USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես հասկացա, որ գիրքը պետք է նվիրել գրքի հարգը իմացողներին
2017-09-13 09:30:00
Տպել Տպել

Նախապատրաստվում եմ կազմակերպել իմ գրքերի շնորհանդեսը, բայց ինչու՞ են չարենցյան տողերով Աբովյանի ներքին մտորումներն ինձ հետ այս օրերին, գրողի վերջին օրվա հոգու հույզերը, թե որքանով է ճիշտ եղել, որ գիրք է գրել ու թողել սերունդներին. «Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում. Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը...»:
Զրուցում եմ ինքս ինձ հետ, մենախոսում եմ շատ բարձրաձայն, ու իմ ասելիքը տարածական է դառնում, հասանելի շատերին, այն փռվում է ամենուր, որ հոգու կսկիծ է դառնում, մի ազնիվ նվիրում: Ես մենախոսում եմ, իմ անցած այն օրերի հետ եմ, երբ համացանցի լայն հնարավորություններից գաղափար անգամ չունեի: Ինձ համար անհասանելի մի տարածք էր սա, որի մասին չգիտեի, բայց հոգու խորքում մեծ ձգտում ունեի՝ գտնել մի ասպարեզ, որտեղ ասելիք ունենամ, նաև՝ լսարան: Ու գտա այն, գտա այս ընկերական տարածքը, որ իմ ներքին հոգու խմորումները տեսանելի դարձնեմ նրանց, լսեմ կարծիքներ, մտքեր փոխանակեմ...
Տարիների իմ մանկավարժական գործունեությունը դարձավ տեսանելի իմ շրջապատում, կամաց-կամաց այդ տեսանելիության տարածքներն ընդարձակվեցին, որտեղ դպրոցականներ կային կողքիս, ինձ հասկացող դեռահասներ, ու սեր կար մեր միջև, գեղեցիկ հարաբերություններ: Բայց լայնացավ այդ տարածքը, ու աշխարհից հեռու ծվարած Մարտակերտը տեսանելի դարձավ իր դպրոցով, իր աշակերտներով, այնտեղ դասավանդող ուսուցիչներով, իր անհանգիստ ապրումներով, ապրիլյան պատերազմական օրերով...
Ես ո՞վ էի, որ ձգտում էի գրել, ու իմ գրիչն իր արժանվույն տեղն ուներ այն հեռավոր ամերիկյան կայքի «Մանկավարժի անկյուն» գողտրիկ տարածքում, որտեղ բարեհամբույր մարդկանցով շրջապատված՝ շուտով ես ի տես դարձա շատերին: Ես ո՞վ էի, դասարանից դասարան մտնող ուսուցչուհիս, ով 92-ի փախստականի պիտակ ուներ իր հետ, օտար ափերի սառնություն, հայրենադարձի դժվարին կացություն, որ դպրոց էր մտել ու ցանկանում էր իր նորարարությամբ մի նոր ազատություն տալ դեռահասներին, որ ընկալելի չէր ոմանց համար:
Իմ էությամբ ես ազատ եմ, ու իմ ազատությունը տարածեցի ամենուր, որ իմ առջև նստած աշակերտն իր խոսքը հնչեցնի համարձակ, որ պիտի դառնար մեր երկուսիս միջև ազատ հիմքերի վրա դրված երկխոսություն: Երբեմն իմ աշակերտների աչքին ես գեղեցիկ էի դառնում, որ ժպիտով էի ընդունում, երբեմն ես մեկն էի, ով կարող էր տխրել, ու նրանք ինձ հետ էին...Մեր դասերն սկսվում էին միմյանց որպիսություն հարցնելով, նրանց հույզերն իմն էին դառնում, որ կարողանամ հուսադրել, կարոտս անչափելի էր դառնում, երբ հանդիպման սպասումն էր մեզ բաժանում:
Ուսուցչի ու աշակերտի միջև փոխադարձ սիրո ու հարգանքի վրա ստեղծված այս հրաշալի հարաբերությունը տեսանելի դարձրի, որը կդառնար մանկավարժի փորձ, ուսումնական գործընթացի գեղեցիկ նվիրում, գուցե նաև ուրիշների սեփականությունը՝ որպես ուղեցույց դրանով իսկ առաջնորդվելու դեպքում: Ես ցանկացա իմ աշակերտները երևան, իսկ նրանք ինձ համար այս հող ու ջրի ազնիվ նվիրումի կերպարներ էին, որ հպարտությամբ լցված՝ ի ցույց էի դրել աշխարհին: Ես ուսուցիչ էի, ով սիրում էր իր մասնագիտությունը և այդ իսկ սիրով տեսանելի դարձնում իր աշակերտների հոգում կատարվող տեղաշարժերը, որ կապված էին հիմնականում սահմանամերձ բնակավայրիս անհանգիստ ապրումներով:
Ու ծնվեց մտահղացումը՝ իմ բոլոր նյութերը գրքեր դարձնել, որտեղ կլինեն նաև իմ առջև նստած դպրոցականները: Այդ գրքերը պիտի ազդարարեին սերնդի հանդեպ ունեցած իմ մեծագույն հավատի մասին...Ու հրատարակվեցին այդ գրքերը, որ սեր ունեն թերթերի արանքում, դեռահասների շունչ կա այնտեղ, ազատ խոսք ու միտք, կյանք կա այնտեղ, բայց տխուր է հոգիս... Աբովյանի մտորումներն եմ հիշում, երբ ցավալիորեն կոտրել են սիրտս, բայց նախապատրաստվում եմ շնորհանդեսի:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 14865 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook