USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դադիվանքում ենք՝ միջնադարի վանական համալիրում
2017-07-03 00:09:00
Տպել Տպել

Վերջապես արձակուրդում ենք: Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենության ու մի շարք ուսուցիչների նպատակադրված ուխտագնացությունը դեպի Դադիվանքի եկեղեցի, իրականացվեց: Ն զորամասի կողմից տրամադրված ավտոբուսը տանում էր մեզ դեպի միջնադարի վանական համալիրը: Բնության ծոցում է ծվարած այն՝  Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ 
Հայացքս այն լեռների լանջերին թառած գյուղերն են, որ հեռվից հեռու տեսանելի են դառնում բոլորիս: Լռություն է շուրջդ, ներսուզված խոհերի մեջ, թվում է՝ շուտով կարթնանան այդ գյուղերը, ու կսկսվի հոգսաշատ կյանքը: Անուններն էլ ծանոթ են մեզ, հարազատական, բայց զարմանալի չէ նաև, որ հային քարաշատ երկիր է բաժին հասել ու լեռների ծերպերին գտնվող քարքարոտ բարձունքներ, որտեղ նա հիմնել է իր տունը ու ծառ տնկել...
Ինչպիսի~ բնաշխարհ...Վերանում, զմայլվում ես շրջապատի գեղեցկությամբ: Կողքիդ Թարթառն է կարկաչում, վեր խոյացած ժայռեր, դաշտային ծաղիկների ու դեռաբույսերի առատություն կա շուրջդ, ու կլանում ես բնաշխարհի այս գեղատեսիլ վայրի հրաշալիքները՝ ժամանակ առ ժամանակ հայացքդ հառելով այս կամ այն ուղղությամբ: Կենդանի ու հարաշարժ այս բնությունն իր բազում ձևերի մեջ ներդաշնակում է մարդու խոհերին, ու սփոփանք բերում մարդու հոգուն: Այն դառնում է բազմաթիվ գեղեցկություններ հայտնաբերելու անսպառ շտեմարան, որտեղ ննջում է իր խոհերի մեջ այս հնուց եկած վանքը:
Մեր քայլերը տանում են մեզ դեպի այդ աղոթարանը, ակնածանքով ենք մոտենում վանքին, իսկ այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում: Վառվող մոմերի կրակե լեզուներն իրենց ստվերն են գցում մեր դեմքերին, երկրիս խաղաղության համար աղերսները ձուլվում են մեր անձնական երազանքներին: Հալչող մոմերի առկայծումներին հառած իմ հայացքում անուններ կան, ու աղոթքի մրմունջներս արձագանքում են հոգուս մեջ ներսուզված մտածումներիս:
Նորից վանքի պատմությունն եմ թերթում: Ասում են, ավանդության համաձայն, եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից  Թադևոսի հետևորդ՝ Դադեի կողմից 1-ին դարում։ 12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել, և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։ Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ Այն ունեցել է 200 000 հա կալվածքներ, սակայն 1920 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանքային համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանքային համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին՝ վերաբացվել, իսկ 1999 թվականից սկսել են վերանորոգման աշխատանքները։ Ադրբեջանական ստոր քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը համարել են հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերել այն, ինչպես կարողացել են։
Վանքի որմերն էլ երկյուղածությամբ ենք շոշափում, սրբացված են ասես, որ իրենց խորքում միջնադարից եկած մրմունջներ ունեն՝ առ երկինք հառած: Մեր աշխարհն է սա, մեր սրբավայրը, և նրա գրկում հավերժանում ենք մենք՝ մեր հայացքներն այս լեռնաշխարհի գեղահրաշ բարձունքներին հառած:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 35030 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook