USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Միայն արևն իր մեջ կրող մարդը կարող էր այսպիսի գիրք գրել
2018-12-10 00:58:00
Տպել Տպել

Շնորհակալությունս Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Լիլիթ Հովսեփյանին, ում ելույթի խոսքն իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասի շնորհանդեսին հուզմունքով էր լեցուն, անկեղծ զգացողությամբ: Ուսուցիչ-աշակետ շղթայում երբեմն լինում են շատ մտերմական, մայրական գթասրտության ու ջերմության պահեր, որոնք գեղեցկացնում են այդ փոխհարաբերությունը: Այդ օրինակները շատ են, և նա մեկն է, ով արժանվույն տեղ ունի իմ գրքում դեռ դպրոցական օրերից, երբ նրան դասավանդում էի: Չնայած դպրոցն ավարտել է, նա միշտ ինձ հետ է և շարունակում է մնալ ինձ համար իմ ամենազգացմունքային ու սիրելի կերպարը: Նատաշա Պողոսյան

«Սիրելի՛տիկին Պողոսյան, թանկագի՛ն ուսուցչուհի, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ հերթակսն գրքի լուսընծայման առթիվ: Իրականում շատ ասելիք կա, սակայն բառերը խեղդում են կոկորդս: Այսօր ես մեծ ուրախությամբ եմ եկել այստեղ: Եկել եմ ծննդյան տարեդարձի: Այո՛, դուք ճիշտ լսեցիք, որովհետև գիրքը գրողի համար ծնվում ու լույս աշխարհ է գալիս, դառնում մեր անբաժանելի ընկերը, տարիներ շարունակ ապրում մեր կողքին:
Ամեն անգամ մեծ բավականություն եմ ստանում՝ կարդալով Ձեր գրքերը, տիկի՛ն Պողոսյան: Ես հիմա, անկեղծ, չեմ կարող հիշել, թե «Մանկավարժի օրագրի» 1-ին մասը քանի~-քանի անգամ եմ վերընթերցել: Իմ կյանքում այն հեքիաթային գիրք է, որն առանձնանում է մնացած բոլոր գրքերից` իր ասելիքով ու յուրօրինակությամբ: Կյանքի բոլոր իրավիճակներում Ձեր գրքից միշտ քաղելու և սովորելու, հոգին հանգստացնելու կարևոր շատ բան եմ վերցրել: Ուզում եմ կրկնել հայտնի խոսքը. «Ինչպիսին մարդիկ են, այնպիսին էլ նրանց գրած գրքերն են»:
Հարգելի՛ տիկին Պողոսյան, այս նոր գրքի առիթով կրկին շնորհավորում եմ, մաղթում Ձեզ ստեղծագործական հաջողություններ... Իմ ջերմությունն ու ժպիտներն եմ փոխանցում Ձեզ: Ես էլ մի փոքրիկ կյանքի օրագիր եմ գրում, որտեղ սրտի խոսքեր ունեմ Ձեզ ուղղված, որ ծնվել են դեռ դպրոցական տարիներին, երբ ուշադիր լսում էի Ձեզ: Հավատացե՛ք, որ Ձեր ասված յուրաքանչյուր խոսքը, խորհուրդն ինձ համար ամենաթանկ նվերն է եղել և այս բեմից ուզում եմ հնչեցնել Ձեր մասին մի քանի տողեր:
«Ես գլուխ էի խոնարհում Ձեր ձայնին, որ մերթ ցածր էր, մերթ՝ հնչեղ ու սիրալիր...Ձեր աչքերին, որոնք շատ բարի էին և արհեստականորեն թաքցնում էին հոգեկան տագնապն ու թախիծը: Ես խոնարհվում էի Ձեր սրտին, որը սիրում է ամբողջ աշխարհը: Ես խոնարհվում էի Ձեր բարության առաջ, որ անսահման էր...Կան մարդիկ, ովքեր հայտնվում են մեր կյանքում, որ մենք երբևէ մեզ մենակ չզգանք: Ասում են՝ նրանք մեր կյանքում Աստծո ձեռքերն են, որ ցույց են տալիս ճիշտ ճանապարհը: Ահա հենց Դուք եք այդպիսի մարդն իմ կյանքում: Եվ իզուր չէ, որ սիրում եմ այս կյանքը, քանզի տարիներ առաջ հենց այդ նույն կյանքն է աշխարհին նվիրել Ձեզ»:
Հարգելի՛ տիկին Պողոսյան, ես Ձեր գրքում իմ արժանի տեղը գտած իրական կերպարն եմ: Շատ եմ ուզում, որ բոլորը կարդան ձեր գիրքը և հասկանան իրական կյանքի արժեքը: Կերպարներ կան այստեղ, որ ստիպեցին ինձ հուզվել: Առանցքում իմ Մարտակերտն է նաև, սահմանին կանգնած ու խաղաղության մասին երազող հայ զինվորը: Եվ ես հպարտ եմ, որ «Մանկավարժի օրագիրը» ծնվել է հենց այստեղ` իմ հայրենիքում:
Գիրքը կարդացի մի շնչով, ավելի ճիշտ, շունչս պահած: Այս նոր գիրքը ինձ ստիպեց արտասվել: Ես մի նոր մանկավարժի կերպար ստեղծեցի, ով կարողանում է հասկանալ կողքինի տխրությունը, լսել լռությունը, կարեկցել ու կիսել ցավը: Ասում են, որ թանկ, հարազատ ու կարևոր մարդկանց մասին խոսելիս չես կարողանում ասել այն, ինչ, իրոք, ուզում ես, որովհետև լարվում ես, վախենում՝ հանկարծ մի բան կմոռանաս: Ամբողջ գրքի էջերում սեր է, այն մեծ սերը, որ նա տածում է աշխարհի, մարդկության, հայրենիքի, ընտանիքի և իր գործընկերների հանդեպ: Միայն արևն իր մեջ կրող մարդը կարող էր այսպիսի գիրք գրել: Մենք բոլորս՝ հազարավոր աշակերտներ, գալիս ու գնում ենք, իսկ նա շարունակում է ապրել ու արարել համեստ ու զուսպ կյանքով, թեև պետք է լիներ շատ ապահով ու անհոգ: Երջանիկ եմ, որ իմ փոքրիկ Մարտակերտում այսքան շնորհաշատ ուսուցչուհի է ապրում: Նման մարդիկ չեն գոռում ու չեն քանդում, այլ կառուցում են` կրթելով: Նայենք նրա աչքերին: Բարություն ու սեր, ծովեր են ապրում նրա աչքերում, սիրո ծովեր, մարդկայնության ու լույսի ծովեր: Ծով համբերությամբ ու խոնարհությամբ ապրող մարդ է իմ սիրելի տիկին Պողոսյանը: Մարդ, ով իր աչքերում ծովեր է պահում...
Թող արևը Ձեր կյանքում միշտ վառ լինի: Շնորհակալ եմ, որ կաք, անչափ համեստ արվեստագե՛տ տիկին Պողոսյան: Կարդալով այս գիրքը՝ ես ինձ ավելի ու ավելի հպարտ ու անպարտ եմ զգում ու հիացած եմ Ձեր մայրական զգացումով, որ հասել է աղոթքի աստիճանի… Անսահման մեծ ջերմությամբ ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ու շնորհակալություն հայտնում Ձեզ, տիկի՛ն Պողոսյան»:
Լիլիթ Հովսեփյան

Այս նյութը դիտել են - 14798 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook