USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գրքի ընթերցման ո՞ր տարբերակն եմ նախընտրում՝ տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային
2017-11-10 10:45:00
Տպել Տպել

Ժամանակները փոխվում են, նոր սերնդի առջև նոր մարտահրավերներ են, հնին փոխարինում են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, արդիական մտահղացումներ, որոնք երբեմն բանավիճային են դառնում: Ու այդ բանավիճային թեման առողջ մթնոլորտում երբեմն մտնում է դասարանները, դառնում աշակերտների համար կարծիքներ արտահայտելու հարթակ, որտեղ որքան նորի հավակնություն լինի, միևնույն է, չի թերագնահատվում հինը: Ու իմ հարցման արդյունքում թեման դառնում է տնային հանձնարարություն, որտեղ յուրաքանչյուրը յուրովի արտահայտում է իր տեսակետը, անգամ որոշ աշակերտների մոտ անկեղծ ասելիք կար, որ իրենք գիրք ընդհանրապես չեն ընթերցում, չգիտեն անգամ ինչպես արձագանքեն նման հարցին:
12-րդ դասարանում ակտիվ աշակերտների մոտ կարծիքներ կային, որ ուշադրությանս արժանացան, ու մեծամասնությունը համակարծիք էին, որ երկու տարբերակն էլ ընդունելի է, ուղղակի տպագիր գիրք ընթերցելու համն ու հոտն ուրիշ են:
«Ըստ ինձ՝ տպագիր գրքեր ընթերցելն ավելի հաճելի ու հարմար է: Սիրում եմ գրքեր ընթերցելիս նշումներ կատարել մատիտով, սիրում եմ թերթել գրքի էջերը և զգալ նրա բույրը: Սակայն ոչ միշտ եմ կարողանում գտնել ինձ անհրաժեշտ գիրքը, այդ իսկ պատճառով ստիպված ընթերցում եմ էլեկտրոնային տարբերակը: Բայց էլեկտրոնային գրքերն ընթերցելն այնքան էլ հարմար չէ, այդպես ահավոր լարվում ենք, վնասում մեր աչքերը և այդքան էլ ուշադիր չենք լինում մանրամասներին: Ես երկու տարբերակով էլ ընթերցում եմ գրքեր, բայց, իմ կարծիքով, իրական գրքի բույրին ոչինչ չի փոխարինի»: /Մարդոյան Քրիստինե/
«Գիր ու գրականությունը մարդկության և անհատի զարգացման գլխավոր նախապայմաններն են: Ժամանակը փոխել է գրականության թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը: Ու չնայած հիմնական թեմաները մշտապես նույնն են՝ մարդկային հարաբերություններ, սեր, հայրենասիրություն, հոգևոր ու աշխարհիկ ըմբռնումներ, սակայն մատուցման ու ներկայացման ձևերը փոխվել են: Եվ ահա 21-րդ դարում ի հայտ են եկել էլեկտրոնային գրքերը: Դրանց վերաբերյալ կարծիքները հակասական են: Ըստ իս՝ այս երևույթն ունի մի շարք դրական կողմեր՝ մատչելիություն, կոմպակտություն, արագ հասանելություն: Սակայն ծնողներիս պնդմամբ կարդալու երևույթը հաճույք է, եթե թերթում ես էջերը: Հնամաշ գիրքն արդեն ասոցացվում է «լավ ու հետաքրքիր գիրք» հասկացության հետ: Ես կողմ եմ ընթերցանության բոլոր ձևերին, իմ կարծիքով՝ մատուցման ձևը կարևոր չէ, կարևորը գրքի ասելիքն է»: /Գրիգորյան Սեդա/
«Մանկուց ես սիրել եմ գիրքը, ու տարիների ընթացքում համալրվեց իմ փոքրիկ գրադարանը տարբեր գեղարվեստական գրքերով: Նույնիսկ սիրում էի քնել գրքի վրա: Հասունանալով հասկացա, որ գիրքը մեզ օգնում է տարբեր բնագավառներում, այն ավելի է ընդլայնում մեր աշխարհայացքը, հարստացնում մեր բառապաշարը: Էլեկտրոնային տարբերակով գիրքը թեկուզ ժամանակակից է, բայց, միևնույն է, ձգտում եմ օգտվել գրադարանից, նախընտրում եմ ընթերցել տպագիր գիրքը, որը կարող ես շոշափել, զգալ գրքի յուրահատուկ, անկրնկնելի հոտը»: /Դավթյան Տաթևիկ/
Այդ դասարանում ուշադրությանս արժանացավ նաև Վիկտորյա Դանիելյանի արտահայտած կարծիքը, ում նկար չկարողացա գտնել, բայց հարմար գտա տեղ տալ նաև նրա մտքերին. «21-րդ դարը տեխնոլոգիապես զարգացման ժամանակաշրջան է: Այսօր զարմանալի չէ տեսնել մարդու, ով ընթերցում է էլեկտրոնային եղանակով: Իմ վերջին կարդացածս գիրքը էլեկտրոնային էր, քանի որ գտնել այդ գիրքը, այդպես էլ չկարողացա: Այդպիսի ընթերցումը բավականին հոգնեցուցիչ է և առանց համ ու հոտի: Նախընտրում եմ կարդալ գիրքը շոշափելով, թերթելով, սիրում եմ հավաքել նույնիսկ հնացած գրքի թափթփված թերթերը, կարդալիս անցնել մի մասից մյուսը, ժամանակից շուտ իմանալ՝ ինչ ավարտ ունի այն... Հետևաբար կան բաներ, որ էլեկտրոնայինով չեմ կարող անել»:
Այս թեման շարունակական է, նախընտրելի է նաև լինեն արձագանքներ տարբեր սերունդների ընթերցողների կողմից:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 15668 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook