերի ձայնով, հյուրընկալ դեմքով մեր դուռը բացենք: Այդ խուլ ձայները բարի լուր բերող նոր ավետիս չեն, որ ուրախանաս, սրտիդ բերկրանքը ամենքին հայտնես գոռում-գոչյունով, հոգուդ ցնծությամբ...

Սպասում ենք, սպասում, գոռ, ահեղ ձայները ե՞րբ պիտի լռեն:

Մի ամբողջ ցերեկ, մի ամբողջ գիշեր, լույսի-ստվերի խաղով բռնված, երիցուկ ծաղկի թերթերի նման թերթում ենք, թերթում, մեր ժամն ենք թերթում, որ սա էլ անցավ, մեր օրն ենք թերթում, որ օրն էլ անցավ, բայց մենք ողջ ենք դեռ, թերթում ենք այսպես օրեր շարունակ... Ամիսն ենք թերթում, ամիսներն անցնում, սպասում ենք նորից, տարին գլորենք, տեսնենք տարի՞ն էլ պիտի մենք թերթենք...Երբեմն նույնիսկ մեզ էլ ենք թերթում, մեզ թափ ենք տալիս ու սպասում նորից, մենք կա՞նք թե՞ չկանք...Ուրախանում ենք, երբ թերթել գիտենք, ուրեմն մենք կանք, ուրախանում ենք, որ ապրել գիտենք, բայց մենք չենք ապրում...Օրացույցի թերթերի նման օրերն անցնում են, իսկ մենք ուրախ ենք` այս օրն էլ անցավ, օրը թերթեցինք, նորից սպասում ենք մի նոր թերթիկի, միայն թե թերթենք...  


Թերթում եմ նորից… Այս անգամ շարադրանքի թերթերն եմ թերթում, իմ աշակերտուհու մտքերն եմ թերթում` զինվորին ուղղված, որ ոգեղեն են` ի սրտե գրված: Այսօր իմ օրը չեմ ուզում թերթել, անցյալ է դառնում ապրածդ օրը, երբ այն թերթում ես...Այսօր ապրում եմ թերթի էջերով` ջերմությամբ լեցուն, հստակ խոսքերով... Նորից նայում եմ տողերին հակիրճ, և ինձ մատուցված անակնկալից բերկրանք եմ ապրում...Թերթի էջերը միայն կթերթեմ, այս օրը երբեք չեմ ուզում թերթել:

Նատաշա Պողոսյան
 

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

 

Այս նյութը դիտել են - 2434 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook