USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շնորհավորում եմ տոնը ուսուցիչների, բայց մտորումների մեջ եմ...
2019-10-04 22:18:00
Տպել Տպել

Տարին մեկ անգամ ուսուցիչը մեծարվում է, այդ օրը մոռացության է տրվում ամեն ինչ...Ու վեհ է դառնում ուսուցիչը, ով միայն այդ օրը չպիտի վեհանա, ու լույսի ջահակիր է դառնում ուսուցիչը, ով ամբողջ տարին լույս է սփռում, ու սրբացվում է նրա արարումը, ով նվիրում է ինքնին... Ու պետության հոգածության կարիք ունեցող ուսուցիչը այդ օրը շնորհավորանքի խոսքեր է լսում, այդ օրը մեծարում են նրան, նվիրում ծաղիկներ, իսկ հետո՞... Օրերը գումարվում են, ծանրաբեռնված է ուսուցիչը, այդ մասին հոգացող չկա, տեսողությունը կորցրած է, մազերը՝ ճերմակած, իր սաներից ոմանք կյանքի բարձունքներին օրենքներ են սերտում, որ ուսուցիչներին հանգիստ է պետք: Ու տարիքային հանգստի անցած ուսուցիչը երկար տարիների իր վաստակից հետո մտահոգ է դառնում, բայց ինչպե՞ս ապրել...

Ու ապրում ենք այսպես դեռահասների սիրով, մեր հանդեպ ունեցած հարգանքով, թևավորվում ենք նույնիսկ նրանց մեկ խոսքով, նրբին արարքով, ժպիտով անգամ, որ փոխանցվում է մեզ: Գնահատա՞նք ենք ուզում, բայց չէ՞ որ այն ստանում ենք միշտ: Այն մեր սաների հայացքներում է, նրանց վեր բարձրացրած ձեռքերում, որ երբեմն օրորվում են օդում, այն բազմաթիվ հարցերում, որ մեր պատասխանին են սպասում: Ու բարու սերմնացան է դառնում ուսուցիչը, երբ նույնիսկ սպառված՝ մի նոր դաս է պատմում այն դասաժամի քառասունհինգ րոպեից հետո, որ դեռահասը ժպտա իր անձնական հույզերի ալեկոծության մեջ, որով երբեմն իր ուսուցչի հետ է բացվում՝ վստահելով նրան:
Բայց այն ե՞րբ էր, որ անցած ճանապարհս տեսանելի դարձրի նրանց, քար լռությամբ ունկնդրեցին ինձ: Հաջորդ դասաժամին մեկ այլ դասարանում, որ նոր էի մտել, կարծեցի վեր բարձրացրած ձեռքը դասանյութը պատմելու համար էր, բայց լսեցի նոր առաջարկ, թե այն ի՞նչ է պատմել իրենց ուսուցչուհին այն մյուս դասարանում, որ աշակերտներն արտասվել են: Ու հետաքրքիր է դառնում իմ օրը, այդ ե՞րբ են արտասվել, որ չեմ նկատել նույնիսկ ու զարմանում եմ, երբ ասում են՝ պատմեք Ձեր մասին, որ մենք էլ տխրենք...Բայց իմ տխրությունն անեզրական չէ, այն անցյալում եմ թողնում ու շրջայց կատարում նոր օրերում, որտեղ կենսուրախ կյանք կա, մեծ ձեռքբերումներ՝ իմ աշակերտների շրջապատում, նրանց ուրախությամբ համակված:
Ես սիրում եմ այն երեխաներին, ովքեր հուզվել գիտեն՝ ի տարբերություն շատ ու շատ մեծերի, որ չգիտեն ինչ է հույզը, ես սովոր եմ անգամ սրբել նրանց արցունքներն իմ համբույրով, ու երջանիկ եմ, երբ գրկում եմ նրան, ով ինձ հաջողություն է բերել: Այդ նրանք՝ հարազատների կորուստ ունեցող երեխաներն են, ովքեր ինձ սովորեցրին չամաչել արտասվելուց, նաև այնպես չի, որ դժվար աշակերտների չեմ հանդիպել, անցած ուղիս երբեմն դարուփոսերով է եղել, բայց նրանք են, որ սովորեցրին ինձ իմ մանկավարժությունը հարմարեցնել իրենց: Ինձ համար օրենքներ չկան աշակերտների հետ հարաբերություններում, սովոր եմ լսել նրանցից իմ որպիսության մասին հարցումներ, երբեմն ժպտալ իրենց ուսուցչուհուն ուղղված գովեստից:
Ու գեղեցիկ է դառնում այս մասնագիտությունը, որին մաքառումներով եմ հասել, ու վեհ է դառնում ուսուցիչը, ով երբեմն չի գնահատվում որպես վեհություն, բայց ակնածանք է ծնվում ուսուցչի հանդեպ, ով հանդուրժում է ամեն ինչ, բայց մնում որպես ուսուցիչ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 18838 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook