USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Եռատոնի մեր հաղթանակը
2018-05-07 20:31:00
Տպել Տպել



Մայիսյան եռատոնի մեր հաղթանակն իմ աշակերտուհու՝ 11-րդ գ դասարանում սովորող Տաթևիկ Ղահրամանյանի ձեռքբերումն էր՝ առաջին կարգի դիպլոմ՝ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 15-17 տարեկան ստեղծագործող աշակերտների միջև մրցույթի հանրապետական փուլում հաղթող ճանաչվելու համար: Ստորև ներկայացվում է Տաթևիկ Ղահրամանյանի ստեղծագործական շարադրանքից: /Նատաշա Պողոսյան/

Իմ ամենօրյա անցնելիք ճամփան Մարտակերտ քաղաքիս հին ավերակների կողքով է: Այդ ավերակներն ինձ ուղեկցում են վաղուց, մանկուց եղել են իմ աչքերի առջև, և ամեն անգամ, երբ փորձել եմ կերտել հայրենիքիս պատկերը, նրանց հին շունչը հիշեցրել է ինձ արցախցիներիս բաժին հասած ճակատագրի մասին: Ես հասկացել եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ քարերը խոսել գիտեն, արևը՝ շոյել, որտեղ հողին դիպչում եմ սարսուռով, քանզի մատներս սրբություն են շոշափում։ Իմ սրտի չափ մի հայրենիք ունեմ, որ աշխարհին ցույց տալու աշտարակ չունի, բայց վանքեր կան սրբացված, որոնց ամեն մի քարը մի ողջ պատմություն է: Լեռներս քարացած հսկաներ են, անողոք ճակատագրի դեմ վեր խոյացած հսկաներ, որ իրենց զավակների հետ հավասար ըմբոստացել են, նույնիսկ հասել աստղերին, որ հայրենիքիս համար երկնքից կախված այն լուսե կանթեղը գտնեն:
Ամեն բացվող առավոտ, երբ զգում եմ պատուհանից ներս մտած արևի ճառագայթների ջերմ հպումը, ուրախանում եմ, որ արկերի մահաբեր ձայներից չարթնացա։ Ու խաղաղության մեջ զգում եմ բնության գեղեցկությունը, ապրում նրա ներդաշնակության մեջ, ըմբոշխնում նրա հեքիաթը...Եվ որքա~ն պարտավորված եմ զգում այս խաղաղ օրերի համար, ակնածում անգամ՝ տեսնելով գյուղացուն, ով այգում հողի հետ զրուցում, անցած պատերազմական օրերն է վերհիշում:
Ես ինքս էլ հետադարձ հայացք եմ ձգում, հիշում ապրիլյան օրերը... Մարտակերտից հեռանալիս նայեցի այն հին ավերակներին, թվաց՝ հիշողությանս մեջ հավերժանալու է այդ վայրկյանը, և արցունքախառն աչքերով ու դողացող շուրթերով եմ մրմնջալու հայրենիքիս անունը։ Բայց նորից վերադարձա, քանի որ ապագա մասնագիտությանս հեռանկարն իմ բոլոր պատմությունների լուսավոր կետն է դառնում, որին մոտենում եմ իմ հոգում ամբարվող լույսով, նամանավանդ, երբ ապագայում ինքս պետք է սերունդ կրթեմ, բացեմ հայերենի պերճ գանձարանը, որ իր խորքում մեծ հարստություն ունի: Եվ երանություն է, երբ գիտեմ, որ ինքս եմ ապագա զինվորներ կրթելու, ես եմ մայրենի լեզվի սերը սերմանելու նրանց մեջ, որով մրմնջալու են իրենց աղոթքները և հաղթանակ են ավետելու։
Ես մի աղջնակ եմ, ով չի կարող միշտ իր երազները հստակորեն հյուսել և խորասուզվել հեքիաթների աշխարհում, երբ մտահոգություն ունենք մեր շուրջը, երբ հողն է ներծծված արյամբ, այն հողը, որ մեր հերոսների մարած, բայց կենդանի ու ապրեցնող շունչն ունի իր մեջ, մեր թռիչքի թևերն ու մեր նախնյաց արմատները, որ պարտավորեցնում են մեզ ապրել այստեղ՝ հայրենիքում: Այս հաղթանակած հողն է պահում մեզ այստեղ ու հեռանալիս խլում է մեզանից մեր հոգին, որ միայն մարմնով թափառենք այն մեծ քաղաքներում և սառնություն զգանք օտար հայացքներից: Այս հողը պաշտպանող զինվորներն են մեզ պարտավորեցնում, որ երազներով չտարվենք, այլ բացեիբաց դեմ տանք մեր կուրծքը՝ վերք ստանալու համար, ապաքինենք մեր չսպիացած վերքերը, որ նորովի խոցվենք:
Հոգուս խորքում միշտ զգացել եմ, որ պարտավորված եմ հայրենիքիս առջև, երբ պատերազմի մասին պատկերացումներս մանկուց են ձևավորվել իմ մեջ, դեռ այն ժամանակ, երբ հորս մանկական հետաքրքությամբ հարցեր էի տալիս, երբ նկատում էի նրա ձախ ձեռքի սպին: Նա լռում էր, բայց տատիկս սկսում էր վերհիշել պատերազմը։ Եվ մի դեռահաս աղջնակ արդեն իսկ պարտավորված էր զգում, որ այդ հայրենիքի համար իր հայրը վիրավորվել է պատերազմում, իսկ ինքը ի՞նչ պետք է անի հայրենիքի համար։ Տատիկս հեքիաթների հետ մեկտեղ պատերազմից էր պատմում՝ ինձ համար բացելով մի նոր աշխարհ, որն իրական էր, և մեղմիվ շարժում էր սրտիս լարերը՝ ինձ հայրենասիրությամբ համակելով։
Աչքերս հառում եմ դեպ հեռուները և զգում այն անմնացորդ նվիրվածությունը, որով լցված են եղել հարազատներս այս փոքրիկ լեռնաշխարհի հանդեպ։ Մանկությունից իմ մեջ այդ պատկերացումները մարմնավորվել են, գնալով հասունացել, և հայրենիքիս համար մղված յուրաքանչյուր հաղթանակ՝ հպարտությամբ լցնելուց բացի, կեղեքել է փխրուն սիրտս, քանզի գիտակցել եմ միշտ, որ հաղթանակի կնիքը միշտ արյամբ է ստորագրվել: Եվ այդ թափած արյունն է, որ ամեն օր երակներիս արյանը սնուցում է հայրենասիրությամբ, ստիպում զգալ խաղաղության գինը։ Իմ հայրենիքում դեռ վերջնական խաղաղությունը հաստատված չէ, գորշ ամպերը համառորեն չեն ուզում հեռանալ մեր լեռնաշխարհի լուրթ երկնակամարից: Հայրենիքիս գլխին դեռ օրորվում է դամոկլյան սուրը, իսկ առջևում Մայիսյան եռատոնն է:

Այս օրերին էլ, երբ լսում եմ անմահացած զինվորների մասին, զգում եմ, որ նրանք պատմության նոր էջեր են հյուսում՝ արյամբ գրելով իրենց անունները, որ Վարդանների կողքին ավելանան Քյարամներ... Չեմ կարող պատմության ետևում մնացած էջերն անտեսված թողնել, երբ մեր հայորդիների հերոսությունները հյուսվում են նրանց վրա և ինձ պարտավորեցնում՝ հիշել նրանց, ովքեր հաղթանակ են կռել: Ապրելով այս հողի վրա՝ ես էլ պարտավորված եմ զգում՝ թշնամուն չզիջել անգամ մի կտոր հող, քանզի դա կնշանակեր՝ թույլ տալ նրանց մեր աչքերի առջև պղծել մեր պապերի գերեզմանները։

Շուրթերս սովորել են ամեն անգամ խաղաղության համար աղոթել, այն իմ բոլոր աղոթքների «նախաբանն» է, խտացված ողջ բովանդակությունը, երբ ինքս էլ ապրիլյան պատերազմի ականատես եմ: Եվ գուցե դրանից է, որ եկեղեցում, երբ տեսնում եմ աղոթող զինվորներին, մոմերի լույսերն ավելի վառ են երևում աչքիս, այդ լույսերին ձուլված՝ լսում են նրանց՝ հոգուս հարազատ դարձած թափանցիկ աղոթքները, որոնք նաև իմն են դառնում, երբ գիտեմ, որ այդ աղոթող ձեռքերն են, որ, զենքն ամուր բռնած, կերտում են մեր խաղաղությունը։ Սրտիս խորքում ծածուկ նախանձում եմ բոլոր տղաներին, երբ գիտեմ՝ նրանք կարող են զինվոր դառնալ, իսկ ես՝ ո՛չ։ Նրանք իրապես հատուցել գիտեն իրենց ծնած հողին, գիտեն արյան գնով պահել այդ սահմանը, իսկ ես, լոկ սահմանում ապրելով, իմ հպարտության պոռթկումներով եմ արտացոլում սերս նվիրական հայրենիքիս հանդեպ, իմ ամենամեծ սերը, որի կողքին մարում են բոլոր զգացումներս:
Ամեն անգամ հուշարձան այցելելով՝ կարծես կատարում եմ կյանքիս ամենամեծ առաքելությունը: Հայացքս հառում եմ հուշակոթողին, ջերմություն զգում, զսպում եմ կոկորդս խեղդող հուզումը, քանզի ես չեմ ուզում ողբալ, այլ լռության մեջ մեկ անգամ ևս ուզում եմ լսել նրանց ձայնը, ովքեր կերտեցին մեր հաղթանակը։ Անմահների կոթողին խոնարհում եմ ծաղիկներս, մտովի շնորհավորում նրանց հաղթական տոնը, նրանց հոգիներին հանգստություն եմ մաղթում, հիշում այն կենդանի հերոսներին, ովքեր անմասն չմնացին այդ հաղթանակը կերտելուց: Հուշակոթողի կողքին կանգնած պահապան երկու զինվորների աչքերում հայոց բանակի ամրակուռ ոգին եմ տեսնում, որ այսօր էլ սահման են պաշտպանում, մեր խաղաղությունն ամրագրում: /Տաթևիկ Ղահրամանյան/

Այս նյութը դիտել են - 15747 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook