USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մանկավարժի ուսանելի կերպար
2017-06-14 10:17:00
Տպել Տպել

Մանկավարժին հատուկ զննող հայացքով բազմաթիվ նկարների մեջ այս մեկն եմ ընտրում՝ ներկայացնելու Մարտակերտի Վլ Բալայանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Արշալույս Գաբրիելյանին, ում հետ տարիների համատեղ աշխատանքը հնարավորություն է ընձեռում ինձ՝ բնութագրելու մի անհատականության, ով իր գործի ազնիվ նվիրյալն է՝ մասնագիտական բարձր պատրաստականությամբ: Սերունդ ուսուցանելու և դաստիարակելու լավագույն մղումով տարիների ընթացքում անխոնջ աշխատանք է վարել հանրակրթության ոլորտում, ընտրվել դպրոցի պատմության մեթոդմիավորման նախագահ, իր մասնագիտական գործունեությունը ծավալել մասնախմբում, խորհուրդներով, ուղղորդող նախաձեռնությամբ վաստակել գործընկեր մանկավարժների հարգանքն ու սերը:
Քսաներկու տարվա աշխատանքային ստաժ և մի անցած գեղեցիկ ճանապարհ: Բազմաթիվ բուհեր ավարտած և տարբեր հաստատություններում այս օրերին էլ սովորող նրա սաները հայրենիքի ազնիվ շառավիղն են, իսկ նրա ուսանած դասերով զինվորը սահման է պաշտպանում, նաև վտանգի պահին՝ իր անձնվիրությամբ անմահանում:
Ազգային դպրոցի մասին նա ունի իր ճշմարտացի և ուսանելի տեսակետը. «Լինելով անկախության սերունդ՝ արդի ժամանակաշրջանի հիմնախնդիրն էլ ազգային է: Կրթությունը պետք է պահել բարձր մակարդակի վրա, ունենալ հատուկ ազգային գաղափարախոսություն, այդ հենքի վրա էլ դաստիարակել հայրենասեր սերունդ, վաղվա բանակի գիտակցությամբ հասուն զինվոր»:
Թերթում եմ Արշալույս Գաբրիելյանի անցած մանկավարժական ուղին. բազմաթիվ պատվոգրեր՝ նրա աշակերտների՝ ԼՂՀ և ՀՀ առարկայական օլիմպիադաներում ձեռքբերած հաջողությունների համար, այդտեղ նաև «Հայ ասպետ» մրցույթի առաջնակարգ տեղեր կան, շրջանի մշակույթի երիտասարդության բաժնի կողմից կազմակերպված տարբեր ինտելեկտուալ խաղերի ակտիվ մասնակցություն, իսկ 2009-ին մասնակցել էր «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին և դարձել մրցանակակիր «Աշակերտների մոտ առարկայի նկատմամբ հետաքրքրություն զարգացնելու կարողությունը» անվանակարգում:
2015 թվականին աշակերտների հետ Սևանում կազմակերպված ճամբարում էր, իր նվիրված գործունեությունը գնահատվեց Երկրապահ կամավորների միության կողմից «Հայաստանի երկրապահ» հուշամեդալի պարգևատրությամբ, իսկ հաջորդ տարին արժանացավ պատվոգրի՝ իր վարած հայրենասիրական ուսանելի դասի համար:
Այսօրվա դպրոցի և սերնդի մասին իմ մտահոգությամբ կիսվում եմ մեր ուսուցչուհու հետ, թե ինչով են պայմանավորված դժվարությունները, որ առկա են նոր օրերում: «Սոցիալական շերտավորման արդյունքում հասարակության կենսամակարդակը ցածրացել է, որն էլ անդրադառնում է ուսումնական գործընթացին: Ծնողները մեծամասամբ անուշադրության են մատնում իրենց երեխաների դաստիարակությունը՝ կարծելով այդ հարցը միայն դպրոցին է վերաբերում: Իհարկե, ուսուցիչը, լինելով մանկավարժ և հոգեբան, կարողանում է հարթել յուրաքանչյուր իրավիճակ, բայց դա կատարում է՝ իր ուսերին կրելով նման մտահոգությունը: Կարևոր է նաև կենսատարածքը, ընտանիքի սոցիալական վիճակը, բայց անկախ այս և նմանատիպ այլ իրավիճակներից՝ ուսուցիչը պետք է մնա իր բարձրության վրա»:
Նա ասելիք շատ ունի, թեման ընդարձակվում է, ինչպես միշտ, տեսանելի է դառնում իր հայրենիքի և սերնդի վաղվա օրվա համար մտահոգ մի ուսուցչուհու կերպար, ով իր խոսքը եզրափակում է մանկավարժիս հոգուն հարազատ ուսուցչի աշխատանքի բարձր գնահատանքով. «Ուսուցիչը վեհություն է, բոլոր ժամանակների ճարտարապետը, նա է ներկան և ապագան, նա է կերտում անկախ երկրի ապագա քաղաքացու ճակատագիրը»: 

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 36564 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook