USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հարցազրույց, որ շարունակություն ունի
2018-11-10 12:15:00
Տպել Տպել

Արցախի հանրային հեռուստատեսությամբ օրեր առաջ մանկավարժիս հետ անցկացված հարցազրույցի շարունակությունն է՝ որոշ կրճատումներով: Տաղավարում էի հաղորդավարուհի Սաթինե Մինասյանի հրավերով: Թեման իմ նոր հրատարակված գիրքն էր՝ «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասը:

Նատաշա Պողոսյան- Ի տարբերություն «Մանկավարժի օրագրի» 1-ին մասի՝ այս գրքում ուսուցիչներ կան ընդգրկված: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվում ուսուցիչներ ունենք, ովքեր հարազատներ են կորցրել Արցախյան ազատամարտի ժամանակ, նրանք մտել են այդ գիրքը՝ որպես կերպարներ, ովքեր չնայած կորուստ ունեն, հոգու մեծ ցավ, բայց վերադարձել, արարում են, ստեղծագործում ու շարունակում իրենց գործունեությունը: Այս գրքի առանցքում ոչ միայն մեր նորօրյա աշակերտներն են, այլ նաև շրջանավարտներ, ովքեր դպրոցն ավարտել, տարբեր բուհերում սովորում են, բայց նրանց մտքերը գիրք են մտել...Կան նաև շրջանավարտներ, ովքեր, ցավոք, կյանքից հեռացել են թե՛ սահմանին զոհվելով, թե՛ այլ պատահարներից: Մեր ուսուցիչներից բացի գրքում կան անհատականություններ, որ սոցցանցերից եմ ծանոթացել, մոտիկ և հեռու մարդիկ, ովքեր ինչ-որ ձևով իմ գործունեությանը նպաստել են իրենց խոսքով, իրենց վերաբերմունքով: Կան մանկավարժներ, ովքեր հեռուներում են ապրում, նրանք էլ ունեն հոգու ցավ ու գրքում տեղ ունեն:
...Այս գրքում դաստիարակչական նյութեր կան, որ սովորեցնում են նոր սերնդին՝ լավագույն որակներ ձևավորել: Արտադասարանական և դպրոցից դուրս միջոցառումներ կան, որ արձանագրել եմ, անկախ նրանից՝ այդ աշակերտներին դասավանդում եմ, թե չեմ դասավանդում: Եվ ցանկացել եմ մանկավարժի իմ կերպարով ոչ թե առանձնանալ, անձնական նպատակ չեմ ունեցել, այլ իմ մանկավարժական գործունեության նկարագրով ընդհանրացրել եմ, ցանկացել ցույց տալ սահմանամերձ բնակավայրում ապրող մանկավարժի կերպարը:
Նաև այս գիրքը «ո՛չ» է ասում արտագաղթին: Սերնդի մեջ չկա մեկը, որ ցանկանա մեկ ուրիշ տեղ ապրել: Ընդհանրապես, Արցախն այն հողն է, որը սեր է ծնում իր մեջ: Այստեղ նահատակների հիշատակ կա, մանկավարժի անցած ճանապարհ: Իմ կենսագրականն է նաև՝ սկսած խորհրդային տարիներից, թե ինչպիսի դժվարություններով եմ բուհ ընդունվել, ապա դպրոց մտնելու դժվարին ճանապարհ անցել: Արցախյան պատերազմի ականատես եմ, օտարության պտուղներն եմ քաղել՝ ապրելով Ռուսաստանի Դաշնությունում: Արցախի հողի սիրով եմ վերադարձել հայրենիք ու սկսել իմ մանկավարժական գործունեությունը 1996 թ.-ից առայսօր: Ես սիրում եմ իմ դպրոցը, սիրում եմ իմ շրջապատը, սիրում եմ այն ճանապարհը, որտեղով գնում եմ, այն դպրոցը, որտեղ ես աշխատում եմ, անգամ ամեն մի ծառ ու թուփ, ամեն ինչ ինձ սիրելի են: Ու երևի թե այդ սիրուց է ծնվել այս գիրքը...
Սաթինե Մինասյան-Ու նաև որպեսզի արտացոլվի այսօրվա սերնդի սերը:
Նատաշա Պողոսյան-Այո՛, այդպես է: Ես չեմ ասում, որ այս գիրքը հարյուրավոր ընթերցողներ կունենա, երբ արդեն ընթերցված է այն: Գրածս նյութերը տեղադրվում են USArmenianews.com կայքի «Մանկավարժի անկյուն» բաժնում, այնտեղից տարածվում է ամենուր: Հնարավոր է՝ գրառումը 10 հազար ընթերցող ունենա, թեկուզ մինչև 35 հազար, նույնիսկ կա գրած նյութ, որ 40 հազար ընթերցող է ունեցել: Հետևաբար սա այն գիրքն է, որ շատ-շատերին հաճելի է, բայց չեմ ասում, որ չեն լինի հատուկենտ մարդիկ, ովքեր երես կթեքեն այդ գրքից: Այո՛, կլինեն, քանի որ բոլորը նույն մտքին չեն...Ես համոզված եմ, որ այս այս գիրքը կսիրվի, այնպես չի, որ ես եմ գրել, դրա համար եմ ասում: Սա գիրք է, որտեղ շատերն իրենց կտեսնեն: Այն 250 օրինակով է հրատարակվել, բայց, կարելի ասել, որ այնտեղ գործող «կերպարները» շատ ավելին են, նույնիսկ չի հերիքում, որ բոլորին նվիրեմ: Իմ գրքերը նվիրում եմ մեծ սիրով՝ առանց մտածելու, թե հետո ինչ վիճակում կհայտնվեմ: Ես ինքս իմ ինքնասիրությանը վիրավորած կլինեմ, եթե բազմաթիվ առաջարկների արդյունքում, թե «ո՞ր գրատանն են վաճառվում», «որտեղի՞ց գնենք» հարցումներին արձագանքեմ, որ այսինչ գնով եմ վաճառում...Չեմ կարող ինչ-որ մեկին ասել, որ իմ գիրքն այս արժեքն ունի, նման բան չկա: Եթե սրտի թելադրանքով գրել եմ, նույն ձևով էլ նվիրում եմ:
Սաթինե Մինասյան- Ինչ-որ տեղ օրագիրն իր մեջ գաղտնիություն է պարունակում, Դուք կարող եք կիսվել Ձեր օրագրով միայն նրանց հետ, ում վստահում եք:
Նատաշա Պողոսյան-Ես ուզում եմ այստեղ անպայման շեշտել, որ այս գրքի ծննդյան օրվան, ընթացքին, ուրախությանը, մտահոգություններին ամենուր ինձ հետ է եղել Արցախի ԿԳՍ նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանը, ով իմ չորս գրքերի խմբագիրն է եղել, այստեղ նաև նախաբանի արժևորված գնահատանքի խոսք կա նրա կողմից: Ուզում եմ նաև շնորհակալական խոսքս ուղղել բանասեր Զարինե Սառաջյանին, գրականագետ Զինաիդա Բալայանին, ովքեր նախաբանի գնահատված խոսք են ասել ու այն տեղ է գտել գրքում: Գիրքը հրատարակվել է գրողների միության երաշխավորությամբ, շնորհակալությունս գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին: Այս գիրքը, ինչպես նախորդը, նորից նվիրել եմ իմ մանկավարժ դստերը՝ Սոֆյա Պետրոսյանին: Այս գիրքն իմ անցյալն է, իմ ներկան, իմ ապագան: Սա գիրք է, որ շարունակություն է ունենալու, այսօր էլ շարունակում եմ գրել: Չնայած մտահոգություններ կան, դրանք անցողիկ են: Ես գիտեմ, որ այս գրքի մեջ սեր կա ներդրված, այս գրքում հույզեր կան... Այն սովորեցրեց ինձ պարզ հայացքով նայել շրջապատիս, նաև նկատել այն թերությունները, որ առկա են մեր շուրջը:

 Սաթինե Մինասյան-Ես հենց դա էի ուզում հարցնել. «Արդյո՞ք Դուք փոխվեցիք, որպես մանկավարժ, այս գրքի հրատարակվելուց հետո»:

Նատաշա Պողոսյան-Կարելի է ասել, որ ոչ թե այս գիրքը հրատարակվելուց հետո փոխվեցի, այլ ընթացքում՝ գրելու ժամանակ: Ես հասկացա, որ պետք է հնարավորություն տալ դեռահասին, որ բացվի: Աշակերտը իմ հայեցակետում կախված չէ նրանից, թե որտեղ է նստում՝ առաջին թե վերջին նստարանին, երբ վերջում նստած աշակերտը կարող է մի խոսք ասել, որ հուզմունքից չկարողանաս դիմանալ...Այստեղ, իհարկե, գրքի մասին եմ խոսում, բայց որքան կցանկանայի, որ համակարգի թերություններից խոսեի...Ես մանկավարժ եմ, ով մի քիչ ըմբոստ է, չի կարողանում անարդարությունները տանել, չեմ սիրում թաքցնել, բացահայտում եմ, բարձրաձայնում թերությունների մասին: Այս գրքում սեր կա Մարտակերտի հանդեպ, բայց նաև ես մարդ եմ, ով անտարբեր չի մնում իր շրջապատի հանդեպ: Կլինեն հատուկենտ մարդիկ, որ կհրեն մի կողմ այս գիրքը, նաև եղել են, բայց հազարավորների կողքին, կարելի է ասել, որ չեն երևում:
Այս գրքում ինձ շաղկապված եմ տեսնում և՛ իմ գործին, և՛ իմ շրջապատին, և՛ ընդհանրապես՝ մարդկանց... Այս օրերին առաջարկներ եմ ստանում, թե ինչու այդ գրքերը չեն բաժանվում բուհերին կամ դպրոցներին: Եթե հնարավոր լիներ շատ ավելին հրատարակվեր, թեկուզ 500 լիներ կամ 1000 օրինակով, նույն սիրով կնվիրեի բոլորին: Չորս գիրք եմ հրատարակել, շուտով այս վերջինն էլ կնվիրեմ, դրանցից ինձ հատուկենտ, մատների վրա հաշված գրքեր են մնում, և ես դրանից ինձ լավ եմ զգում: Այս օրերին էլ գրում են անընդհատ, որ գիրք են ուզում, բայց բոլորին չեմ կարողանում հասանելի դարձնել, նույնիսկ երբեմն վատ եմ զգում, որ մերժում եմ...
Սաթինե Մինասյան- Ցանկացողները կարող են նաև կայքում ընթերցել... Տիկի՛ն Պողոսյան, ցավոք, մեզ քիչ ժամանակ է հատկացված, արդեն սպառվում է: Ես համոզված եմ, որ երբ հրատարակվի «Մանկավարժի օրագրի» 3-րդ մասը, մենք դարձյալ կհանդիպենք և կքննարկենք: Շատ շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար:
Նատաշա Պողոսյան-Ես չգիտեմ՝ որքան հասցրի խոսել, բայց շատ տարողունակ է թեման, ես էլ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ այստեղ հրավիրելու, նաև անմիջական, մտերմական այս զրույցի համար: Գուցե և բացթողումներ կան, որ չհասցրի ասել, բայց և այնպես շնորհակալ եմ բոլորին՝ իմ շրջապատից մեր կոլեկտիվին, բոլոր աշակերտներին, այն բոլոր մարդկանց, ովքեր ուրախացել են այս գրքի հրատարակությամբ, ովքեր տեսնում են իմ գործունեությունը: Սա լարված գործ չէ, սա հաճելի «տառապանք» է, որը կատարում եմ սիրով, այդպես էլ կշարունակեմ:
Սաթինե Մինասյան-Շնորհակալություն:
Այսքանը, հարգելի՛ հեռուստադիտողներ, իսկ մեր եթերը շարունակում է «Կրթարանը», մնացե՛ք Արցախի հանրայինի հետ: Ցտեսություն:
Նատաշա Պողոսյան 

Այս նյութը դիտել են - 7167 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook