USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 21 2020թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԶԱՐԵՀ ԹԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒԲԻԶՆԵՍ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ....
2015-12-04 02:06:00
Տպել Տպել

 Երկար ժամանակ ցանկանում էի զրույց ունենալ սիրված ու հարգված երաժիշտ- երգահան Զարեհ Թևանի հետ, ով ապրում ու ստեղծագործում է Լոս Անջելեսում, անձնավորություն, ում հետ կարելի է անվերջ զրուցել, կիսվել ու խորհուրդ վերցնել:

-Ո՞վ է Զարեհ Թևանը, և ինչո՞ւ հենց Զարեհ Թևան:
-Զարեհ Թևանը շատ պարզ ու հասարակ մարդ է, ով սիրում է սիրել, սիրում է ստեղծագործել, բնական լինել, սիրում է բնությունը, սիրում է մաքուր արվեստը: Ինչո՞ւ Զարեհ Թևան, որովհետև այդ անունը վերցրել եմ մոտավորապես երեք տարի առաջ՝ քեռուս մահվանից հետո, որի անունը Թևան էր: Նա ապրում էր Պարսկաստանում և շատ հայրենասեր էր: Այդ հայրենասիրությունն ոգևորել է ինձ և այդ պատճառով իր անունն եմ հպարտորեն կրում որպես բեմական անուն:

-Դուք ունեք երաժշտական, ստեղծագործական և բանաստեղծական տաղանդ, ո՞րն է ձեր հոգուն ամենամոտը:
-Ինձ համար պոեզիան շատ հոգեհարազատ է, շա՛տ եմ սիրում: Դեռևս պատանեկության տարիներից եմ պոեզիայից ներշնչվել և ստեղծագործել, երգել, քանի որ իմ առաջին երգերը ծնվել են հենց պոեզիայից՝ հիմնականում Վահան Տերյանի խոսքերի հիման վրա: Դրանից հետո, բնականաբար, ուսումնասիրելով և ընթերցելով գրականություն, ավելի շատ զարգացրել եմ պոեզիայի հանդեպ իմ ներաշխարհս, որով ստեղծվեց գրելու հանդեպ իմ շնորհը և ստիպեց իմ խոսքերով կարողանալ ճի՛շտ արտահայտել հոգեվիճակս երգերիս միջոցով, քանի որ բոլոր երգերը իմ հոգեվիճակն են արտահայտում: Այդ է պատճառը, որ ես միշտ ասում եմ ՝ «...ինձ գտե՛ք՝ իմ երգերի մեջ»:

-Երաժշտական գործիքներից հենց ինչու՞ ընտրեցիք կիթառը և եր՞բ «ընկերացաք» նրա հետ:
- Ճիշտն ասած , դեռևս հինգ տարեկանից «ընկերացել » եմ ակորդեոնի հետ: Շա՛տ եմ սիրել: Մանկության տարիներին, երբ ապրում էինք Հայաստանում, բոլորս ունեինք խաղերի մեջ մեզ դրսևորելու ցանկություն: Ես էլ սիրում էի հեծանիվ: Ուզում եմ այս հարցը մի փոքր ընդլայնված պատասխանել, քանի որ «լուրջ» հարց է: Ունեի շատ սիրած մի երգիչ, որը նվագում էր կիթառի վրա: Մի օր նրան կիթառի վրա նվագելուց և երգելուց տեսա, շատ ոգևորվեցի: Երբ տուն գնացի, մայրիկիս ասացի. «... ես կիթառ եմ ուզում ունենալ, քանի որ այդ երգչին շատ եմ սիրել, խնդրում եմ ինձ համար կիթառ գնեք և ուղարկեք կիթառի դասընթացներին, այդ դեպքում, ես կհրաժարվեմ հեծանիվից»: Անկեղծ ասած, ծնողներս, չէին ուզում գնել ինձ համար հեծանիվ, վախենում էին որպեսզի ընկնեմ և ինձ վնասեմ: Խնդրանքիս՝ ծնողներս դեմ չեղան, ասելով, որ խելացի որոշում եմ կայացրել՝ հեծանիվը փոխարինելով կիթառով, և ընդառաջ գնացին՝ գնելով ինձ համար կիթառ: Հետո գնացի կիթառի դասերի և այդպե՜ս սկսվեց իմ «ընկերությունը» կիթառի հետ:
-Կյանքում ձախողում ունեցե՞լ եք:
-Շա՜տ եմ ունեցել: Ձախողումներս՝ եղել են իմ բարի լինելու պատճառով, քանի որ շատ եմ վստահել մարդկանց, միշտ հավատացել եմ ՝ մտածելով, որ մարդը ի վիճակի չի ստորության, ի վիճակի չի քանդելու դիմացինի կյանքը: Իմ պատկերացամբ, մարդը պետք է լինի բարի, կամեցող, սիրող: Ամեն անգամ վստահելով մարդկանց՝ ձախողումների առաջ եմ կանգնել: Սխալներիցս էլ հիմա դաս քաղելով, ավելի ճիշտ եմ մոտենում ամեն մի բռնած իմ քայլին:
-Ձեր որ ձեռքբերումով եք հպարտացել:
-Ձեռքբերում ասելով ՝ հարաբերական իմաստով երևի կպատասխանեմ: Իմ ամենամեծ ձեռքբերումն եղել է իմ հայրությունը, իմ առաջին զավակի ծնունդը: Այդ ժամանակ ես հասկացա, որ այն միակն է Աստծո և բնության կողմից տրված, որ ի՛մն է, ի՛մ կեսն է: Խոսելով անգամ այդ մասին՝ փշաքաղվում եմ, երբ նայում եմ իմ զավակներին, հպարտանում եմ, որ նրանք ինձանից են լույս աշխարհ եկել, ի՛մ կեսն են, ի՛մ մի մասնիկն են: Մի խոսքով, ձեռքբերում մասնագիտորեն չասեմ, բայց Աստվածային իմաստով պատասխանեմ ՝ ձեռքբերումը զավականերս են:

-Կյանքում խորհուրդ վերցնում ե՞ք, թե՞ դիմում եք պոտենցիալ համարձակության գործոնին:
-Երկու՛սն էլ: Իմ կյանքում առաջին խորհրդատուն եղել է հայրս, ում խորհուրդները ինձ համար շատ թանկ են: Եղել են պահեր, երբ հակառակվել եմ նրա հետ, և գնացել եմ, ինչպես դուք շեշտեցիք պոտենցիալ, անգամ ծայրահեղ համարձակության գործոնին և «քիթս գետնին է կպել»: Դրանից հետո է, որ եկել եմ այն համոզման, որ մենք պետք է միշտ հաշվի նստենք և հետևենք մեր ծնողների խորհրդներին, քանի որ նրանք են միայն մեզ բարու և կյանքում ճիշտ ապրելու ուղղությունը սովորեցնում:
-Օրվա մեծ մասը ո՞ւմ հետ է խոսում Զարեհ Թևանը և ի՞նչ թեմայով:
-Հետաքրքիր հարց է, քանի որ շատ հաճախ չեմ ուզում ինքս ինձ հետ խոսել, մեկ մեկ ինքս էլ ինձ չեմ «վստահում», բայց՝ փառք Աստծո, այսօր ունեմ ինձ շատ հարազատ, մտերիմ, կամեցող մի ընկեր, ում հետ օրվա մեջ պարտադիր երկու անգամ խոսում ենք, և իմ կյանքի ամեն մի հաջողություն, ամեն մի ձախողում առաջինը իր հետ եմ կիսում: Կարող եմ ասել, որ նա կյանքի մեծ փորձ ունի, նա նաև հոգեբան է, ով իր մեղմությամբ կարողանում է ճիշտ ուղղություններ տալ, ինչու չէ, դա նաև փոխադարձ է: Երբեմն նա է իմ օգնությանը դիմում, որովհետև գիտի, որ ես յուրաքանչյուր հարցում ազնիվ պատասխան կտամ իրեն, իր որևէ սկսած գործի հարցում:

-Մարդկային հարաբերություններում ի՞նչն եք սիրում և ինչը` ոչ, ի՞նչն է ձեզ անհանգստացնում:
-Այդ հարցը ինձ միշտ է անհանգստացնում, որովհետև մարդկային հարաբերությունը շատ է ընկերացել չարի հետ: Բամբասկոտությունն է ինձ միշտ նեղացնում, քանի որ մարդիկ չեն կարողանում լինել պարզ և կրում են դիմակներ, Այդպիսի մարդիկ իրական կյանքում էլ են դերի մեջ մտնում և չեն կարողանում լինել այն մարդը, որը իրականում կան և չեն կարողանում այն թաքցնել: Այդ առումով ես մի աֆորիզմ ունեմ.«...Պաշտում եմ կեղծը, երբ այն չեն թաքցնում, երբ այդ կեղծի հետ միշտ անկեղծ են մնում»:

 -Շփվելով ձեզ հետ, հասկացել եմ, որ դուք խելացի ու բանիմաց այն արվեստագետներից եք, ում հետ կարելի է տարբեր թեմաներով խոսել: Թույլ կտաք խոսակցության վեկտորը ուղղենք առօրյա կյանք:

-Խնդրեմ՝ սիրով:
  

-Ապրելով և ստեղծագործելով Լոս Անջելեսում, ինչպե՞ս եք գնահատում հայկական շոու բիզնես ասվածը:

-Ինձ համար չկա հայկական շոուբիզնես հասկացողությունը: Ամեն մարդ, եթե իր գործով զբաղվի՝ կյանքը շատ գեղեցիկ կլինի: Շոուբիզնեսը ինձ համար հարաբերական հասկացողություն է: Մենք՝ շատ փոքր ու արդեն խառնված ազգ ենքմենք էլ չգիտենք թե ինչ ենք անում, ինչ ենք պահանջում և ինչ ենք տալիս: Պարզապես, այսօր ինչ-որ կատարվում է՝ դրա մի մասնիկն էլ ե՛ս եմ:
-Ես՝ երաժշտություն եմ ներկայացնում ու ինձ համար կարևոր է, որ ամեն մարդ կատարի իր աշխատանքը՝ իր կարողությունների սահմանում, և թող չքննադատի մեկ ուրիշին, այլ՝ դրա փոխարեն կատարի աշխատանք, թեկուզ փոքր ծավալով, բայց՝ որակով: Որակը ինձ համար մեծ արժեք ունի, հատկապես, երբ արվեստի մեջ քեզ գնահատում է կիրթը, խելացին, բանիմացը: Այսօր, երաժշտական առումով, ինչ կատարվում է իրականության մեջ, դա ուղղակի ժամանակի շունչն է, ժամանակի պահանջը: Արվեստն էլ ՝ ենթակա է «հեղափոխության», ու մենք այդ անցումային շրջանի մեջ ենք: Կգա մի պահ, երբ իսկապես շոուբիզնես հասկացողությունը կդառնա իրականություն և բարձր արվեստը կունենա իր ճիշտ դերն ու նշանակությունը մեր իրականության մեջ:
-Ըստ Ձեզ, Լոս Անջելեսում հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները իրար բարձրացնում են, թե իրար «միս» ուտելով առաջ են գնում, առաջնորդվելով ոչ միայն հացիվ ՝ այլ նաև բանիվ սկզբունքով:
-Շոուբիզնեսում, երբ իրար տեսնում են, միմյանց «բարձրացնում» են, դա իմ սեփական փորձից եմ ասում, բայց երբ առանձնանում են քեզանից ՝ մեկը մյուսի հետևից սկսում են շատ տհաճ բաներ խոսել, բամբասել, մանավանդ այն դեպքում, երբ կան մարդիկ, ովքեր ոչ մեկին վատություն չեն արել, շոուբիզնեսում իրենց գործն են արել: Կան որոշ տեսակի, «երկոտանի» մարդիկ, որոնք ուղղակի սիրում են մեկը մյուսի հանդեպ քննադատել ու բամբասել: Միշտ ասել եմ մարդկանց, երբ կա մի բան, որը ձեզ դուր չի գալիս, բացահայտ ասեք մարդկանց երեսին, այլ՝ ոչ թե թիկունքի հետևից խոսեք ու հարվածեք: Չար իմաստով քննադատող մարդը, չի կարող բարի մարդ լինել: Այդ մարդը իր կառուցվածքով, իր կազմվածքով հեռվանում է բնությունից և չի կարող լավատես լինել, բարետես լինել:

-Ին՞չ եք կարծում, կոչումները փչացնում են բարոյական մթնոլորտը արվեսատագետների շրջանում: Ինչպե՞ս եք վերաբերվում կոչումներին:
-Կոչումներին նորմալ եմ վերաբերվում: Ինձ համար, ընդհանրապես, առաջին կոչումը հանդիսատեսն է՝ ժողովուրդը: Խելացի, որակյալ մարդու տված գնահատականը ավելի մեծ կոչում է, քան բազմահազարանոց մի «բանակի», որը չունի անգամ տարրական կրթություն: Մենք՝ բոլորս, սիրում ենք կրթվել, տեղեկություններ ստանալ տարբեր բնագավառներից, հաստատվել, ինքնամաքրվել, ինքնաճանաչվել, որպեսզի ուրիշ ազգերի մոտ ներակայանանք որպես տաղանդավոր ազգի, քանի որ հայ ազգը արդեն բոլոր առումներով բարձր դիրքերում է գտնվում: Ներկայացնենք աշխարհին, թե ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք եկել և դեռ ի՞նչ ասելիք ունենք այս աշխարհում:

-Ին՞չ նպատակներ և ծրագրեր ունի Զարեհ Թևանը:
-Շուտով, շատ շուտով, դեկտեմբերից սկսած, Լոս Անջելեսում հետաքրքիր ակումբ է բացվելու, որտեղ ներկայացնելու ենք արվեստ, մաքուր երաժշտություն, որակյալ ծրագիր, որտեղ մարդիկ կարող են իրենց հաճելի երեկոն անցկացնել: Կարևորը՝ լինելու է ընտանեկան ջերմ մթնոլորտ, անմիջական հանդիպում: Դա մի ծրագիր է, որտեղ շաբաթը երկու անգամ ես էլ եմ լինելու:
Առաջիկա մյուս նպատակը իրականացնելու եմ գարնանը՝ պատրաստվելով Լոս Անջելեսում մենահամերգի: Դրանից հետո մեկնելու եմ Հայաստան, որտեղ ունենալու եմ շրջագայությամբ 7 համերգ: Դա իմ ամենամեծ նպատակն է: Ցանկանում եմ երաժշտական կարիերայում իմ երազանքը իրականցնել հայրենիքում ՝ ներկայանալով ի՛մ արվեստով, ի՛մ խոսքով, կիսելու ի՛մ մեջ կուտակված այսքան տարիների կարոտախտը, որը բույն դնելով հոգումս՝ տարիների ընթացքում վերածվել են երգերի: Այդ երգերի միջոցով է, որ կարողացել եմ արտահայտվել և ազատել ինձ այդ հոգու «բռնությունից», որը ինձ հեռվացրել էր տարիներով հայրենիքից:

-Ձեր ստեղծագործությունները կատարում են մեր հայտնի արվեստագետները: Կա՞ն այնպիսիք ում կցանկանաք առանձնացնել:
-Իհարկե՛, կան: Իմ երգերից կատարել են Ռաիսա Մկրտչյանը, Աշոտ Ղազարյանը, ով ոչ միայն դերասան է, այլ նաև երաժշտական մեծ տաղանդ ունի, Սյուզան Մարգարյանը, Անահիտ Ներսիսյանը /դասական երգչուհի/ , Եվա Եգանյանը, Աննա Մանուչարյանը, և այլոք:

-Հարգելի Զարեհ, շատ հաճելի էր Ձեզ հետ զրուցելը: Հուսանք, որ հետագայում էլ կարող ենք շարունակել մեր «ճանապարհորդությունը» Ձեզ հետ:
-Սիրով, ես էլ եմ շա՛տ շնորհակալ, որ հանդիպեցինք, հարցազրույց վերցրեցիք, փորձեցիք մի փոքր շեղել մեր կյանքի կենցաղային իրական ությունից և կիսվել փոքր ինչ տեղի ունեցող անձնական և համայնքային արվեստի հետ կապված թեմաների շուրջ:
Ավելացնեմ նաև, որ հարցազրույցը հաճելի էր, ցավեցնող չէր, կցանկանայի, որ բոլոր հարցազրույցները լինեն նման որակով, ոչ թե քննադա տական, այլ զուտ ավելի մարդուն անկեղծանալու, կարողանալու իր ներաշխարհից կիսվելու իր հանդիսատեսի և ժողովրդի հետ:

Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 8597 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (240-ձայն)
  • Վատ (161-ձայն)
  • Շատ Վատ (1173-ձայն)
Ajax Loader
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook