USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ո՞վ է մեր օրերի ուսուցիչը...
2017-10-04 12:30:00
Տպել Տպել


Հոկտեմբերի 5-ը համարվում է ուսուցիչների և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոնը, ուստի շնորհավորում եմ բոլորին այս հրաշալի օրվա կապակցությամբ:
Ո՞վ է ուսուցիչը: Հարց, որ ամեն անգամ բարձրաձայնում եմ ու փորձում վերաարժևորել այս մասնագիտությունը կրող անձանց, ովքեր սերունդներ են կրթում, նորովի դաստիարակում գալիք օրերի հողի մշակներին, սահմանը պաշտպանող հայորդիներին...Տնտեսագետ չեն ծնվում և ոչ էլ՝ բժիշկ, երկրի նախագահն էլ դպրոցական կյանք է անցել, ու պատկառանքը ուսուցչի հանդեպ դարերն են ծնել, որ ծնրադրեն նրանց, ովքեր ուսուցիչ են կոչվել: Ու վեհագույն են դարձել նրանք, և խոնարհվել են նրանց առջև՝ որպես սրբության սրբոց:
Բայց ժամանակնե՞րն են փոխվել գուցե, որ երբեմն թերարժեքության զգացումն է իշխում ուսուցչի հանդեպ: Իսկ ես ուսուցչին տեսնում եմ ժամանակին համաքայլ, նոր օրերի աշակերտության հետ սիրով շաղկապված, փոխադարձ հասկացվածությամբ, իր օրինակելի կերպարով, իր անձի հանդեպ դեռահասի ցուցաբերած համակրանքով: Ուսուցիչն ինձ երևում է իր մանկավարժական նորարարությամբ, նրբանկատ ու ազնիվ վերաբերմունքով, երբեմն՝ դեռահասի հետ ունեցած հավասար իրավունքներով:
Ո՞վ է ուսուցիչը, ում բացակայությամբ անհանգստանում է աշակերտը, նույնիսկ հարցնում նրա որպիսությունը... Երբեմն վեհության պատվանդանից իջնել է պետք, որ դեռահասի բացահայտումին, թե «Դուք գեղեցիկ եք այսօր», կարողանաք ժպտալ: Գաղտնիքներ գիտե՞ք, որ աշակերտն է պատմել իր հույզերի մասին, որ թեթևանա հոգին: Երբեմն թաքուն, երբեմն անթաքույց սրբե՞լ եք աչքերը ձեր, որ արցունքով են մշուշվել նրանց հետ զրուցելիս: Աղաղակե՞լ եք երբեմն այն անարդարների դեմ, որ աշխարհ են քանդում, երկիր ավերում:
Բացե՛ք ձեր սրտի դռները, երբ օրենք պահողն է օրենքը խախտում, բացե՛ք դրախտի դռներն այն դեռահասների առջև, որ չհուսահատվեն, թե աշխարհն այս շատ նեղ է... Իսկ ո՞վ է այն ուսուցիչը, ում համար դասաժամի րոպեներն անգամ թռչում են սահուն՝ վայրկյաններ դարձած: Երբեմն խոստովանե՞լ եք այդ դեռահասներին, որ սիրում եք նրանց: Գուցե ծիծաղե՞ք նրանց հետ, երբ կատակում են, ու զսպում իրենց, որ ծիծաղ սպանեն: Անկեղծանալ է պետք երբեմն, որ սերը թևեր առնի, ու դեռահասի համար դառնանք ընդօրինակելի կերպար:
Ամենապատվաբեր աշխատանքն է ուսուցչի մասնագիտությունը, որին պետք է տիրապետել ու նվիրվել անհագուրդ սիրով: Այն ո՞վ է, որ երազել է իր ամբողջ կյանքում ուսուցիչ լինել, ու երազանքն այդ թևեր է առել, երբ դասարան է մտել: Մտքերի մեջ ընկած այն վերջին նստարանին նստած աշակերտին խոսեցրե՛ք երբեմն, որ կարող է ցնցվեք հանկարծ նրա մեկ բառով անգամ: Եթե լույսի սերմնացան ենք, ապա լույս փռենք այս սերնդի առջև, որ լուսավոր լինի նրանց անցնելիք ճամփան: Լուսավորենք նրանց միտքն ու հոգին, առ Աստված ուղղված աղոթքները մեր սուրբ հավատք դառնան, որ հոգիներ բուժեն:
Միշտ էլ մանկավարժի գործն ակնածանքով է գնահատվել հասարակության, ընդհանրապես՝ պետության կողմից: Ստեղծագործող ուսուցիչների հանդեպ առանձնակի ուշադրության կարիք կա, որ երբեմն անտեսվում է, երբեմն՝ ընկալվում: Դրա վառ ապացույցը սահմանամերձ բնակավայրում ապրող ուսուցչուհուս վերջերս հրատարակած գրքերն են, որ նվիրեցի ուսուցիչներին, աշակերտներին...Իմ «Մանկավարժի օրագիրը» դարձավ ուսուցչի նվաստացուցիչ աշխատավարձով նվիրատվություն, երբ պատկան մարմինները հրաժարվեցին այն հրատարակել:
Ուսուցիչն ո՞վ է...Մարդ, որ մտահոգ է սերնդի վաղվա օրով, ու այդ սերնդին սահմանից եկող կրակոցների արձագանքների տակ հայրենասիրության դաս է ուսուցանում: Այդ ուսուցիչն է գիրք ստեծելու ստեղծագործական պաթոսով այս սերնդին տանում դեպի ճշմարտություն, սերունդ, որ պատերազմի ականատես է և իր ուսուցչի գրքի հերոսն է դառնում ու ամուր կառչում այս հող ու ջրին: Այս սերունդն է, որ իր ուսուցչից դաս առած «ո՛չ» է ասում արտագաղթին ու պատերազմին, և հայացքը հառած ջինջ երկնքին՝ խաղաղություն է երազում: Այս սերունդն է մեր երկրի ապագան, նա էլ ամենքի հետ շնորհավորում է Ուսուցչի տոնը, ցանկանում բոլորին ստեղծագործական նորանոր վերելքներ:

«Ո՞վ է ուսուցիչը...»,- նորից կրկնում եմ ես ու դառնում մեկն այն հազարավորներից, ով խաղաղ ու անհոգ կյանք է երազում մեր երեխաների համար, որ պիտի դառնան այս երկրի սյունը, նրա ապագան:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 13698 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook