USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սահմանին եմ
2019-05-08 14:39:00
Տպել Տպել

Մայիսյան եռատոնին նվիրված շարադրությունների մրցույթի Մարտակերտի շրջանային փուլում դպրոցի 12-րդ ա դասարանի աշակերտուհի Քրիստինե Կարապետյանի ստեղծագործական մտորումները երրորդ մրցանակային տեղ զբաղեցրին: Այն ընթերցողին տեսանելի է դառնում «Սահմանին եմ» վերնագրով, որը դեռահասի ապրիլյան պատերազմական օրերի ծանր ապրումների հիշողություն է, որով նորօրյա սերունդը, անցնելով հոգու երկփեղկված ճանապարհով, կարողացել է դիմադրել անխուսափելի տագնապին՝ դրան հակադրելով սահմանին կանգնած զինվորին ու իր ապրելու կամքը: Նատաշա Պողոսյան

Ո՞րն է տարբերությունը՝ առաջնագծում ես, թե՞ սահմանից այն կողմ՝ որոշ հեռավորության վրա, բայց մեկ է, սահմանի մոտ ես։ Անբացատրելի զգացում ունեմ այստեղ, հպարտություն, երբեմն՝ շփոթմունք, անհանգստություն, բայց ո՛չ երբեք վախ... Ամեն ինչ իրար է խառնվում, ես չեմ հասկանում ի՞մ, թե՞ նրանց համար եմ մտածում։ Միգուցե մե՞զ համար։ Մեզ՝ իմ ու նրանց, որ առաջնագիծ ենք ու սահման։
Աչքերիս առաջ մշուշ է, իսկ երկնքում՝ տարբերվող կարմիր արև։ Արևը վաղ առավոտվանից պարզ հասկացնում է օրվա ոչ սովորական լինելը։ Կարծես երազ լինի, ամենն այնքա՜ն արագ է փոխվում։ Երազ է՝ իրական, ոչ ցանկալի, «սահմանային»: Տագնապ կա, բայց խուճապի չեմ մատնվում։ Ուզում եմ հեռու վազել ու տեսնել, թե ինչ է կատարվում, որտեղից են ձայները։ Ու կա մի պարզ պատասխան՝ սահմանից է:
Հայտվում եմ մեքենայի մեջ։ Ձայները չեն դադարում, ավելին, ուժեղանում են, բայց չեմ ցանկանում ականջներս փակել։ Ես պետք է լսեմ դրանք, պիտի լսեմ, որ ինձ մեղավոր չզգամ առաջնագծում կանգնածների առաջ։ Ձայներին դիմանալն ամենաքիչն է, որը կարող եմ ու պիտի անեմ այս պահին։ Փողոցում կանգնած եմ, զինտեխնիկան շարժվում է իմ կողքով։ Այդ պահին միայն մի բան էր մտքովս անցնում՝ամեն ինչին ուշադրություն դարձնել։
Փորձում էի չմտածել, այլ ուշադիր նրանց նայել։ Նորից տեսա նրան այնպես, ինչպես բազում անգամներ տեսել եմ երազում։ Նորից տեսա նրա խոսող աչքերը։ Մի հարց եմ ինքս ինձ տալիս ամեն անգամ նրան հիշելիս՝ տեսնես ո՞ղջ է։ Եվ պատասխանում հարցիս՝ իհարկե, ողջ է ու անվնաս։ Հետո հաջորդում է աղոթքս։ Այդ վայրկենական հայացքը շատ բան ինձ հասկացնել տվեց։ Հասկացրեց, որ ամեն անգամ զինվորական համազգեստ տեսնելիս հպարտությամբ եմ լցվելու։ Հասկացրեց, որ ամեն անգամ դողալու եմ այդ նույն համազգեստը տեսնելիս։ Հասկացրեց, որ արդեն հաղթել ենք պատերազմը...
Միշտ առանց բացառությունների աղոթում եմ նրան հիշելիս, բայց ոչ միայն նրա համար, այլ բոլորի։ Հենց նրա հայացքն ինձ ամեն ինչ հասկացրեց։ Երա՞զ էր, թե՞ իրականություն։ Ես իսկապես տեսել եմ այդ զինվորին։ Հարազատ է դարձել իր խոսող աչքերի, իր հպարտություն առաջացնող համազգեստի, հայ զինվոր լինելու շնորհիվ։ Արդյո՞ք կհասկանայի այս ամենը, եթե սահմանին մոտ չապրեի։ Արդյո՞ք ինքս ինձ այդ հարցը կտայի, եթե իսկապես հասկացած չլինեի... Հասկացել եմ, ավելի ճիշտ կլինի ասել՝ հասկացրել են։ Անծանոթը մի քանի վայրկյանում դարձավ եղբայր՝ իր հետ եղբայր դարձնելով բոլոր զինվորներին։

Այսօր թերթում էի օրագրիս էջերը, երբ աչքովս ընկավ գրառումներիցս մեկը. «Կավարտվի այնպես, ինչպես Աստված է կամենում»: Խոսքս պատերազմին էր վերաբերում, և դա կարող էր գրել մեկը, ով սահմանին է ապրում։ Եվ, առհասարակ, կյանքին ուրիշ աչքերով ես նայում, երբ սահմանին մոտ ես ապրում։ Այստեղ ավելի խորն ենք զգում, որ հաղթեցինք, բայց չշահեցինք։
Ուր էլ գնամ, որտեղ էլ բնակվեմ, մեկ է, ամեն գիշեր հիշելու եմ, թե ոնց էի պատուհանիս վրա հենվում ու զինվորների նվագի ու քայլքի ձայնը լսում։ Ու ակամա շշնջում. «Աստված ձեզ հետ»։ Եթե ենթարկվեմ առաջին տպավորությանը, թե ինչն է պատճառը ամեն անգամ առ Աստված աղոթելու, ուրեմն դա վախն է։ Վախը մեր զինվորներից գեթ մեկի մասին վատ լուր ստանալու վախը։ Դեպի նրանց անսահման վստահություն կա, անսահմանից էլ շատ: Տղերք ենք կորցրել, ու, դժբախտաբար, շարունակում ենք կորցնել։ Ի՞նչ եք անում, տղե՛րք։ Ինչու՞ եք այդքան հեռու գնացել, ու այն էլ՝ անվերադարձ։ Որքա՜ն վերադարձի խոստումներ չկատարվեցին։
Խոստացել եք, տղե՛րք, բայց չեք վերադառնում։ Ախր, ուշանում եք, տղե՛րք, ուշանում։ Պարտական ենք մեր անմահացած տղաներին...Փա~ռք նրանց։ Նաև փա~ռք նրանց, ովքեր հիմա են կանգնած, ովքեր պիտի կանգնեն դեռ: Հենց նրանցով է ազգս կանգուն։ Ազգս հպարտ է, որ ունի հայ զինվոր։ Ահա ևս մեկն այն ամենից, ինչ հասկացել եմ սահմանին ապրելուց։ Սահմանին ապրելն էլ առավելություն ունի, երբ կյանք ենք մտնում հասունացած ու գիտակից։ Սահմանային ձեռքբերումներիցս ամենամեծը «զինվոր» բառի էությունը հասկանալն է։
Ազգիս ամենամեծ գանձն ու հպարտությունը դու ես, հա՛յ զինվոր։ Զգու՛յշ ծառայիր, որ ողջ ու առողջ տուն վերադառնաս։ Մենք ձեզ հետ ենք մեր աղոթքներով ու մտքերով։
Փա~ռք քեզ, հա՛յ զինվոր...Դու իմացի՛ր, քո թիկունքում քեզանով հպարտացող ժողովուրդն է, որ այս օրերին ազգիս պատմության մեջ ոսկեգույն տառերով գրված մայիսն է տոնում: Սիրտս բերկրանքով է լցվում մեր ազգի եռակի հաղթանակներից։ Հայրենական պատերազմում պայքարեցինք, Շուշին ազատագրեցինք ու կայուն բանակ ստեղծեցինք։ Պայքարել ենք։ Ինչու՞ անցյալ ժամանակով խոսեմ, եթե հիմա էլ պայքարում ենք։ Սահմանին ենք։
Ամուր֊-ամուր երկու ոտքով և մեր խորը արմատներով կառչել ենք մեր հողից։ Տեսնես՝ հո՞ղն է մեզ պահում, թե մե՞նք՝ իրեն։ Մեր Շուշին ազատագրած ու հզոր բանակ ստեղծած հայի արյունով ներծծված հողն է պահում մեզ։ Ի՞նչ զիջենք։ Սիրտը զիջե՞լ կլինի։ Երակները առանց սրտի ի՞նչ արյունով պիտի լցվեն։ Մեր սիրտը չենք տա։
Մայի՛ս, արժե սիրել քեզ որպես հաղթական ամիս։ Դու՝ հաղթական ու հայկական, եռագույնն է քեզ սազական։ Բանակն է իմ առջև, ապրիլից հետո մայիս տեսած բանակը։ Շուշիի ձորերից խուլ ձայներ են ականջիս հասնում։ Խոսում են...
Հենց դա է մեր ազգի առավելությունը, մեր քարերը, լեռները, ձորերը, նահատակների հուշաքարերը խոսում են։ Նորից ծանոթ է հայտնվում իմ դիմաց։ Մենակ չէ, մի ազգ կանք կողքին, երկու հայկական պետություն։ Մեր ձորերն են խոսում, ուրեմն մենք ինչպե՞ս լռենք։ Մայիսը եռագույնով օծել է պետք։ Անպարտելի է այն ազգը, որը սրտով հողից կառչել գիտի։ Անպարտելի ենք, դրա մասին խոսել պետք չէ։ Ցեղակրոն Նժդեհի կողքին հպարտ կանգնած ենք մեր պապերի ազատագրած Շուշիի պես։ Մայիսում տարած հաղթանակները մեր ուժի գրավականներից են։ Մենք ուժեղ ենք ինձանով, քեզանով, հայի մեր տեսակով, մեր պանծալի մայիսով։
Քրիստինե Կարապետյան

Այս նյութը դիտել են - 23802 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook