USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գնահատանքը մեծագույն պարգև
2019-03-25 09:43:00
Տպել Տպել

Շնորհակալությունս երիտասարդ ուսուցչուհի Յուլյա Ավանեսյանին ցանկացա արտահայտել նրա հոդվածի տեսանելիությամբ: Երբեմն անակնկալը լինում է այնտեղից, որտեղից չենք սպասում: Դպրոցում նոր ստացած «Ջրաբերդը» թերթեցի, խոսքս, թե տեսնենք ինչ կա..., անավարտ մնաց, երբ նկատեցի ինձ, ապա հայացքս փնտրեց այս հոդվածի հեղինակին: Մոխրաթաղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Յուլյա Ավանեսյանն է...Բայց չեմ հիշում՝ վերջին անգամ ե՞րբ եմ տեսել հարազատ գյուղի դպրոցի ուսուցչուհուն՝ անցա՞ծ տարի, ամիսնե՞ր առաջ... Իսկ գուցե գլխի մի շարժումով բարևել, անցե՞լ ենք՝ առանց հասկանալու, որ մի օր կարող է հայտնվեինք միմյանց մտորումների շղթայում...Նատաշա Պողոսյան

Մարդու ստեղծածների մեջ ամենազարմանալին, անշուշտ, գիրքն է... Կան անհատներ, որոնց ժողովուրդը գնահատում է ոչ այնքան լրիվությամբ ճանաչելով, որքան ինչ-որ ժամանակահատվածում այդ մարդկանց կատարած նվիրական գործունեության համար: Դա օրինաչափ է և, միևնույն ժամանակ, ընկալելի: Սակայն գնահատանքը դառնում է առավել մնայուն, եթե անհատն իր կենսագրությունը կերտում է ոչ միայն ազգի համար ստեղծած որևէ դժվարին պահի թելադրանքով, այլ իր մեջ ի սկզբանե ձևավորված ու ինքնաճանաչման ուղղորդող գաղափարների ազդեցության ներքո: Այդպիսի անհատների թվին է պատկանում Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանը, ով խոցվում է հանրային ցավից ու մտահոգվում սերնդի վաղվա օրով:
Դպրոցում որպես ուսուցիչ աշխատելը մեծ ժամանակ ու ջանք է պահանջում: Բայց նրա նման անխոնջ մշակը ժամանակի և եռանդի պակաս չի զգում: Նրա համար հայոց լեզվի և գրականության դասը շարունակվում է ամենուրեք` տանը, փողոցում, այգում... օրվա տպավորություններն ու աշակերտների հետաքրքիր մտքերը գրի առնելիս: Այդ է վկայում նրա «Մանկավարժի օրագիր» գրքերի շարքը:
Գրի առնված տողի, պատմության առօրեական տարբերակի ականատեսն է ինքը` տիկին Պողոսյանը, երբ յուրաքանչյուր անգամ Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները նրա օգնությամբ հայտնագործում են մինչ այդ իրենց անծանոթ կախարդական աշխարհ, ուր տիրում է մատաղ հոգու պարզություն, մտքի ճոխություն և անթերի տրամաբանություն: Եվ հենց այդ տառ ու բառի հզոր ոգին է, որ ամեն օր մղում է նրան խղճի ու պարտքի խոր գիտակցումով կատարելու մի գործ, որի արդյունքում լույս աշխարհ է գալիս «Մանկավարժի օրագիր» գրքի հերթական համարը:
«Մանկավարժի օրագիր» հերթական գրքի լույսընծայման մասին տեղեկացա նրա աշակերտուհի Մերի Հովհաննիսյանից և հենց նրա միջոցով ուսումնասիրելու և ընթերցելու նպատակով ձեռք բերեցի գիրքը:
Հիացած ու տպավորված եմ, գիրքն, իրոք, արժանի է գնահատանքի:
Հարգելի՛ տիկին Պողոսյան, ցանկանում եմ, որ Երկնային Տերը ձեզ պարգևի առողջություն և երկար տարիների կյանք, որպեսզի Ձեր իսկ հեղինակությամբ լույս աշխարհ գան նոր գրքեր` նոր մտորումներով ու թարմ շնչով...
Շնորհակալ ենք, որ մեզ` ընթերցողներիս, ընծայել եք հետաքրքիր, ուսանելի, պրակտիկայում կիրառելի, արդիական ձևաչափին համահունչ գրքեր:
Այդ գրքերը մտքի նավեր են, որ ճանապարհորդել են ժամանակի ալիքների վրայով և զգուշաբար տանում են իրենց թանկագին բեռը գալիք սերունդներին: Իսկ սերունդների պարտքն է՝ գլուխ խոնարհել Ձեր վաստակի ու անգնահատելի աշխատանքի առաջ:
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ` կանանց միամսյակի առթիվ և մաղթում ամենալավն ու բարին:
Յուլյա ԱՎԱՆԵՍՅԱՆ

Այս նյութը դիտել են - 24874 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook