USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այսօր Ուսուցչի օրն է
2023-10-05 17:26:00
Տպել Տպել

Այսօր Ուսուցչի օրն է։

Ընդհատում եմ տողերիս շարվածքը վերջին օրերին բռնատեղահանված արցախցիներիս մասին, ցանկանում մի երկու խոսք գրել օրվա առիթով։

Ինչերի՜ միջով անցավ Արցախի Ուսուցիչը, երբ իննամսյա աղետներին բախվելով` սեպտեմբերի սկզբին մտավ դասարաններ` կրթության գործը շարունակելու` ամաչելով անգամ, որ իր առջև նստած աշակերտները սոված են, գուցե և` կիսասոված։ Ամենադժվար հարցը, որ ուղղում էինք նրանց` արդյո՞ ք հաց կերել են, երբ նրանցից շատերը ժամերով հացի հերթերում էին...
Երևի թե աշխարհի ոչ մի դպրոցում սոված երեխաներ դպրոց չէին հաճախում, ինչպես մեզ մոտ։ Ուրեմն իրավունք ունեմ ասելու` որքա՜ն ուժեղ էին, կամքով արի Արցախի ուսուցիչները։ Թող ինձ ներեն բոլոր մյուս ուսուցիչները, որ տարբերակեցի հայրենազուրկ ուսուցիչներիս։
Ինչպիսի՜ ահասարսուռ սարսափ, երբ իրենց աշակերտներին մեր ուսուցիչները պատերազմի առաջին օրը հապճեպ հասցրին դպրոցների նկուղները` սրբելով իրենց թաց աչքերը, որ վախվորած սաները չտեսնեն, այն դեռահասները, ովքեր երկրորդ կամ երրորդ պատերազմներով էին անցնում։
Բռնատեղահանություն այնքան կորուստներից հետո, երբ Ուսուցիչը իր սաների, նրանց ծնողների հետ հայրենազուրկ դարձավ` անցնելով բազում դժվարություններով...
Մայր Հայաստանում կարոտախտով հիվանդ Արցախի ուսուցիչներ` շրջանավարտներ, ծնողներ, հարազատներ կորցրած, սգավոր դարձած, տնից֊տեղից զրկված, ճակատներին դաջված խարանով, որ պիտի ապրեն անհայրենիք, անցյալի հիշողություններով...
Հայաստանի ուսուցչություն, որ կանգնեցին մեր կողքին` մեզ ձեռք մեկնելու առաջարկներով, խելացի խորհուրդներով, գթասրտությամբ, բարի կամքի դրսևորումներով, մարդկային ազնիվ որակներով...
Եթե պիտի շարունակել ապրել, ապա բազում աղետներով անցած Ուսուցիչը պիտի ապրեցնի, նոր կյանք, մեծ կամք ու համբերություն ներարկի շրջապատին։
Հազար ցավերով ծանրաբեռ է Ուսուցիչը, ով դարձել է նաև աշխարհի անարդարությունների կրողը, հետևաբար` ի գիտություն իշխանությունների` պիտի իմանան, որ Ուսուցչի բարձր հեղինակությունից է կախված պետության հիմքերի ամուր լինելը։
Շնորհավորում եմ Ուսուցչի տոնը, ցանկանում նրա դերի, գործունեության գնահատում, որ նա հասարակության մեջ մնա որպես լույսի ջահակիր` իր առաքելությամբ, իր նորարարությամբ, այն մեծ սիրով, որ ամբարված է նրա տարողունակ սրտում։
Համբերություն, տոկունություն, մեծ կամք համակարգի աշխատողներին, բոլոր ուսուցիչներին։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 2610 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook