USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հարցազրույց «Ողջույն Արցախ» հեռուստանախագծով
2018-11-05 10:10:00
Տպել Տպել

Վերջերս հրատարակվեց իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասը: Արցախի հեռուստատեսությունից նոյեմբերի 2-ին հրավիրվեցի հարցազրույցի: Այն մտերմիկ ու պարզ զրույց էր, հրավերի համար շնորհակալությունս հաղորդավարուհի Սաթինե Մինասյանին:

Սաթենիկ Մինասյան - Բարի երեկո: Արցախի հանրային հեռուստատեսության եթերում «Ողջույն Արցախ» հեռուստանախագիծն է: Մանկավարժի յուրաքանչյուր օրը մի փոքրիկ մենամարտ է, հաղթանակ, ձեռքբերում և շռայլ նվիրատվություն: Նվիրատվություն գիտելիքի, փորձի և աշխարհընկալման: Եվ եթե ամեն մի օրը գրի առնվի, հաստափոր մի օրագիր կձևավորվի և այդ օրագրի մեջ կարտացոլվեն աշակերտների հույզերը, ձեռքբերումները, մանկավարժի հետ փոխհարաբերությունները, դպրոցը, հայրենիքը, սահմանն ու սահմանին կանգնած երեկվա աշակերտը: Հենց այս ամբողջությունն է կազմում վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանի «Մանկավարժի օրագիրը»:
Բարև Ձեզ, տիկի՛ն Պողոսյան: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար:
Նատաշա Պողոսյան - Բարև Ձեզ: Ես էլ շատ շնորհակալ եմ, որ այսօր գտնվում եմ Արցախի հեռուստատեսության տաղավարում Ձեր հրավերով:
Սաթինե Մինասյան - Տիկի՛ն Պողոսյան, այս գիրքը՝ «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասը, հենց առիթ է դարձել մեր այսօրվա հանդիպման: Ընդհանրապես, ինչպե՞ս ծնվեց գաղափարը, սկսենք հենց ամենասկզբից:
Նատաշա Պողոսյան - Ես էլ չէի գիտակցում, որ կարող է գիրք ձևավորվի, ավելի ճիշտ, «Մանկավարժի օրագիր»: Երեք տարի առաջ էր՝ ֆեյսբուքյան կայքում իմ հայտնվելու օրերից: Իմ էջի գրառումները տեսա, որ տարբեր կայքեր իրենց էջերում տեղադրում են: Եվ շուտով, դա 2015 թ.-ի դեկտեմբերի 2-ին էր, Լոս Անջելեսից ինձանից հարցրին հեռախոսի համար: Ես փոխանցեցի: Կայքի խմբագիր էր խոսողը:
Սաթենիկ Մինասյան - Դա USArmenianews.com կայքի մասի՞ն է խոսքը:
Նատաշա Պողոսյան - Այո՛, խմբագիր Գայանե Մանուկյանն էր խոսում, ով առաջարկ ուներ, որ իրենց կայքի «Մանկավարժի անկյուն» բաժնում տեղադրեն իմ նյութերը, որից հետո կտարածվեն այլ էջերում: Ու այսպես սկսվեց այդ աշխատանքը: Մինչև մեկ-երկու ամիս արդեն ծավալուն աշխատանք էր կատարվել, կամաց-կամաց նաև ընթերցողները շատացան, նույնիսկ նյութեր կային, որ մինչև 30-35 հազար ընթերցողներ ունեին: Ու, կարելի է ասել, ափսոսանք ծնվեց, որ վաղը, մյուս օրը սրանք կկորչեն, երբ այստեղ մեր աշակերտներն են, մեր ուսուցիչները, հարազատ Մարտակերտն է, մեր դպրոցը: Ուրեմն՝ պետք է հավաքագրել և ավելի ճիշտ կլինի գիրք դարձնել:
Եվ 2016-ի գրած բոլոր նյութերը, նաև 2015-ից մի քանիսն ընդգրկվեցին «Մանկավարժի օրագրի» 1-ին մասում: Գրեցի մեծ հաճույքով, բայց նաև ուսուցչի համար մեծ տառապանք էր, երբ նրա գրած գրքի հրատարակությանը ոչ ոք ձեռք չի մեկնում: Ու առաջին մասի հրատարակությունը՝ 28,5 մամուլ ծավալով, որ բավականին ծախսեր էր պարունակում, հրատարակվեց ուսուցչուհուս համեստ աշխատավարձով: Նաև նպատակ չունեի, որ ես վաճառքի հանեի այդ գրքերը, երբ այդտեղ աշակերտներ կային, հույզեր ու արցունքներ, ուրախություն կար, և պահի թելադրանքով ինչ-որ միջադեպ գրի էր առվել, այսինքն՝ այստեղ խորացված ձևով ներկայացվել էր ուսուցիչ-աշակերտ գեղեցիկ հարաբերություններ:
Սաթենիկ Մինասյան - Եվ այդ հարաբերությունները վաճառքի ենթակա չէին:
Նատաշա Պողոսյան – Այո՛, դրանք ենթակա չէին վաճառքի: Չնայած դժվար էր հրատարակելը, բայց այդ գրքերը սիրով նվիրեցի մեր աշակերտներին, ուսուցիչներին, իմ լավագույն ընթերցողներին՝ հասկանալով, որ այն շարունակական բնույթ է կրելու: Ես չեմ կարող կանգ առնել, քանի դեռ դպրոցում աշխատում և այդ կայքի հետ համագործակցում եմ, նաև երեք տարի դեռ ունեմ մինչև թոշակի անցնելը, երևի կգրեմ, բայց ինչպես կհրատարակեմ, չգիտեմ: Ասեմ, որ «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասում 2017-ի իմ գրառումներն են, այս օրերին էլ շարունակվում են այդ գրքի 3-րդ մասի հրապարակումները:
Անպայման ուզում եմ մեծ երախտագիտությունս հայտնել այս եթերով Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանին: Անցած տարվանից նրան այդ պաշտոնին նշանակեցին, ես նույնիսկ նրան չէի էլ ճանաչում: Գնացինք հուշարձան փետրվարին՝ Արցախյան շարժման 30-ամյակի առիթով, աշխատակազմի ղեկավարը մոտեցավ ինձ, թե ղեկավարն ուզում է խոսել Ձեզ հետ: Ասաց՝ գիտեմ, որ գիրք եք գրում: Հաստատեցի, որ գրում եմ, բայց դժվարանում եմ հրատարակության հարցում: Նա ասաց, որ կարող է օգնել, ես նույնիսկ չթաքցրի զարմանքս, թե կարո՞ղ է իրեն Աստված է ուղարկել ինձ համար:
Եվ վարչակազմի ղեկավարն օգնեց ինձ: «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասը 250 օրինակով հրատարակվեց, որից նա 100 կոշտ կազմով գրքի համար 400 հազար դրամի օգնություն ցուցաբերեց ինձ: Այս գրքի հրատարակությանը օգնել է ինձ մոսկվաբնակ մեր հայրենակից թոշակառու Սերգեյ Հովհաննիսյանը: Սա էլ գեղեցիկ առաքելություն էր, երբ համացանցով գրեց ինձ, որ հեռախոսի համար փոխանցեմ իրեն: Շուտով նա զանգեց և առաջարկեց իր օգնությունը: Արցախբանկով ուղարկեց նա 10 հազար ռուսական ռուբլի՝ համարժեք մոտ 75 հազար դրամի, չնայած ցանկալի չէր, որ իրեն նեղություն պատճառեր: Վերջերս մեր դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի միջնորդությամբ այդ գրքի հրատարակությանը 200 հազար դրամով օգնեց նաև Երևանում բնակվող Սվետլանա Օհանջանյանը, ով խորհրդային տարիների մեր դպրոցի շրջանավարտներից է: Հրատարակված գրքի ընդհանուր գումարից 200 հազար դրամ է մնացել, որը կփոխանցեմ ես: Նաև շնորհակալությունս «Դիզակի» տնօրենին, որ միշտ բարյացակամորեն ինձ ընդառաջել է և ամսեամիս փոխանցվել է գումարը դեռևս նախորդ գրքի հրատարակության օրերին:

Սաթինե Մինասյան – Լավ գործ եք անում, ինչու՞ պետք է չընդառաջեն, ամեն դեպքում պետք է ընդառաջեն: Իսկ Ձեր աշակերտները ինչպե՞ս են վերաբերվում Ձեր այս ստեղծագործական աշխատանքին, չէ՞ որ նրանք էլ են արտացոլված այս գրքում:
Նատաշա Պողոսյան – Այն գիրքն է սա, որ աշակերտները սրտատրոփ սպասում են, քանի որ իրենք կան այդտեղ: Աշակերտն ապրիլից հետո ինձ ասում է, որ ինքը գոյություն չուներ, երբ Մարտակերտից մի քանի օրով դուրս էր եկել: Ասում եմ, որ իմ հոգում էլ նույն զգացումն է: Նաև մեր սահմանամերձ բնակավայրը սեր է ծնում: Սա խոսք չի, որ ես ասում եմ: Անձամբ ես այս տարիքում չեմ կարողանում ուրիշ տեղ ապրել: Մեր ասֆալտապատված փողոցները, որ նոր են վերանորոգվել՝ շնորհիվ մեր վարչակազմի ղեկավարի, մինչ այդ այն փոշոտ, ցեխոտ փողոցներն ինձ չեն վանել երբևէ, որովհետև սիրել եմ այս հողը, նաև տեսնում եմ, որ այդ սերը կա սերնդի մեջ, կա իմ կողքին աշխատող ուսուցչի մոտ: Նույնիսկ վերջերս ամենալավ սովորող աշակերտն ինձ ասում է, որ եթե ինքը գրած լիներ գիրք, երբևէ չէր նվիրի, երբ տեսնում է, թե ինչքան մտահոգություններ կան գրքի հրատարակության հետ կապված:
Բայց բարոյական որակներն այսպես են ձևավորվում մարդու մոտ: Գումարն անցողիկ բան է, թումանյանական լավ գործի անմահության գաղափարն ինձ միշտ ուղեկից է, այս աշխարհից գնալու ենք, ի՞նչ ենք թողնելու մեզանից հետո: Մեր աշակերտները մեծ հետաքրքրությամբ են սպասում այս գրքին: Սա այն գիրքն է, որ չընթերցող աշակերտին ինքնաբերաբար ընթերցող է դարձնում, նրան տանում է այդ գրքի էջերը թերթելուն: Նույնիսկ կա այս գրքում աշակերտ, ով գրել է, թե ինքն առաջին անգամ գիրք է ընթերցել, խոսքն իմ օրագրի 1-ին մասին էր վերաբերում:
/Շարունակելի/

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 7303 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook