- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Հայաստանի բանալին հայոց լեզուն է»
Ավետիք Իսահակյան

Հայոց լեզվի հանդեպ սերն ու նվիրումը կրկին մեկտեղեցին նրանց, որոնց համար մայրենին ոչ միայն դասավանդման առարկա է, այլև ազգային ինքնության պահպանման և այն սերունդներին փոխանցելու սրբազան առաքելություն։
2026 թվականի օգոստոսի 8-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Առաջնորդարանում, Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ, տեղի ունեցավ մայրենի լեզվի մշակների համահայկական հերթական հավաքը։
Տարիներ շարունակ այս նախաձեռնությունն Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացման, փորձի փոխանակման և կրթական նոր մոտեցումների քննարկման կարևոր հարթակ է եղել։ Վերջին տարիներին, սակայն, այն ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ ձեռք բերելով համահայկական ընդգրկում և իր շուրջը համախմբելով տարբեր երկրներում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը նվիրված մանկավարժների։
Բացման խոսքով հանդես եկավ հավաքի գլխավոր կազմակերպիչներից, ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով հավաքի կարևորությունը նշելով, որ «Միջոցառման նպատակը միայն գիտական հարցերի քննարկումը չէ։ Այն մասնագիտական երկխոսության, մանկավարժական փորձի փոխանակման և կրթության արդի մոտեցումների յուրացման արժեքավոր հարթակ է, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի թարմացնելու իր գիտելիքները, ծանոթանալու նոր մեթոդներին և հարստացնելու սեփական մանկավարժական փորձառությունը»։ Հովհաննես սարկավագը կարևորեց ուսուցչի պատասխանատու դերը՝ ընդգծելով, որ մանկավարժը սովորեցնում է ոչ միայն պահպանել մայրենի լեզուն, այլև ապրել նրա մեջ, մտածել, ստեղծագործել և ճանաչել աշխարհը հայերենով։
Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց ԱՄՆ Արևմտյան թեմի բազմավաստակ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազանն օրվա պատգամը ձևակերպեց մեկ բառով՝ ծառայություն։ Պողոս առաքյալի նամակներից մեջբերելով ծառայության մասին մի հատված ընդգծեց, որ նա, ով կամավորաբար ստանձնում է ծառայության լուծը, արժանի է պատվի։ Այս խորհուրդը նա ուղղեց նաև հավաքված ուսուցիչներին, որոնք իրենց միտքը, սիրտը, հոգին և համբերությունն են ներդնում Աստծու սուրբ գործի՝ հայ մանուկի կրթության ու դաստիարակության մեջ։ Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց նրանց նվիրական աշխատանքը՝ շեշտելով, որ մանկավարժները ստանձնել են պատասխանատու և պատվաբեր ծառայություն։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գիտակրթական հանձնախմբի ատենապետ, դոկտոր Էլլի Անդրեասյանը։ Վերջինս անդրադարձավ Սփյուռքում մայրենիի ուսուցման նշանակությանը՝ այն դիտարկելով որպես մշակութային ժառանգության պահպանման և ազգային ինքնության ամրապնդման հիմնարար պայման։
Աշխատանիստի հիմնական զեկուցողներից մեկը հայոց լեզվի և գրականության բազմամյա ուսուցչուհի, մեթոդիստ Հասմիկ Հովհաննիսյանն էր։ Նա հանգամանորեն ներկայացրեց Սփյուռքում մայրենիի դասավանդման հիմնական նպատակները՝ ազգային ինքնության ու լեզվամտածողության պահպանումը, կենդանի և կիրառական լեզվի ձևավորումը, ինչպես նաև մայրենիի կապը գրականության ու պատմության հետ։
Հասմիկ Հովհաննիսյանն առանձնակի ուշադրություն հրավիրեց ուսուցչի դերին երեխայի ինքնուրույն մտածողության ձևավորման գործում։ Նրա համոզմամբ՝ լավ ուսուցիչը պարզապես գիտելիք չի փոխանցում, այլ աշակերտի մեջ զարգացնում է մտածելու և ինքնուրույն դատողություններ անելու կարողություն։
Բանախոսը անդրադարձավ նաև Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» գրքի «Հայաստանի բանալին» ստեղծագործությանը՝ ներկայացնելով դրա բովանդակությունն ու գաղափարական առանցքը։ Պատմվածքի հերոսը անգլիական արտասանությամբ հայերեն խոսող մի տղա է, որը հայրիկից խնդրում է իր համար Հայաստանի բանալին բերել։ Այս դրվագը Հասմիկ Հովհաննիսյանը կապեց Սփյուռքում մայրենիի պահպանման և ազգային ինքնության հիմնախնդրի հետ՝ շեշտելով, որ լեզուն ժողովրդի գոյության անքակտելի հիմքերից է։ Նա հիշատակեց նաև Կ. Դ. Ուշինսկու հայտնի միտքը՝ լեզուն ներկայացնելով որպես ժողովրդի գոյության և ինքնության առանցքային հենասյուն։ Իր ելույթը Հասմիկ Հովհաննիսյանն ավարտեց Ավետիք Իսահակյանի խոսքերով. «Հայաստանի բանալին հայոց լեզուն է»։
Հաջորդ թեմայի ներկայացնողը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն էր։
Պրոֆեսոր Գալստյանն իր ելույթում շեշտեց, որ ազգի գոյությունը միայն պետական սահմաններով չի չափվում. այն շարունակվում է այնտեղ, որտեղ ապրում են լեզուն, պատմական հիշողությունը և սերունդներին փոխանցվող հոգևոր արժեքները։ Այս համատեքստում նա մեջբերեց Պարույր Սևակի հայտնի խոսքը.«Վերհիշել անցյալը չի նշանակում տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա»։
Աշոտ Գալստյանի խոսքով՝ որտեղ էլ ապրի հայը, իր մեջ կրում է Հայաստանի ներկայի ձայնը՝ ազգային մշակույթի, մայրենի լեզվի և եկեղեցու միջոցով շարունակելով հայ ինքնության հարատև ուղին։ Ելույթի առանցքային թեմաներից էր նաև Սփյուռքի մեկօրյա դպրոցներում մայրենիի ուսուցման նոր մոտեցումների անհրաժեշտությունը։ Նա առանձնացրեց ժամանակակից ինտերակտիվ մեթոդների կիրառումը, ուսումնական ծրագրերում QR կոդերի ներառումը, ծավալուն բնագրերի նպատակային կրճատումն ու թվային գործիքների արդյունավետ օգտագործումը։

Անդրադարձավ նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին՝ նշելով, որ նոր թվային գործիքների միջոցով կարելի է ստեղծել հետաքրքիր կրթական ծրագրեր, վարժություններ և ուսումնական նյութեր՝ դրանք ժամանակակից սովորողի համար առավել մատչելի ու գրավիչ դարձնելով։
Բանախոսը նկատեց, որ կրթական միջավայրն արագորեն փոխվում է, և նախկինում արդյունավետ մեթոդները միշտ չէ, որ նույն ազդեցությունն են ունենում այսօրվա աշակերտի վրա։ Ուստի մանկավարժը ևս պետք է շարունակաբար զարգանա, յուրացնի նորարարությունները և կարողանա մայրենիի դասը դարձնել կենդանի, հետաքրքիր ու երեխայի առօրյային մոտ։
Հատկանշական է, որ այս տարվա համահայկական հավաքը համախմբել էր շուրջ 120 մանկավարժի։ Նրանցից շուրջ 60-ը ներկա էին Արևմտյան թեմի «Համբար» սրահում, իսկ մյուսները միացել էին առցանց՝ Հայաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Հնդկաստանից և ԱՄՆ տարբեր քաղաքներից։ Մասնակիցների այս լայն աշխարհագրությունը ևս մեկ անգամ վկայեց նախաձեռնության համահայկական ընդգրկման մասին։
Օրվա վերջին զեկուցողը կրթության ոլորտի մասնագետ, ծնողների շահերի պաշտպան և ֆինանսական գրագիտության ծրագրերի ղեկավար Մարիամ Ազոլյանն էր։
Նա խոսեց լրացուցիչ կարիքներ ունեցող երեխաների կրթության առանձնահատկությունների և անհատական մոտեցման անհրաժեշտության մասին՝ հատկապես կարևորելով ուսուցչի և աշակերտի միջև արդյունավետ հաղորդակցությունն ու փոխվստահության ձևավորումը։ Մարիամ Ազոլյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, հետևաբար արդյունավետ կրթությունը ենթադրում է ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլև սովորողի կարիքների, հնարավորությունների և անհատական առանձնահատկությունների ճանաչում։
Հավաքը եզրափակվեց Տերունական աղոթքով։ Մասնակիցներն օրվա ավարտին Սրբազան հորից ստացան առաջնորդարանի նոր հրատարակություններից և հեռացան հոգևոր օրհնությամբ և նոր ոգևորությամբ՝ պատրաստ իրենց պատասխանատու ու նվիրական ծառայությունը շարունակելու նոր ուսումնական տարում։
Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը ներկաներին շնորհավորեց գալիք ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ, արգասաբեր և ստեղծագործ տարի՝ լի մանկավարժական նոր ձեռքբերումներով, աշակերտների ուսումնատենչությամբ և մայրենի լեզվի հանդեպ սիրո նոր դրսևորումներով։
Հայերենի ուսուցիչների ամենամյա հավաքը կրկին փաստեց, որ Սփյուռքում հայոց լեզվի պահպանումն ու ուսուցումը զուտ կրթական խնդիր չեն։ Դրանք ազգային հիշողության պահպանման, մշակութային ժառանգության փոխանցման և հայ ինքնության շարունակականության կարևոր երաշխիք են։
Այսօր, երբ հայ երեխան մեծանում է բազմալեզու ու բազմամշակութային միջավայրում, ուսուցչի առաքելությունն առավել պատասխանատու է։ Մայրենին նոր սերնդին կապում է իր պատմության, մշակույթի, հավատքի և հայրենիքի հետ, իսկ ուսուցիչն իր գիտելիքով ու նվիրումով ամրացնում է այդ կապը։
Հայաստանի բանալին հայոց լեզուն է։ Եվ այդ բանալին սերունդներին փոխանցողներից են հայոց լեզվի նվիրյալ ուսուցիչները։
Անահիտ Ամիրյան
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի ուսուցչուհի
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով

Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Հայաստանի քաղաքական սերիալը. «Ալիևը խոսեց — մենք վերլուծեցինք».Արիս Քարամյան
Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)
ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՏՆՕՐԷՆՆԵՐՈՒՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
Երկակի Օրհնութիւն Սան Տիեկոյի Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ Մէջ

44-օրյա աղետի հիշատակությունը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը
Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը) նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար
Մեկնարկեց սփյուռքի ամենահեղինակավոր միօրյա վարժարանի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի նոր տարեշրջանը
Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.
Հայերենի ուսուցիչների ամենամյա հավաք
«Global Icon Award (Music)-2025»-ը շնորհվել է վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին
Լրացավ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական օծման և ձեռնադրության 45-ամյակը



