USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես ու իմ հայրենիքը
2019-05-08 09:30:00
Տպել Տպել

Շնորհավորում եմ Մայիսյան եռատոնին նվիրված շարադրությունների մրցույթի Մարտակերտի շրջանային փուլում առաջին տեղ զբաղեցրած 12-րդ գ դասարանի իմ աշակերտուհուն՝ Տաթևիկ Ղահրամանյանին: Նրա ստեղծագործական մտորումները հայրենիքի հետ ներքին մենախոսություն են, որ ուղեկցվում են պապի, հայրիկի ու իր՝ ապրիլյան պատերազմի ականատեսի շարունակական շղթայի՝ սերնդեսերունդ հայրենիքին հավատարմագրված գաղափարի զինվորի կռած հաղթանակներով: (Տեղադրվում է կրճատումներով): Ն. Պողոսյան

Հավերժությամբ բյուրեղացած լեռներից են սկսվում իմ ակունքները: Իմ հոգին ծնվել է այդ լեռներից, որոնց մաքրագործող օդն է ինձ հասակ տվել, խրոխտություն փոխանցել իմ դիմագծերին, ոգեղենություն՝ ձայնիս, որ նրանց մասին խոսելիս չերերամ, այլ զրնգա ձայնս՝ դարերից եկած օրհներգի պես։ Դեռ փոքր էի, երբ մանկական հետաքրքրությամբ հայացքս հառում էի հուշակոթողներին, պատկառանքով նայում այդ լեռան նման մարդկանց, ովքեր քարացել էին, և հոգուս խորքում հավատում էի, որ մի քիչ էլ մոտենամ, նրանք կխոսեն: Բայց ինչու՞ էին նրանք քարացել... «Նրա համար, որ դու այսօր շնչե՜ս, խոսե՜ս, ապրե՜ս»,-բացատրում էր մայրս:
Երբ մեծացա, արդեն դպրոցում ես ինքս էի իմ պատկերացումներով պատմում Հայրենական մեծ պատերազմից, ձայնիս ելևէջները տեղ-տեղ փոխվում էին, քանզի առասպելներ չէին իմ պատմածները, այլ՝ պատառիկներ այն իրականությունից, որի միջով իմ պապն էր անցել: Իմ հայրենասիրությունը լոկ գրքերից չեմ ստացել, միշտ էլ շրջապատում սովորելու, արժևորելու շատ բան եմ ունեցել, բայց եթե դպրոցում ոգևորված պատմում էի Անդրանիկից կամ Նժդեհից, ապա տանն իմ հերոսները դառնում էին պապս ու հայրս, որոնց մասին մայրս էր պատմում: Պապիս Մեծ հայրենականի օրերի շղթան շարունակվեց ինձ համար Արցախյան պատերազմում հորս կերպարով, ու հերոսամարտերն ինձ երևացին Շուշիում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին մայիսին ծածանվող հաղթական եռագույնով:
Այս օրերին հարազատ կրթօջախ տանող ճանապարհս երազանքներով է լեցուն, երբ շուտով ես էլ կավարտեմ միջնակարգը: Դպրոցական տարիներին անգիր արած այն քաղցր տողերը, որ թոթովում էի մանկական շուրթերով, այսօր ինձ համար ուժս չհատելու աղոթք են դարձել: Հայրենիք են դարձել իմ բոլոր հույզերը, որոնք երբեմն վերապրում եմ, իմ՝ ապրիլյան պատերազմի ականատես լինելը, երբ զգում եմ, որ ես էլ մեր երկրի պատմական շարունակության մի մասնիկն եմ: Իմ շղթան պարզ է, դարերի թոհուբոհում թրծված, տեղ-տեղ քերծված է, բայց նրան երբեք հնության փոշին չի պատել։ Այդ ներքին կապվածությունն է, որ ինձ պահում է այստեղ և նրանից հեռանալիս կտրում է իմ թռիչքի թևերը, դատարկում իրենով լեցուն իմ հոգին։

Իմ տարիքին էր հայրս, երբ ծնողներից թաքուն իր փոքր եղբոր հետ պատերազմ էր գնացել, նրանց գիտակցության մեջ այդ տարիքում էլ արմատավորված էր հայրենիքի փրկության գաղափարը: Ես հասկացա՝ երբ հայրենիքը վտանգի մեջ է, տարիք ու ժամանակ չի հարցնում, բայց ինձ հանգստություն չէին տալիս պատերազմի մասին հարցերը... Հորս լռությունը ձուլվեց հայրենիքիս կերպարին, մինչ ես էլ դարձա ապրիլյան պատերազմի ականատես: Որքան էլ մայրս իր պատմություններից հետո աղերսի նման միշտ կրկնում էր, որ միայն թե պատերազմ չլինի, բայց իմ սերունդն էլ ստիպված եղավ կրելու պատերազմի ողջ դառնությունը... Մահվան ահարկու շունչն ինձ այնքան մոտ զգացի, որ թվաց լեռնաշխարհիս հետ ես էլ կործանվելու եմ, ահագնացող արկերն ավերելու են ամեն ինչ... Ու ես էլ շատերի նման մեկնեցի օտար ափեր:
....Այնտեղ լույսերն իմ ունկերն էլ շոյեցին իրենց ձայների հեքիաթանման թրթիռներով, բայց իմ հոգուն չհասան, իմ սրտի նուրբ լարերին չկարողացան դիպչել: Օտար էին դրանց ելևէջները, անծանոթ ու անըմբռնելի նրանց բերած երազները: Այդ գեղեցիկ կատարելության մեջ ես տեսնում էի ամեն ինչ, հիանում իմ աչքի համար նոր ու հետաքրքիր պատկերներով, բայց ոչինչ չէի զգում: Ես հասկացա, որ այնտեղ քարերը համր են, պատմելու, աղաղակելու ոչինչ չունեն, հողերը օրհնությամբ լեցուն բույր չունեն, ծաղիկները՝ հոգի: Իմ հոգում անծանոթ աշխարհի լռությանը հակադրվում էր հայրենիքս՝ իր ջինջ պատկերներով, խոսուն ջերմությամբ: Ես զգում էի, որ նրանից հեռու ապրել չեմ կարող, իմ լեռներից, քարերից հեռու ես գոյություն չունեմ: Մարտակերտն ինձ համար միակն էր երկրագնդի վրա տիեզերքի բազմատարր խորության մեջ։ Վերադարձին հարցնում եմ քրոջս՝ կարծես համոզված, որ ինձ գոհացնելու է իր պատասխանը. «Իսկ դու կապրեի՞ր այնտեղ՝ հայրենիքից հեռու»: Նրա «ինչու չէ»-ն կարծես կործանեց ինձ։ Մի պահ հասկանալով թողած ազդեցությունը՝ շվարած ինձ էր նայում, իսկ ես ասելիք չունեի, երբ արցունքներս ամեն ինչ ասում էին:
Ինձ համար հայրենիքից հեռու երազանք գոյություն չունի, ես ուզում եմ բարձրանա՜լ, բայց իմ թռիչքի թևերն այստեղ են, իմ հույզերի, երազների, իմ կյանքի ամենամեծ բարձունքն իմ հայրենիքն է: Իմ տունն այստեղ է, այստեղ են մանկության օրորոցայիններս, իմ ձեռքով տնկած նռան շիվերը, իմ բոլոր ծաղկունքով լեցուն գարունները, աղոթքիս առաջին մրմունջները, իմ Աստվածն ու ես: Դեռ երեկ անհոգ մանուկ էի, ով թռչկոտում էր երջանկությունից՝ անգամ չիմանալով, թե որտեղ է ապրում, չզգալով, որ աշխարհում, բացի իր խաղահրապարակից, կան մեծ, շատ մեծ քաղաքներ։ Իսկ այսօր ես հասկանում եմ, որ մեծացել եմ, և այս քարափներն ու լեռներն են ինձ մեծացրել, նրանց հետ ես էլ ցնցվել եմ, հոգի տվել, տառապել, բայց նրանք ինձ կոփել են, դարձրել այս բնաշխարհի դուստրը, որ ես էլ գաղափարի զինվոր դառնամ:
Այն նույն ճանապարհով ես նորից դպրոց եմ գնում, խնամում եմ այգուս ծաղիկները, կարծես ուզում եմ վարդաբույրով լցնել աշխարհը՝ պայքարելով պատերազմի նողկալի շնչի դեմ, և շարունակում եմ իմ երազները հյուսել այստեղ՝ համոզված, որ հայրենիքս չեն կարողանա հափշտակել ինձանից, երբ Մայիսյան եռատոնի հաղթանակներով է շնչում: Ես ապրում եմ մեր նահատակների արյամբ ներծծված հողում, իմ կողքին հայոց բանակի ամրակուռ ոգին է թևածում, պատերազմի շունչը զգացած իմ հասակակից տղաներն էլ շուտով սահման են պահելու: Իմ գաղափարի զինվորը կռվել է Բելի դեմ՝ հաստատելով իր ազատությունը, զենք բռնած իր կոպիտ ձեռքերով նոր դալար շիվեր է տնկել, ոտքի է կանգնել հայրենիքի անկախ պետականության ստեղծման ժամանակ, ապրիլյան կռիվներին պայքարի է ոգեկոչել զինվորներին և այդպես եկել, հասել է ինձ, որ ես էլ ապրեմ իմ հայրենիքը հոգումս՝ քառատոնի մի նոր հաղթանակ փայփայելով, Արցախի անկախության ճանաչումով:
Տաթևիկ Ղահրամանյան

Այս նյութը դիտել են - 25517 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook