USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մտերմիկ զրույց երիտասարդ ուսուցչուհիների հետ
2017-06-19 02:08:00
Տպել Տպել


Դպրոցականների ամառային արձակուրդի օրեր են, իսկ մենք դպրոցում ենք... Իմ զրույցը մեր դպրոցի մի քանի ուսուցչուհիների հետ է: Ուզում եմ նրանց մանկավարժական գործունեությունից գրել, որ յուրովի տարբերվում է մեկը մյուսից: Իմ գրիչը թղթի վրա սևացնում է տողեր, որ երբեմն չեմ հասցնում անգամ արտաբերած նրանց խոսքը գրի առնել: Հարցերիս առանցքում նրանց դերն է, շրջապատում ունեցած ուշադրությունն ու հարգանքը, այն բոլոր դժվարությունները, որ առկա են այսօրվա ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքում:
Նալբանդյան Լուսինե - դասվար: «Ուսումնական գործընթացից դուրս ինձ չեմ տեսնում: Յուրաքանչյուր աշակերտի յուրովի սիրում եմ: Զարմանում եմ, նաև վիրավորվում, որ երբեմն ուսուցչի աշխատանքը չեն գնահատում, քանի որ այն սուրբ գործ է: Մարդ պետք է սիրի իր աշխատանքը և այդ սիրով էլ մտնի դասարան, ուսուցիչը պետք է լավատես լինի և ուրախանա իր գործընկերների հաջողություններով, նա իրավունք չունի շրջապատում անտեսի լավը, ինչ արդեն տեսանելի է շատերին»:
Ներսիսյան Անահիտ - ֆիզիկայի ուսուցչուհի: «Միշտ էլ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում նախընտրում եմ լինել ընկերական, նաև ընդունում եմ նրանց ազատությունը, բայց չպետք է թույլ տալ, որ չարաշահվի: Այսօրվա աշակերտին «անբավարար» գնահատելով չես կարող վախեցնել: Սիրում եմ իմ աշխատանքը, դա նկատելի է աշակերտների՝ իմ նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքով, առավել շատ յուրաքանչյուր դասարանում ուշադիր եմ լինում չար երեխաների նկատմամբ, երբեմն նույնիսկ նստում եմ նրանց կողքին»:
Ստեփանյան Լիանա - դասվար: «Քանի որ փոքրերի հետ գործ ունենք, դասվարի գործը շատ ավելի ծանր եմ համարում, նրանց հետ ես մայր եմ, երբեմն նույնիսկ պատահաբար ինձ այդպես են կոչում: Ես նրանց շատ եմ սիրում, ինքս էլ ընդունված եմ շատ լավ այդ երեխաների ու նրանց ծնողների կողմից: Նրբություններ կան, որ միշտ էլ հաշվի եմ առնում. երեխան տխուր է, անմիջապես կապվում եմ ծնողի հետ, իսկ այդ կապը ինձ մոտ շատ ամուր է: Սիրում եմ միջոցառումներ կազմակերպել, աշակերտներին տեսնել մեկ այլ միջավայրում»:
Ավետիսյան Նարինե - մաթեմատիկայի ուսուցչուհի: «Այսօրվա աշակերտների մոտ պակասում է աշխատասիրությունը, բանավոր խոսքը զարգացած չէ, մաթեմատիկական իմացությունը բնատուր շնորհ է նաև, բայց նկատելի է պասիվություն և անուշադիր վերաբերմունք առարկայի հանդեպ, առավելապես տեսանելի է աղջիկների մոտ, և միշտ էլ դա նկատել եմ: Առավել շատ ուսման նկատմամբ անտարբերությունն զգացվեց ապրիլյան պատերազմից հետո, այսինքն՝ երկրի անորոշ վիճակը անդրադառնում է նաև ուսման վրա»:
Բալայան Նաիրուհի - անգլերենի ուսուցչուհի: «Նոր օրերի աշակերտները չեն համապատասխանում մերօրյա կրթական չափորոշիչներին: Երեխաներն ուրիշ մտածելակերպ ունեն, բայց համակարգի պահանջներն ուրիշ են: Կցանկանայի դպրոցում լիներ հոգեբան, որպեսզի աշխատեր երեխաների հետ՝ չնայած յուրաքանչյուրս էլ հոգեբանի մոտեցում ունենք դեռահասի նկատմամբ: Շատ կցանկանայի ընթերցանության հանդեպ մեծ սեր լիներ»:
Անդրյան Հերմինե – դասվար: «Առաջին հերթին ուսուցիչն իր դերում պիտի լինի, եթե աշակերտի մոտ պահանջկոտություն կա, դա ավելի հետաքրքրիր է դարձնում մեր աշխատանքը: Չեմ սիրում, երբ ասում են այսինչը վատ աշակերտ է, այդպիսի աշակերտ չի լինում, պետք է նրա մեջ լավը տեսնել: Ուսուցչի աշխատանքի դժվարությունը կայանում է նրանում, որ նա պիտի կարողանա մոռանա իր անձնական հույզերը, երեխայի միամիտ մի հարցն անգամ կարող է տրամադրություն փոխել: Բազմաթիվ նրբություններ կան, որ ազդում են փոխադարձ հարաբերությունների վրա»:
Թեման ընդարձակ է, բայց յուրաքանչյուրի համառոտ խոսքում նկատում եմ, որ ճշմարտություն կա, նաև համոզմունք, որ մասնագիտության հանդեպ սերն ու նրբանկատ մոտեցումը դեռահասին՝ կտա արգասաբեր արդյունք, որն էլ կդառնա ցանկացած մանկավարժի հաջողության գրավականը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 36292 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook