USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այս սերունդը երբևէ չի մոռանա ապրիլը
2017-05-16 10:49:00
Տպել Տպել

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի ստեղծագործական շարադրությունը ԼՂ հանրապետական մրցույթում 3-րդ մրցանակային տեղ էր զբաղեցրել /ուսուցչուհի Վ. Իսրայելյան/: Իր լսած պատմության վերարտադրությունն էր ապրիլյան պատերազմական օրերից, որ նրա խոսքում գեղարվեստական հնչողություն էր ստացել ու դարձել զինվորի չուղարկված մի վերջին նամակ: /Ստեղծագործական շարադրությունից տեղադրվում է մի փոքր հատված/:
«Գարունն իր բուրմունքը տարածել էր ամենուր: Դեռափթիթ ծաղիկներն իրենց թովչանքով մարդկանց սրտերը լցրել էին խանդաղատանքով ու ջերմությամբ: Գարնան արբեցնող բուրմունքին խառնվել էր սարսռազդու պատերազմի շունչը, որ գնալով սաստկանում էր և կարծես ցանկանում խժռել գարնան բույրը: Այն «ոգի առավ» ռումբերի տարափով ու սկսեց հեգնել բոլորին` հիշեցնելով, որ հային տրված չէ ըմբոշխնել գարնան նրբագեղությունը, և ահռելի դարձավ հայրենիքը կորցնելու վտանգը: Աննկարագրելի էր սահմանում տիրող իրավիճակը, քանզի այն քաոս չէր, քանի որ քաոսը բնորոշվում է մի ընթեռնելի բառով` քոաս, իսկ այստեղ վտանգված էր հող հայրենին, որտեղ չպետք է խնայվեր անգամ սեփական արյունը:
Խրամատի մի անկյունում առանձնացել էր զինվորը. պետք է հասցնել և գրել այս նամակը, այլապես ո՞վ գիտի...Նրա մոտ վախի մի փոքր նշույլ չկար, սակայն դեմքը շառագունած էր, և մտասույզ էր նա: Դեմքից կարելի էր հասկանալ, որ մտատանջության մեջ է, ներսից մի բան մաշում էր սիրտը: Վերջապես հանեց գրպանի ծալծլած թուղթը և սկսեց արագ-արագ գրել մորն ուղղված մի նամակ:
«Պաշտելի՛ մայրս, մատներս դողում են, գիտեմ, որ իմ խոսքերով խոցելու եմ սիրտդ, բայց մի անհանգիստ զգացողություն պաշարում է միտքս ու շարունակում մաշել հոգիս: Հորս խլեցին նախորդ պատերազմի ժամանակ, ինձ չեն խլի քեզանից, այս անգամ վրեժ ունեմ առնելու, որ խոր արմատներ ունի ձգած: Պատերազմ է, ամենուր ռումբեր են պայթում, իսկ ես վրեժ ունեմ առնելու անքուն գիշերներիդ, այն դառն արցունքներիդ համար... Գիտեմ` կկարդաս նամակս, աչքերդ կարցունքոտվեն, սիրտդ կզարկի ուժգնությամբ, բայց ես վճռել եմ. ատամներս սեղմած չեմ կարող այսպես ապրել...»:
Մատների արագ շարժումներին համընթաց` խաղաղվում էր հոգին, բայց աչքերում կրակ կար վառված և մոր հանդեպ անսահման կարոտ: Ծալեց, համբուրեց նամակը, դրեց գրպանում:
Շուտով թշնամին հետ մղվեց, նա չտեսավ հաղթանակը: Ընկերները գտան զինվորի մարմինը խրամատում, գտան նաև նամակը, որ շաղախված էր արյամբ: Ավա~ղ, վերջինն էր այն, ամենավերջինը, իր համբույրով օծված մի չուղարկված նամակ...»: /Ղահրամանյան Տաթև/:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 28409 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook