USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իմ դասղեկական 9-րդ ա դասարանցիները
2018-12-10 22:24:00
Տպել Տպել

«Մանկավարժի օրագիր» գրքի շնորհանդեսի գեղեցիկ զարդը մեր դպրոցականներն էին, այն բոլոր աշակերտները, որոնց դասավանդում եմ: Տարբեր դասարանների աշակերտներ իրենց սրտի խոսքը հնչեցրին, անհնարին է նկարագրել այն գեղեցիկ զգացողությունը, որ պարգևեցին նրանք: Դա շքե՞րթ էր, օրհնաբանությու՞ն, երախտիքի խո՞սք, թե՞ անկեղծ ապրումների սիրո փունջ, որ առատորեն շռայլեցին բեմահարթակից: Նրանք յուրովի գեղեցիկ էին՝ իրենց ասմունքով, երգերով, ուսուցչի աշխատանքի հանդեպ ունեցած գնահատողական խոսքերով:

Իմ դասղեկական 9-րդ ա դասարանցիները...«Դուք ստանձնել եք բարձր պարտականություն՝ ամենքի մեջ թողնելով Ձեր մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները: Դուք աննկատ դառնում եք հայրենիքի ամենաբնորոշ տրամադրությունն արտահայտողը, հասարակության զարկերակը» /Բաղրյան Նարեկ/: «Տիկի՛ն Պողոսյան, ես անգամ չգիտեմ՝ ինչպես երախտապարտ լինեմ Ձեզ և Ձեր չքնաղ հոգուն, ով ամեն մի մանրուք գնահատում և լեգենդ է դարձնում: Ուղղակի շնորհակալություն Ձեզ՝ մեր մասին Ձեր գրած ամեն մի տողի համար» /Մուսայելյան Մալենա/: «Շատ-շատերն ինձ կարող են երանի տալ, քանի որ ոչ բոլորին է հաջողվում ունենալ ուսուցչուհի, ով շատ հաճախ մոռանում է իր վեհ կոչումը, մանկանում, մտնում մեր դրության մեջ, կարդում մեր հոգու խոսքը, օգնում հաղթահարել դժվար ճանապարհները» /Լուսինե Հովհաննեսյան/: «Մանկավարժի օրագրի» հերոսուհի դառնալն իմ ամենաբաղձալի երազանքն էր...Այդ գիրքն իմ երազանքների վառ արտահայտումն է, անիրական թվացող երազանքիս շոշափելի կերպարանքը» /Սարգսյան Էլինա/:

«Գրքում ուշադրությանս արժանացան հայրիկիս նվիրված տողերը, ով զոհվել էր սահմանին: Մի պահ հուզվեցի, բայց հետո հպարտություն ապրեցի... Մեկ այլ էջի վրա ես եմ՝ իմ չարաճճիություններով: Ընթերցում եմ տողերը, սիրտս կուչ է գալիս, հոգիս՝ լցվում երջանկությամբ» /Մանուկյան Արմինե/: «Երբ ուսուցչուհիս մեզ նվիրեց այդ գիրքը, ճիշտն ասած, անակնկալի եկա, որովհետև չէի պատկերացնում, որ այդտեղ ես էլ կլինեի: Մնացած աշակերտների նման հոգուս խորքում ուրախ եմ, որ ես էլ տեղ ունեմ այդ գրքում, դա ինձ է՛լ ավելի է ոգեշնչում նոր գաղափարների» /Մկրտչյան Անի/: «Այդ գիրքն այնքա~ն հետաքրքրությամբ է կարդացվում, որ ուզում եմ շարունակական լինի այն, որովհետև նման գրքի միշտ չէ, որ կհանդիպենք, երբ այն դարձել է մեր ընկերն ու լավ բարեկամը» /Հակոբջանյան Լյուբա/: «Ես՝ որպես դպրոցական, բարի նախանձով եմ ընթերցում Ձեր գրածները, տիկի՛ն Պողոսյան: Նաև շատ կուզեի, որ Ձեզ նման խելացի լինեի...Ձեզ ավելի մեծ հաջողություն եմ ցանկանում, իմ ուսուցչուհի՛» /Իսրայելյան Միլանա/:
«Երբ գրքեր էի ընթերցում, միշտ մտքով ինձ պատկերացնում էի այդ հերոսների փոխարեն, ի՞նչ իմանայի, որ կգա ժամանակ, և ես էլ կդառնամ իմ ուսուցչուհու գրքի հերոսը: Ինձ թվում է՝ Դուք Ձեր ձեռքին ունեք կախարդական փայտիկ, և իմ երազներից մեկը իրականություն եք դարձրել» /Միրզոյան Աննա/: «Երջանիկ եմ, որ անձամբ եմ ճանաչում այս անկրկնելի գրքի հեղինակին: Նա ինձ համար ավելին է, քան ծանոթ, նա իմ սիրելի դասղեկն է... Նրա շնորհիվ Հայաստանն ու Սփյուռքը տեղեկանում են մեր դպրոցում կատարվող ամեն մի իրադարձության» /Սամվելյան Անժելիկա/: «Ուսուցչուհիս ամենաչարաճճի աշակերտին ներկայացրել է այնպես, որ չնայած արարքը գեղեցիկ չէ, սակայն ընթերցելիս ներողամիտ ես լինում նրա հանդեպ։ Հպարտանում եմ իմ ուսուցչուհու ջերմեռանդությամբ, որ իր աշխատանքի ծանրաբեռնվածությամբ՝ նա ժամանակ է հատկացնում իր մտքերի շարադրանքին» /Գալստյան Մանանա/: «Իմ սիրելի՛ դասղեկ, իմ ուսուցչուհի՛ տիկին Պողոսյան, ցանկացած ոք, Ձեր մասին խոսելով, միայն հարգանք ու պատիվ է տածում, որովհետև Դուք Ձեր մեջ կրում եք ոչ միայն հայ կնոջ, այլև մեր ազգին արժանի մանկավարժի կերպար» /Մելքումյան Էլմիրա /: «Կցանկանայի, որ երկնային Տերը Ձեզ տա երկար տարիների կյանք, ամուր կամք ու առողջություն, որպեսզի Ձեր հոգու գանձերը շռայլորեն հանձնեք թղթին։ Բարին ընդ Ձեզ, տիկի՛ն Պողոսյան...» /Հովհաննիսյան Մերի/:
Նորից վերհիշում եմ այս խոսքերը, և թվում է՝ առաջին անգամ եմ լսում նրանց: Այս պահին հայացքս այն ծաղկառատ զամբյուղին է, որ նվիրեցին նրանք շնորհանդեսի օրը: Մտքերով այն օրվա հետ եմ, երբ բոլորը երգում էին, ու նրանց մեջ Գերտրուդա Բեգլարյանի հմայիչ ձայնն էր լսվում, նրան ձայնակցող Մելինե Գալստյանի արձագանքը, Մալենա Մուսայելյանի և Անի Մկրտչյանի ասմունքը, որ ամբողջացավ Մերի Հովհաննիսյանի խրոխտ ու հոգեպարար ձայնով: Այդ օրը ամեն ինչ նորովի ընկալվեց, երբ իրենց պարզ ու գեղեցիկ կերպարներով դարձել էին իմ գրքի հերոսները, ու եկել էր պահը՝ շնորհակալական խոսք ասելու, որը նրանց շուրթերին զորացավ, ուժգնացավ, թևավորվեց, զարնվեց դահլիճի պատերին, որպեսզի արձագանքը հասանելի դառնա բոլորիս:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 14416 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook