USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զրույց, որ շարունակություն ունի
2017-10-31 21:47:00
Տպել Տպել


Համլետ Մարտիրոսյան /հեռուստալրագրող/: Ձեր գործընկերները, ծանոթանալով Ձեր գրքերին, ի՞նչ կարծիքներ են հայտում, կա՞ն դժգոհություններ:
Նատաշա Պողոսյան: Առայսօր ոչ մի դժգոհության չեմ հանդիպել:
Համլետ Մարտիրոսյան: Իսկ նրանց համար ուղեցույց հանդիսանու՞մ են Ձեր գրքերը:
Նատաշա Պողոսյան: Կարծում եմ՝ մեծագույն ուղեցույց է, բայց հասանելի չէ շատերին, որովհետև ոչ բոլորն են արձագանքում: Նաև ասեմ ինչու՞: Դասարան եմ մտնում, աշակերտը երբեմն ասում է՝ դաս չեմ սովորել: Հարցը, թե ինչու չի սովորել, ասում է՝ ժամանակ չեմ ունեցել: Կամ տնային աշխատանքը չի գրում աշակերտը՝ պատճառաբանելով, թե ինչու պիտի ամառային արձակուրդներին տնային հանձնարարություն գրի: Հիմա հարց է ծագում, թե որքանով է ճիշտ, որ մենք ամառային արձակուրդներին տնային աշխատանք ենք հանձնարարում: Երբեմն ես աշակերտին կողմ եմ արտահայտում, նրա կողմնակիցն եմ դառնում: Կամ աշակերտը մեկ ուրիշ դասարանի դուռ ծեծում է, ես այնտեղ դասի եմ, ասում է շատ ծանր հոգեվիճակում եմ, տիկի՛ն Պողոսյան, պիտի ինձ օգնեք: Ու նրա ներքին ապրումների ականատեսն եմ դառնում: Աշակերտների հետ իմ հարաբերություններն այնքան մեղմ են, լավ, փոխհասկացված, որ երբեմն իրենց անձնական ապրումներն իմն են դառնում, բայց դրանք ոչ բոլորին են հասանելի:
Համլետ Մարտիրոսյան: Տիկի՛ն Պողոսյան, փաստորեն Ձեր մյուս գիրքն էլ նվիրված է Լևոն Ադյանի ստեղծագործություններին: Ադյանը մեր ամենասիրված, ճանաչված գրողներից է, բայց Ձեզ մոտ մտավախություն չկա՞, որ ասենք ներկայիս գրականագետները կարող են չհավանել Ձեր մեկնաբանությունները կամ լուսաբանումները:
Նատաշա Պողոսյան: Շատ հետաքրքիր հարց է: Նախ և առաջ՝ այս գիրքը ծնվեց այն օրվանից, երբ իմացա, որ մեր հայրենակից գրողը որդիների կորուստ ունի: Կարծես ցանկացա մխիթարել, ու միտք ծագեց: Դպրոցական տարիներից ընթերցել էի նրա ստեղծագործությունները, նորից վերընթերցեցի: Տեսա, որ որոշ վիպակներում շատ գեղեցիկ պատկերավորման արվեստ կա: Ինքս առաջարկեցի գրողին, նաև հարցրի, թե ուրիշները վերլուծած կա՞ն իր ստեղծագործությունները: Ասաց՝ եթե ցանկանում եք, փորձե՛ք վերլուծել: Ես շատ անհամարձակ, իհարկե, նաև հավատարիմ մնալով ուսուցչի իմ մասնագիտությանը, իմ առաջին փորձը «Իրիկնային աղջամուղջից» սկսեցի՝ իմանալով, որ այդ վիպակը գրողի ամենասիրելի ստեղծագործությունն է:
Կարելի է ասել, մի ներքին անհանգիստ դող ապրելով՝ գրեցի և ուղարկեցի իրեն՝ սպասելով, որ կասի՝ այս ի՞նչ եք գրել: Ու այնքան բարձր գնահատականի արժանացրեց, որ հիացա, նաև ոգևորիչ էր դա ու նաև այդ ամերիկյան կայքում տեղադրվեցին իմ վերլուծականները: Ապրումները կային, իհարկե, ես ո՞ր օրվա գրականագետն էի, ես ընդամենը ուսուցչուհի եմ, ով իր կարծիքը գրել էր այնպես, ինչպես ուսուցանում է իր աշակերտներին որևէ գրող անցնելիս, ինչպես դասավանդում է տվյալ դասարանում՝ գրողի պատկերավորման արվեստը բացատրելիս: Այդ իսկ իմացությամբ իմ վերլուծությունները կատարեցի՝ նաև սպասելով, որ կարող է բացասական հնչերանգ ունենա, բայց ուրախալի էր, որ չլսեցի, գուցե կային, բայց չարտահայտվեցին, չգիտեմ:
Նույնիսկ Ադյանի մանրաքանդակների իմ վերլուծությունը կարդացին Արցախի հանրային ռադիոյով, մտածեցի, որ ինչ-որ արժեք ունի ուրեմն, նաև այդ վերլուծությունները տպագրվեցին տարբեր մամուլներում՝ «Եղիցի լույսում», «Լուսարարում», «Ստեփանակերտ» թերթերում, նույնիսկ մեր շրջանային «Ջրաբերդ» թերթում: Ինձ համար ոգևորիչ էին այդ հրապարակումները, բայց նաև չեմ էլ ժխտում, որ լավագույն գրականագետների կողմից կարող էր բացասական հնչերանգ լիներ, նույնիսկ սպասում եմ, բայց չէ՞ որ ես ընդամենը ուսուցչուհի եմ: Ես ամեն օր գրում եմ, բայց ես լրագրող չեմ, ես հավատարիմ եմ իմ մասնագիտությանը: Նույն ձևով ես վերլուծականներ գրում եմ, բայց գրականագետ չեմ, ես ուսուցչուհի եմ մնում:

Համլետ Մարտիրոսյան: Շնորհանդեսին ուրիշ ելույթ ունեցողներ էլ եղան, շատերն էին ուզում իրենց բարեմաղթանքն արտահայտել իր գործի նվիրյալ ուսուցչուհուն, ով հայրենիքը շեն պահելու իր բաժին ծանրությունը կրում է պատասխանատվությամբ և սիրով: Տիկի՛ն Պողոսյան, անկախ նրանից, որ Դուք գրում եք, երկու գիրք եք հրատարակել, նաև տարիներ առաջ էլ հրատարակել էիք, Դուք Ձեզ գրո՞ղ չեք համարում:
Նատաշա Պողոսյան: Ո՛չ, երբե՛ք: Ամերիկայի գրողների միությունից ինձ ասացին, որ անդամատոմս են ուղարկելու: Ես մի նյութ գրեցի շնորհակալական խոսքով, որ նման ուշադրության են արժանացրել ինձ, բայց օրեր հետո մտածեցի, թե ի՞նչ գրող եմ ես, երբ ընդամենը իմ դպրոցի, իմ աշակերտների մասին եմ գրում: Իմ աշակերտի գեղեցիկ շարադրությանը, ասենք, ես գնահատական եմ տալիս, նրա պատմած դասի մասին կարող եմ կարծիք հայտնել կամ վերլուծություններ անել... Ի՞նչ գրողի մասին է խոսքը, երբևէ չեմ կարող լինել գրող, միշտ հավատարիմ եմ իմ մասնագիտությանը:

Ես «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գիրքը նվիրեցի Լևոն Ադյանի Մհեր և Զորայր որդիների հիշատակին: Այս գիրքը, իհարկե, մենք չկարողացանք ամբողջ Արցախի դպրոցներին բաժանել, բայց այն նվիրել եմ Մարտակետի շրջանի դպրոցներին, մեր աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, շատ-շատերին: Իսկ «Մանկավարժի օրագիրը» նվիրել եմ իմ աղջկան, նա ռուսաց լեզվի ուսուցչուհի է: Որպես մանկավարժի՝ սերնդափոխության ճանապարհին համարեցի, որ ինձանից հետո ուսուցչուհի կա մեր ընտանիքում:
Ասեմ, որ այս գրքերը հրատարակվել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության երաշխավորությամբ, մեր նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Լուսինե Ղարախանյանի խմբագրությամբ: «Մանկավարժի օրագրի» նախաբանը հենց Լուսինե Ղարախանյանի գնահատողական խոսքով է սկսվում, իսկ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գրքի առաջաբանի խոսքը պատկանում է Արցախի բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Բեկլարյանին:
Ընդ որում, ասեմ, որ այս գրքերի հրատարակության գործում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանի դերը շատ մեծ է: Նույնիսկ նախաձեռնությունը իրենն է, մենք «Մանկավարժի օրագրի» կազմի վրա նախատեսեցինք լավագույն աշակերտների նկարները տեղադրել. սա թերևս նորություն է...Նաև նորություն է, որ գիրքն ուսուցչուհին է գրել իր աշակերտների մասին: Այս գիրքն այնքանով է նորություն, որ առաջին մասն է հրատարակվել. սա շարունակական ընթացք է:
Ես հիմա չեմ կարողանում կանգնել, նաև այստեղ ներգործություն ունի Լոս Անջելեսի ամերիկյան «USArmenianews.com» հայկական կայքը, առավելապես մեծ ներդրում ունի այստեղ խմբագիր Գայանե Մանուկյանը, ամբողջ խմբագրակազմը, բոլորին իմ շնորհակալությունն եմ հայտնում: Որ բացեցին այդ «Մանկավարժի անկյունը» և իմ թևերը բացեցին, որպեսզի ես կարողանամ գրել, նաև պարտավորվածության զգացում կա, որ ինձ սպասում են նյութեր ուղարկեմ: Ու այսպես Մարտակերտը դարձավ տեսանելի, չգիտեմ, մարդ կլինի՞, որ չիմանա այդ մասին: Կա նյութ, որ այդ կայքում երեսուն հազարից ավելի ընթերցող է ունեցել:
Մեզ մոտ այցելել է այս շնորհանդեսին գրող Լևոն Ադյանը, տիկին Էլմիրա Ադյանը, միաժամանակ Լոս Անջելեսից այստեղ է այցելել Նելլի Ավակովա Գրիգորյանը, ում հովանավորությամբ հրատարակվել է «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գիրքը: Կարելի է ասել, որ նրանց այցելությունը զուտ այս շնորհանդեսին մանակցելն է, որն ինձ համար պատիվ է, նաև մեր հասարակության, մեր շրջապատի համար, որ մարդիկ կարողացել են այդքան երկար տարածությունը կտրել, գալ մասնակցել, ասենք, ժամուկես կամ երկու ժամվա միջոցառման՝ դրանով իսկ ուշադրություն սևեռել ուսուցչուհու աշխատանքին:
Համլետ Մարտիրոսյան: Բարեկամնե՛րս, ինձ հատկացված ժամանակի մեջ տեղավորվելու համար ներկայացրի միջոցառման ընդհանուր պատկերը, իսկ միջոցառումը լեցուն էր սիրով ու ջերմությամբ: Այսքանը, մինչ նոր հանդիպում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 12089 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook