USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոնց և ում կողմից է , օրինակ, որոշվել, որ ասենք Ալլա Լևոնյանը մտավորական է
2016-07-21 09:14:00
Տպել Տպել
 
Մեր զրուցակիցն է ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանը

 

Պ-ն Հարությունյան, ինչպես եք Դուք, որպես մտավորական, գնահատում կատարվածը և ներկայիս իրադրությունը:

 

Նախ այդ «մտավորական» ասված կլիշեի մասին: Շատ կեղծ հասկացությունների և պատկերացումների հետ մեկտեղ ժամանակն է, որ վերջապես ազատվենք նաև այդ հնամաշ, իրական պարունակությունից զուրկ և էությամբ կեղծ խորհրդային ժամանակաշրջանում արհեստականորեն ու նպատակային ստեղծած այդ սահմանումից ու նկարագրից: Անձը իր պետության, հասարակության մեջ ունի իր քաղաքացիական դիրքորոշումը և մասնագիտական մակարդակն ու գործունեությունը: Հիմա ոնց և ում կողմից է, օրինակ,  որոշվել, որ ասենք Ալլա Լևոնյանը մտավորական է, իսկ շուն վարժեցնողն ու պատշարը մտավորական չեն: Այնպես որ, ես կարող եմ խոսել իմ դիրքորոշման ու գնահատականի մասին` որպես Հայաստանի քաղաքացու, իսկ ինչ վերաբերում է որպես մտավորականի`մեծապես գոհ եմ այդ պատվից, ես այդ շարքում ինձ չեմ տեսնում:

 

Հուլիսի 16-17-ին ժամերի տարբերությամբ իրար հետևից տեղի ունեցան երկու իրադարձություն: Ամսի 16-ի ցերեկը Շուշիում ընդունվեց քսանից ավելի հայ գործիչների կողմից  հռչակագիր, իսկ 17-ի առավոտյան ժամը 5-ին զինված խումբը գրավեց ՊՊԾ գնդի տարածքը: Ես բնականաբար, չեմ ասում, թե մեկը մյուսի հետևանքն էր, որ Շուշիում ընդունված հռչակագիրը դա ազդանշան էր ոստիկանական բաժանմունքի գրոհի համար: Բայց… սա այն դեպքերից է, որ երկու դեպքերի միանգամայն պատահական զուգադիպությունը չափազանց պերճախոս ձևով ընդգծում է կատարված դեպքերի միանգամայն օրինաչափ լինելը: Տվյալ դեպքում՝ երկու ակցիան էլ` թե հռչակագրի ընդունումը, թե ՊՊԾ գնդի տարածքի զինված գրավումը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն ու հետևանքն է, դրա պատասխանը: Ամեն մի անձ, ամեն մի խումբ այդ պատասխանը տալիս է յուրովի` իր պատկերացումների, իր հնարավորությունների ու կարողությունների շրջանակներում: Մեկը քաղաքական հայտարարության ձևով, մյուսը`զինված ակցիա իրականացնելու ձևով: Բայց հատկանշականն այն է, որ երկու դեպքում էլ  պահանջների մեջ առկա է ընդհանրությունը:

 

Ձեր կարծիքով, ապրիլյան պատերազմը ինչ-որ դեր խաղաց այս ամենի մեջ:

 

Միարժեքորեն և առանց կասկածի: Ապրիլյան պատերազմը այս ամենի մեջ ունեցավ չափազանց կարևոր և ակտիվ խթանիչի, կատալիզատորի դեր: Քանզի այլևս որևիցե կասկած չթողեց և ոչ մեկի մոտ երկրի և մեր բոլորիս գլխին կախված ահավոր վտանգի վերաբերյալ, և միաժամանակ այդ պատերազմի շնորհիվ իրականացվեց մեր իշխանական խավի վերջնական և ամբողջական լյուստրացիան: Մարդիկ պարզ ասացին, որ թալանը արել ենք և շարունակելու ենք, իսկ որպեսզի մեր թալանածը հանգիստ վայելենք, դուք զոհվել եք և էլի պիտի զոհվեք: Մեր հանգիստ լինելու համար պետք է ադրբեջանանպաստ զինադադար` կկնքենք, մեր հանգիստ լինելու համար պետք է մեզանից խլածը հետ չվերցնենք` չենք վերցնի, մեր հանգիստ լինելու համար պետք է նոր տարածքներ զիջել` կզիջենք որքան որ ուզեն: Բնական է, որ այդ իրավիճակում էլ անկյուն քշված ժողովուրդը սկսում է իր փրկության համար ելքեր փնտրել: Եվ նման դեպքերում այդ ելքին ուղղված ակցիաները ամենևին էլ պոպուլյար չեն լինում:

 

Բայց արդյոք սա քայլ չէ, որն ի վերջո կաշխատի մեր պետականության դեմ

 

Ամենևին: Հակառակ` սա քայլ է, ահեղ զգուշացում մեր ներսում մեր պետականության դեմ աշխատողներին, սեփական ժողովրդի դեմ առանց բացառության բոլոր բնագավառներում պետական բացահայտ տեռոր իրագործողներին: Սա զգուշացում է, որ ամեն ինչ չէ, որ անպատիժ կարող է մարսվել ու անցնել: Սա զգուշացում է իշխանություններին, որ պետությունն ու երկիրը ձեզ համար քյաբաբնոց չէ, որ իր գինը հանելուց հետո երբ ուզենաք և ում ուզենաք ծախեք, որ պետությունն ու երկիրը իրական տերեր ունի: Եվ դրանք, առաջին հերթին, իրենց արյամբ ու կյանքի գնով այդ երկիրը պաշտպանած ու պահպանած և այսօր էլ պահող անձինք են: Ի վերջո, այս ակցիայով հայ մարդը իր վճռականությունը ցույց տվեց ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին թշնամուն, որն անհամեմատ ավելի վտանգավոր է ու աղետաբեր, քան արտաքին թշնամին:

 

Խոսք կա, թե սա կվնասի Հայաստանի միջազգային վարկանիշին:

 

Կներեք, իսկ Հայաստանն ունի՞ առհասարակ այդ միջազգային վարկանիշ ասածն, առհասարակ: Պետության վարկանիշը որոշվում է ոչ թե նրանով, թե որքան զիջումներ նա արել է և պատրաստ է անել օտարին, այդ թվում նաև իր թշնամուն, թե ինչ աստիճանի կեղեքել է և շարունակում է կեղեքել սեփական ժողովրդին, թե ինչ չափով ու քանակով կարողացել է դատարկել և շարունակում է դատարկել երկիրը սեփական ժողովրդից, և այդ ամենի դիմաց ավելացնում են մի քանի հանցագործների միլիարդները, այլ նրանով, թե ինչ աստիճանի ջանքեր են թափվում պետության ինքնիշխանությունն ու նրա ժողովրդի ընդհանուր բարեկեցությունը ապահովելու համար: Հիմա դրանցից ո՞ր մեկին է վնասում այս ակցիան, որ բերելու է մեր պետության վարկանիշի անկմանը: Հակառակ, գոնե աշխարհը կիմանա, որ հայերը համատարած պետականություն հանձնող չեն, որ նրանց մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են թեև շատ թանկ գնով, բայց հանդես գալ հանուն իրենց պետության ինքիշխանության պահպանման:

 

Նշվում է, թե այս ամբողջից ցնցության մեջ են Ադրբեջանի ԶԼՄ-ները:

 Իսկ էդ նշողները մի հատ կարո՞ղ են ասել, առհասարակ, մեզ ինչ դրանից, որ ադրբեջանական մամուլը ցնցության մեջ է, թե սգո մեջ: Դա ինչով է անդրադառնում մեր պետական ու ազգային շահերի վրա: Բա իհարկե ցնցության մեջ կլինեն, որովհետև Օմարից մինչև Հորադիզ ամենակարևոր պահերին իրեն փայլուն դրսևորած ռազմական ստորաբաժանման հրամանատարը, հայոց բանակի փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանը, որը պատրաստակամություն էր հայտնել հետ բերել ապրիլյան օրերին մեզանից խլած տարածքները, այսօր իր երկրի բանտում է, իհարկե ցնծության մեջ կլինի, որովհետև հայոց բանակի փոխգնդապետ Պավլիկ Մանուկյանը` այն Պավլիկ Մանուկյանը, որին անտառի կածանին պատահաբար դեմ առ դեմ հանդիպած ադրբեջանական զինվորը, սարսափած գնդացիրը գրկած, հայ զինվորի միայն տեսքից ու այրող-թափանցող աչքերից, ուշաթափվել ու գետին է տապալվել, այսօր իր որդու հետ միասին կանգնած, չգիտի, կդիմավորի հաջորդ լուսաբացը, թե ոչ…

 

Իսկ այն առումով, ինչ որ ակնարկում են այդ թասիբով հայերը, որ էժան կենացի նման հա կրկնում են` «թուրքին չուրախացնենք», թող նայեն ադրբեջանական ԶԼՄ-ների ցնծությունը, երբ նրանք ցուցադրում են մեզանից խլած դիրքերի վրա իրենց ծածանվող պետական դրոշը, երբ մեկնաբանում են այն հայ իշխանավորների միտքը, թե կորցրած հայկական դիրքերը հետ վերադարձնելու մասին խոսք չպետք է գնա, երբ տարածում են զանազան հանրապետականների խոսքը, թե Աղդամը որ տանք՝ ինչ կլինի որ, երբ կայքերից օրերով ու շաբաթներով չի իջնում Հերմինե Նաղդալյանի մեծադիր պատկերը իր խոսքերով, որ մենք Ադրբեջանին պետք է հետ տանք «իր հողերը», երբ շաբաթը յոթ օր անընդմեջ անթաքույց հրճվանքով ներկայացնում ու մեկնաբանում են Հայաստանն ամայացնող արտագաղթի տվյալները: Թող դրա մասին խոսեն…

 Լավ, ինչ ելք եք տեսնում այս ամենից, ինչ լուծում եք տեսնում:

 Երբ 2000 թվին Բաբայան Սամվելը կազմակերպեց և իրականացրեց մահափորձ ԼՂՀ այդօրվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ, ապա բարեբախտաբար ողջ մնացած Ղուկասյանը բավական դժվար մի խնդրի առաջ էր կանգնած` ինչ ասել, ինչ խոսքերով դիմել հասարակությանը:

Նրա բավական խելացի խորհրդականներից մեկը նրան խորհուրդ էր տվել բացարձակապես հեռու մնալ կատարվածին իրավական գնահատական տալու գայթակղությունից և խոսել այդ կատարվածի մեջ հենց իր` նախագահի տեղի ու դերի մասին: Եվ Արկադի Ղուկասյանը արտահայտել էր մոտավորապես այն միտքը, որ ինքը` որպես երկրի նախագահ, կրում է մեղքի հիմնական բաժինը, որ իր ղեկավարած երկրում հնարավոր է նման ակտ: Եվ այդ արտաբերած միտքը, ասում են, ունեցել է շատ մեծ ըմբռնում` թե երկրի ներսում, թե երկրից դուրս: Համենայնդեպս, երկուսն էլ մեր աչքի առաջ են:

 

Այսօրվա իրավիճակում անելիքն էլ, խոսելիքն էլ առաջին հերթին իշխանությանն է: Եթե երկրի առաջին դեմքը ունի համապատասխան տվյալներով խորհրդական, ապա նա պետք է վերլուծի և իր «պատրոնին» էլ ներկայացնի հեչ որ չլինի միայն այն իրողությունը, որ ինչ աստիճանի հուսահատություն, վաղվա օրվա նկատմամբ ինչ աստիճանի անվստահություն կա հայր և որդի Մանուկյանների մոտ, որ երկուսն էլ միասին ընտրել են ընդվզման այսպիսի ճանապարհ:

 

Իմ անձնական կարծիքով, որպես առաջին և կարևոր քայլ իշխանությունները պետք է հայտարարեն, որ տարածքների վերադարձի մասին ՀՀ-ում և ԼՂՀ-ում այսուհետ որևիցե խոսակցություն չի կարող լինել և իրավաբանորեն էլ ամրագրեն, որ նման խոսակցությունները կդիտվեն որպես հակապետական քարոզչություն`այդտեղից բխող համապատասխան հետևանքներով: Իրոք, բավական է բազմակարծության և անձնական կարծիքի քողի տակ Հայաստանում իրականացվի բացահայտ հակապետական քարոզչություն:

 

Իշխանությունը պետք է իրական երաշխիքներ տա, որ ժողովրդից հարկված գումարի նախատեսված չափը ամբողջովին հասնում է բանակին, քանզի ժողովուրդն այսօր իր միակ և իրական պաշտպան տեսնում ու համարում է իր բանակը:

 

Թերևս կանգ առնենք: Նման քայլերի իրականացման դեպքում ստեղծվում են նաև համապատասխան մթնոլորտ և նոր իրավիճակ, որոնք էլ կթելադրեն լարվածության թուլացմանը միտված հաջորդ քայլերը: Ընդ որում, այդ ամենը ամենևին էլ զիջում չէ, այլ ցանկացած իշխանության ուղղակի պարտականություն:

 Իսկ եթե այդ ամենը չլինի:

 Մենք ոչ առաջինն ենք մարդկության մեջ, ոչ էլ վերջինը: Նման դեպքերի համար է ասվել. «ով ցանի քամի, կհնձի փոթորիկ»: Կլինեն ավելի մեծածավալ ու կորստաբեր ՊՊԾ-ներ ու էլ չգիտես ինչեր:

lragir.am
Այս նյութը դիտել են - 8033 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook