USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ...
2016-03-06 01:50:00
Տպել Տպել

Արցախի  «Անհայտ կորած ազատամարտիկների  հարազատների միության»  կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթում Արցախի վաստակավոր մանկավարժ՝ Նատաշա Պոշոսյանի աշակերտուհու  ստեղծագործական շարադրանքն ՝ արժանացավ առաջին մրցանակային տեղին:  

  Հայրենիք, հավատ, բանակ

Մատներս շոշափում են հուշարձան դարձած քարի շուրջը բուսած նուրբ ցողունը ծաղիկների… Լուռ են նրանք` միաձուլված հուշարձանի լռությանը: Այդ լռությունը խախտում են անձրևի կաթիլները, որոնք քարի վրա դառնում են մարգարիտներ: Շարժվեցի` հեռվում թողնելով լռությունը… Զեփյուռը, ըստ սովորության, սահում էր, իսկ անձրևի նվագից փախչող մեղուներն իրենց փեթակներն էին վերադառնում: Նոր ծաղկած յասամանի բույրն էր տարածվել օդում, ու ես մտածում եմ…

Հրաշք չե՞ն, արդյոք, լույսով երիզված տանիքները, կարմրաքար վանքերն ու առատ բերքից հոգնած խնձորենիները: Եվ հրաշք չե՞ն, արդյոք, բերդերին քանդակված մեսրոպյան գրերը և ձորերի պռունկներից կախված խաչքարերը: Այստեղ հայրենիք կա, որը հավերժությունից հառնում, դառնում է ներկա, ապա մի բուռ դառնում մեր սրտերում: Հայրենիք, որտեղ սիրում են, ապրում, արարում, ձուլվում երազին, որի խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու, որի համար կռվի են ելնում առանց հրամանի, որին կարոտում են հեռվից, և այդ կարոտից ծնված երգեր են հյուսում ու արտասվում օտար ափերում դեպի անհայտություն լողացող առագաստների վրա:

Հայրենիք, որը կորցնելուց հետո էլ ոչինչ չի մնում կորցնելու, որովհետև առանց նրա հացը անաղ է դառնում, լեռները՝ քարերի կույտ, անձրևը՝ ջուր սովորական, ծաղիկները` բույս ամենօրյա: Նրանից են սկսում ճանապարհները, նրանից են ծնունդ առնում տողերն ու մտքերը: Մարգագետնի քնքուշ ծուլության մեջ գոլորշիանում են անձրևի կաթիլները: Մի ծիծեռնակ է գլուխը հանում իր նորահյուս բնից և հետևում արևի ճառագայթների սլացքին: Ծառի զարկերակների հետ տրոփում են կարծես թռչնակի զարկերակները: Նրա երգը միահյուսվում է ճառագայթների սլացքին, որոնց հյուլեները կարծես պար էին բռնել այդ մեղեդու տակ:

Հայացքս հառեցի այգու ռեհաններին, որոնք ամեն տարվա նման ցանել է մայրդ… Հավանաբար, որ նրանց բացակայությունն անգամ չհիշեցնի, որ դու չկաս: Հաց, ռեհան, պանիր… Անամպ երկինք, թաց երիցուկներ… Պղնձե ամանների մեջ լույսը ինչպիսի՜ ժպիտներ էր հյուսում, ամեն մի ծածուկ ժպիտի ետևում մի ճեղք ունի ժամանակի պատը, որտեղից իր դեմքն է երևում։ Բայց բոց ելավ, և լույսը մոխրացավ մթության մեջ… Խավարից հարցրի լույսի տեղը: Նա ինձ քո նկարած յասամանագույն աշխարհը ցույց տվեց, քո գաղափարի հայրենիքը: Եվ ես տեսա, որ խավարի ամեն մի հյուլե մի արև դարձավ ու մի նոր բանաստեղծություն՝ երիցուկների կրծքին: Հիշեցի քո խոսքերը. «Հայրենիքը չպետք է դատարկ մնա, եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի: Տգեղ կլինի նրա ամեն մի ծաղիկը, զեփյուռներն անձայն կդառան, յասամանները՝ անբույր, ռեհանները՝ առանց համ:

Հայրենիքը իջևանատուն չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հեռանան, հայրենիքը ծիծեռնակի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին իր հետ քշի ու տանի: Նրա ամեն մի մասնիկը պիտի տեղավորենք մեր սրտի մեջ ու թույլ չտանք, որ նրա անդորրը խարխլվի…»:

Սրանք քո իմաստուն խոսքերն էին, որ գաղափարի մարտիկ դարձած քեզ տարան դեպի երազանք, դեպի նպատակ, դեպի ազատ, անկախ հայրենիք… Այնքա~ն եմ ուզում, որ դու քո ցանած գաղափարի ծիլերի ականատեսը լինես և գաս մեր հզոր բանակը տեսնես: Ինչպիսի~ խանդավառությամբ եմ քեզ սպասում, որ ցույց տամ քո կերտած գաղափարի հետևորդներին, որ այսօր անսասան կանգնած են սահմանին ու մեր խաղաղ անդորրն են հսկում: Ես հավատում եմ, որ դու կգաս, կգաս արևի առաջին ճառագայթների հետ, կգաս զեփյուռի հետ, կգաս ծաղիկների բույրի հետ, կգաս՝ տեսնելու քո գաղափարից ծնված ու վեր հառած լուսով պարուրված քո հայրենիքը պաշտպանող զինվորներին ու կժպտաս թաքուն քո անմեղ ժպիտով:

Նայում եմ պատուհանից դուրս, այնտեղ հին շուկան է` մարդկանց եռուզեռ, մթերք վաճառող գյուղացիներ: Սակայն աշխարհը կարծես երեխայի ձեռքի անավարտ աշխատանք լինի, որտեղ մկրատը գերադասվել է սոսնձից: Այնտեղ չկաս դու, բայց երազում գնում ենք դեպի հորիզոններն անէության: Հողը սարսափում է մեզանից, և ժամանակը հորդում է մեր գլխին։ Ծիծաղում ենք անվերջ։ Եվ մեր ծիծաղի ձայները երգ են ցանում անդունդներում…Հորիզոնը կարծես հայացքների մի անվերջ շղթա լինի: Հեռվում կապույտ լազուրանման երկինքն է, ազատության շունչ է ամեն տեղ: Սոխակն իր երգի դեղին թելը խաղաղության զգացումի ոտքին կապեց։

Արթնացա ծանոթ, շատ հարազատ, հորիզոններից էլ անվերջ սպասված, սոխակի երգից էլ ավելի քաղցր, երազ թվացող ձայնից… Խոնավ բառերով լեցուն հայացք, աչքեր` ցանցապատ պատկառանքի նման, քնած ճամփորդի մատների պես` անհանգիստ երկմտող կոպեր: Այդ դու էիր… Ես հավատում էի, որ դու կգաս, և երբեք- երբե~ք չկորցրի իմ երազը, չէ որ դու էիր ասում. «Որտեղ էլ լինեմ, կգամ մի օր ու կբերեմ պատգամ, երակներիս մեջ կցանեմ լույս, կույրին կասեմ` ինչ գեղեցիկ է այգին, կհավաքեմ բոլոր անեծքները մարդկանց շուրթերից, ամպերը կպատառոտեմ, կքարկապեմ աչքերն արևի հետ, ստվերները՝ ջրի հետ, ճյուղերը` քամու հետ, և մանկան երազը կմիացնեմ ծղրիդի մրմունջի հետ…

Կգամ, ամեն պատի վրա մի մեխակ կցանեմ, ամեն մի պատուհանի տակ մի երգ կերգեմ, ամեն մի աղավնու մի ձիթենի կնվիրեմ, ազատություն կսփռեմ, լուսով կսնվեմ ու կսիրեմ հավերժ…»

Հակոբյան Լուսինե, 10-րդ դասարան

Մարտակերտի  Վլ.  Բալայանի   անվան   միջնակարգ   դպրոց





Այս նյութը դիտել են - 2601 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook